ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՐԴԱԼՎԻՃԸ ԷՌՆԵԿՅԱՆԻ ԱՅԳԻՆԵՐԻՑ Է ՏԱՐԱԾՎԵԼ

ՀՀ կառավարությունը նախօրեին Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը հատկացրել է 8 մլն դրամ: Այդ գումարը ծառայելու է Արմավիրի մարզի Աղավնատուն եւ Գայ համայնքների խաղողի 0.77 հա այգետարածքներում հայտնաբերված որդալվիճի դեմ պայքարի միջոցառումների իրականացմանը:

ՍԱՊԾ բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանի խոսքով՝ Տավուշի մարզը դեռեւս 1926 թվականից ֆիլոքսերա վնասատուով վարակված է: Թեեւ Արարատյան դաշտավայրը համարվում է ֆիլոքսերազերծ գոտի, սակայն անցած երկու տարում այս վնասատու միջատը ներխուժել է նաեւ այստեղ:
Նշենք, որ ֆիլոքսերա վնասատուն կամ որդալվիճը, որի հայրենիքն ԱՄՆ-ն է, դեղնականաչավուն, կնճիթավոր, մինչեւ 1,2 մմ երկարությամբ միջատ է: Բնադրում է հիմնականում խաղողի արմատների մոտ: Ֆիլոքսերայի թքի ֆերմենտների ազդեցությունից խաղողի արմատների վնասված մասերի հյուսվածքները վերաճում են ուռուցքների, արմատները ճաքճքում են` առաջացնելով խոցեր, ուր թափանցոմ են միկրոօրգանիզմներ եւ փտեցնում դրանք: Վարակված վազերը չորանում են կամ չեն պտղաբերում 5-10 տարի:Կարճ ասած` որդալվիճը մեծ վտանգ է ներկայացնում խաղողագործության համար: Նշենք, որ յուրաքանչյուր տարի այս խնդրի հետ կապված ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն մոնիթորինգ է իրականացնում հանրապետության ողջ տարածքում:
«Մենք ֆիլոքսերազերծ գոտում հայտնաբերել ենք ֆիլոքսերա: Եվ որպեսզի թույլ չտանք, որ Արարատյան դաշտավայրը վարակվի այս վնասատուով, մենք պայքարի միջոցներ ենք ձեռնարկել, որ լոկալիզացնենք հետագա տարածումը: Ֆիլոքսերայի դեմ արդյունավետ պայքար որպես այդպիսին իրականում գոյություն չունի: Սրա դեմ պայքարելու, օջախը վերացնելու եւ հետագա տարածումը բացառելու համար միմիայն պետք է այգին ոչնչանա»,- ներկայացրեց ՍԱՊԾ բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը: Ֆիլոքսերայի դեմ պայքարի միջոցառման ընթացքում այգին առնվազն երեք տարի չի օգտագործվում, ինչի համար կառավարությունը յուրաքանչյուր մեկ հա-ի հաշվով տվյալ հողօգտագործողին ամեն տարի 1 մլն դրամի չափով փոխհատուցում է տրամադրում:
Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ 2009-ին Արմավիրի մարզի Գայ համայնքում որդալվիճով վարակված 3 հա այգի է հայտնաբերվել, բայց համապատասխան գործողությունները իրականացվել են միայն 0.75 հա-ում, քանի որ գյուղացիները թույլ չեն տվել` ցածր փոխհատուցման պատճաով:
«Մենք ամեն տարի մեր առեւտրային գործընկեր երկրներին ներկայացնում ենք երկրի բուսասանիտարական վիճակը: Եթե դա չներկայացնենք, ապա մեր երկրից ոչ մի պետություն բուսական սնունդ չի ընդունի»,-բացատրեց նա:
Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնի տնօրեն Ֆիրդուսի Հարությունյանը եւս նույն կարծիքին է. ֆիլոքսերայի վերացման միակ ճանապարհը այգին քանդելն է, քանի որ սա մեծ վտանգ է ներկայացնում խաղողագործության համար: «Ֆիլոքսերայով վարակված այգիները հիմնականում հյուսիս-արեւլյան գոտում են լինում՝ Տավուշի մարզում: Այգին քանդել ու այրել, այլ եղանակ չկա: Դա եթե Արարատյան դաշտավայրում տարածվեց, ապա համոզված եղեք, որ խաղողագործությունն իսպառ կվերանա: Պետք է վաղ կանխել: Էդուարդո Էռնեկյանն իր այգիների համար Արեւլյան Ֆրանսիայից, Լեռնային Ղարաբաղից էլ տնկիներ բերեց, դրա համար էլ այս վիճակում հայտնվեցինք»,- նկատեց պարոն Հարությունյանը:
Նրա խոսքով՝ առաջին հերթին պրոֆիլակտիկ կարանտին միջոցառումներ է պետք ձեռնարկել, որպեսզի կարողանան ավելի վաղ կանխել այդ վնասատուի տարածումը: «Շատ հնարավոր է, որ դա այս պահին լինի նաեւ հարեւան մյուս համայնքներում, որովհետեւ դա խիստ բազմացող միջատ է, եւ հնարավոր է, որ այն վաղ տարածվի: Նույնիսկ Ֆրանսիայում միլիոնավոր հեկտարներ ոչնչացրել են այդ վնասատուի պատճառով: Էռնեկյանի` խաղողի այգիներ հիմնելուց հետո, խիստ հսկողություն չեղավ, մինչդեռ նախկինում` տարիներ առաջ, հսկողությունն ուժեղ էր ու կարանտին բոլոր միջոցառումները ժամանակին էին կատարվում: Թեկուզ մեկ տնկին էլ կարող է վարակ տարածել: Այլ տարբերակ չկա. այրել այգին»,- ներկայացրեց Հարությունյանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 

