Եկեղեցին կիրականացնի մանկապիղծի հոգեհանգիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մանկապղծության մեղադրանքով  2011 թվականին 15 տարվա ազատազրկման դատապարտված և սեպտեմբերի 21-ին «Նաիրի» ԲԿ-ում մահացած Սերոբ Տեր-Պողոսյանի դին դեռևս պարզ չէ` ում է հանձնվել, կամ արդեն հանձնվե՞լ է, թե՞ ոչ:

Այս մասին Armlur.am-ին տեղեկացրեց Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը` հավելելով, որ իրենց որևէ ինֆորմացիա չի տրվել Ս. Տեր-Պողոսյանի դիակի հանձման վերաբերյալ:

Գոռ Ղլեչյանի փոխանցմամբ` Սերոբ Տեր-Պողոսյանի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության պատասխանը ևս առայժմ չի տրվել:

Տեղեկացնենք, որ երբ Տեր-Պողոսյանը Հրազդան քրեակատարողական հիմնարկում իր պատիժն էր կրում, նրա սեփականությունը տնօրինում էր կինը` Մադլեն Թաշճյանը: Սակայն վերջինս արդեն տևական ժամանակ է` անհետացել է Հայաստանից, և ոչ ոք տեղյակ չէ, թե որտեղ է նա գտնվում: Հաշվի առնելով կնոջ բացակայությունը և ժառանգներ չունենալու հանգամանքը` հնարավոր է` ամերիկահայ գործարարի դին հանձնվի եղբայրներին` Պարույրին և Րաֆֆուն:

Armlur.am-ի հետ զրույցում Մայր Աթոռի մամլո դիվան Տեր Վահրամ քահանա Մելիքյանը տեղեկացրեց, որ եթե անձը մկրտված է, հոգեհանգիստ անելու արգելք չկա:

«Միայն ինքնասպանության դեպքում է, որ եկեղեցին որևէ ծես չի կատարում»,- հավելեց Վահրամ քահանա Մելիքյանը:

Հիշեցնենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանին 2012 թվականին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է ազատազրկման 15 տարի ժամկետով:

Մեղադրական եզրակացության համաձայն` նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որ կատարվել են անչափահասի նկատմամբ, և նույն հոդվածի 3-րդ մասով` սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որ կատարվել է տասնչորս տարին չլրացած տուժողի նկատմամբ:

Սերոբ Տեր-Պողոսյանը 2004-2010 թվականների ընթացքում իր հետ համասեռամոլությամբ զբաղվելու ու սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու համար Ախթալա քաղաքի անչափահասներից, սեռական ոտնձգության զոհերի հարմար թեկնածուներ ընտրելու նպատակադրվածությունից ելնելով, տարբեր պատրվակներով կատարել է դիտարկումներ, այդ թվում` կինո և ֆոտո նկարահանումներ:

Տեր-Պողոսյանը դիտարկումների արդյունքում ընտրված մի շարք անչափահաս, այդ թվում` սեռական հասունության չհասած տղաների հետ զբաղվել է համասեռամոլությամբ և սեքսուալ բնույթի այլ գործողություններով:




Լրահոս