Ոսկու նոր հանքավայր` սահմանագոտու հարևանությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակիչներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մի ընկերություն Վազաշենի պղնձի եւ ոսկու հանքավայրում աշխատողներ է ընդունում՝ խոստանալով բարձր աշխատավարձ:

Տեղեկության հետքերով զանգահարեցինք Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանին, ով ասաց, որ իրենց գյուղից ընդամենը 3 կին է աշխատանքի ընդունվել: Այդ կանայք ճաշ են պատրաստում ընկերության 10 աշխատակիցների համար:

Վերջիններս Վազաշենի հանքավայրից նմուշներ են վերցնում, ուսումնասիրում: Այդ աշխատակիցները գիշերում են Վազաշենի տարածքում գտնվող, նախկինում Հայաստանի մինիստրների խորհրդին պատկանած պանսիոնատում, որը, մեր տեղեկություններով, սեփականաշնորհվել է Միքայել Բաղդասարովի կողմից:

Անցյալ տարի, երբ քննարկվում էր Վազաշեն-Պառավաքար 3,2 կմ երկարությամբ սահմանագոտու վտանգավոր հատվածները շրջանցող ճանապարհի կառուցման հարցը, լուրեր տարածվեցին, թե պետական բյուջեի միջոցներով այդ ճանապարհը կառուցվում է ոչ թե սահմանի այդ հատվածում երթեւեկի անվտանգությունն ապահովելու, այլ՝ ոսկու եւ պղնձի հանքավայրը շահագործելու նպատակով: Վազաշենի գյուղապետն ասաց, որ հանքավայրը կառուցվող շրջանցիկ ճանապարհից ավելի ցած ընկած հատվածում է գտնվում: Լորիկ Բադիրյանի վկայությամբ՝ եթե որոշվի հանքավայրը շահագործել, ապա Վազաշենի վարչական տարածքում գտնվող, անտառային նշանակության այդ հողերի կադաստրային նշանակությունը կփոխվի, եւ դրանից հետո հնարավոր կլինի հանքավայրը շահագործել:

Բադիրյանի խոսքով, հանքավայրն ավելի շատ պղինձ է պարունակում, քան ոսկի: Գյուղապետը, սակայն, չգիտեր այն ընկերության անունը, որը պատրաստվում է հանքավայրը շահագործել։ Վազաշեն համայնքի ղեկավարը միայն ասաց, որ այդ գործում ներգրավված է օտարերկրյա ներդրող:




Լրահոս