 

ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԸ` ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄԱՐԶԻՉ

Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը, ով վթարի հետեւանքով ողնաշարի վնասվածք էր ստացել եւ թողել ակտիվ սպորտը, վերջերս նշանակվեց Հայաստանի ծանրամարտի պարմանուհիների եւ օրիորդների հավաքականի գլխավոր մարզիչ: Իսկ Արտաշես Ներսիսյանն այսուհետ կմարզի միայն կանանց հավաքականը:

Հիշեցնենք, որ չեմպիոնուհին մեծացնում է երեքամսյա որդուն՝ Վաչեին։ Եվ հենց որդու մասին հարցով էլ սկսեցինք մեր զրույցը աշխարհի չեմպիոնուհու հետ։
-Կցանկանայի՞ք, որ Ձեր որդին ծանրամարտիկ դառնա։
-Այսօր դարձավ երեք ամսական, մեծանում է, ամեն ինչ նորմալ է, արդեն զգացվում է, որ լավ ֆիզիկական տվյալներ ունի։ Իհարկե, դեռ շատ վաղ է խոսել այդ մասին. երբ որ կմեծանա, ինքը կկատարի իր ընտրությունը։ Բայց, ճիշտն ասած, իմ երազանքն է, որ նա արվեստի մարդ դառնա։
-Երեխային պահելու հարցով հիմնականում ո՞վ է զբաղվում
-Ես ու մեր ընտանիքի անդամները։
-Բժիշկները կտրականապես արգելել են Ձեզ զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով՝ ծանրամարտով։ Դժվա՞ր էր համակերպվելն այդ մտքի հետ:
-Ես մրցասպարեզ վերադառնալու, ավելին՝ օլիմպիական խաղերին մասնակցելու, հաղթելու հույսս չէի կորցնում, բայց… Հիմա արդեն բալիկ ունեմ եւ, ավելի շատ հանուն նրա, չեմ ուզում անպատասխանատու քայլերի դիմել։ Ամեն դեպքում կմնամ սպորտում` այլ կարգավիճակով։
-Տեղեկացանք, որ նշանակվել եք Հայաստանի ծանրամարտի պարմանուհիների եւ օրիորդների հավաքականի գլխավոր մարզիչ։ Այդ աշխատանքին ե՞րբ եք անցնելու, արդյոք կա՞ն հավաքականի թեկնածուներ։
-Ես արդեն անցել եմ աշխատանքի։ Մարտի 2-ին մրցումներ են լինելու, կգնամ-կնայեմ, կտեսնեմ՝ ով ինչի է ընդունակ, կծանոթանամ մարզուհիների հետ, կաշխատեմ նրանց հետ, իմ փորձը կփոխանցեմ… Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի։ ճիշտ է, մարզիկ լինելը մեկ բան է, մարզիչը՝ լրիվ այլ, բայց ամեն ինչ սկիզբ ու նաեւ վերջ ունի։ Հավաքականի մարզիչներն էլ սկզբում կօգնեն՝ մինչեւ որ ես հունի մեջ ընկնեմ։
-Ի՞նչ տպավորություններ ստացաք Հայաստանի կանանց եւ տղամարդկանց՝ վերջերս ավարտված առաջնությունից։
-Չէի պատկերացնում, որ աղջիկներն այդքան աճել են, բացի այդ, մտածում էի՝ ավելի քիչ կլինեն։ Նրանք աստիճանաբար շատանում են, եւ արդեն ավելի լավ ընտրություն կարելի է կատարել։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՀԵՏԱՁԳԵՑԻՆ

Երեկ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ «Ձեռքերդ հեռու հղիների գրպանից» նախաձեռնությունը «Չենք վճարելու» եւ «Հերիք եղավ» պաստառներով բողոքի ակցիա անցկացրեց ակտիվիստների, հղի կանաց եւ մայրերի հետ: Նշենք, որ հղիները բողոքում են ընդդեմ հղիության ախտաբանության համավճարի` ԱՆ որոշման, թեեւ նախարարությունը նախօրեին հայտարարություն էր տարածել որոշումը չեղյալ հայտարարելու մասին: Հիշեցնենք, որ ամբուլատոր պոլիկլինիկական մի շարք ծառայությունների՝ վճարովի դառնալու ծրագիրը կիրառվելու էր միայն Երեւանում: Իսկ լրացուցիչ գումարները տնօրինելու էին ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունները, 50 տոկոսն ուղղվելու էր աշխատավարձի ֆոնդին, իսկ գումարի մյուս մասը` պոլիկլինիկաների տեխնիկական հագեցվածությանը եւ ծառայությունների որակի բարելավմանը: Երեկ բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը հանդիպեց մի քանի ակտիվիստների հետ եւ հայտարարեց, որ նման որոշում քննարկելու եւ ընդունելու նպատակը միմիայն ստվերի դեմ պայքարն է եղել: Սակայն ակցիայի մասնակիցները նշեցին, որ ներկայացված պատասխաններն իրենց չեն գոհացնում: Ավելի ուշ պարզ դարձավ, որ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, խորհրդակցելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որոշում է կայացրել Երեւանում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում լաբորատոր-գործիքային հետազոտությունների համավճարի ներդրման մասին հրամանի կիրառումը հետաձգել մինչեւ հուլիս: ԱՆ-ի պաշտոնական կայքէջից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախարարությունը եւս մեկ անգամ կվերլուծի ներդրվող համակարգը, որպեսզի այն որեւէ կերպ չվնասի ոչ միայն սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկվածներն, այլեւ բոլոր ոչ վճարունակ շահառուներին:

 

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՏՈՆ

Կիրակի երեկոյան Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում կկայանա Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Իսկ երկուշաբթի օրվանից «Էլիտ-պլազա» համալիրում կմեկնարկեն խաղերը` 11 տուր: Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված մրցաշարին մասնակցելու են 27 երկրների մոտ 270 շախմատիստներ, այդ թվում` շուրջ 130 գրոսմայստերներ: Եվրոպայի առաջնությանը չեն մասնակցի Ադրբեջանի շախմատիստները, որոնք հրաժարվել են Հայաստան գալուց: Իսկ ահա Թուրքիայից կլինեն 10 ներկայացուցիչներ:




Լրահոս