ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՔՍԱՅԻՆԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը երեկ խոստովանել է. Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ու ռուսական ռուբլու արժեզրկումը կարող են բացասական հետեւանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար:

«Առաջին խնդիրը վերաբերում է տրանսֆերտներին, որովհետեւ արժեզրկված ռուբլու պարագայում մենք ավելի քիչ տրանսֆերտներ ենք ստանում: Երկրորդ՝ կարող են արտահանման հետ կապված խնդիրներ լինել, որովհետեւ ռուբլու էժանացումը չի հանգեցնում մեր արտահանման նպաստմանը, այլ հակառակը»,- ասել է նախարարը:
Ավանեսյանի այս պնդումները միանգամայն տրամաբանական են ու հիմնավոր. ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհնար է չհամաձայնել նրա հետ: Սակայն այս պնդումներից հետո բնական հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված «վերջին բոլշեւիկի»` «պիոներիկի պատրաստակամությամբ» նախանձելի արագությամբ Հայաստանը Մաքսային միություն տանելը: Ընդ որում, երեկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հայտարարել է, թե իր կարծիքով՝ այս տարի Հայաստանի անդամակցության գործընթացը կձեւակերպվի իրավաբանորեն: «Կարելի է ասել, որ դեկտեմբերի գագաթաժողովին հաջորդած երկու ամիսների ընթացքում Հայաստանը նախատեսվածից մեծ առաջընթաց է արձանագրել «ճանապարհային քարտեզի» իրականացման հարցում: Ես լավատեսորեն եմ տրամադրված Հայաստանի՝ մինչ անդամակցությունն անհրաժեշտ ճանապարհային քարտեզի 260 կետերի եւ ծավալի իրականացման հնարավորության եւ ունակության հարցում»,- իր հերթին ասել է նա:
Նկատենք, որ եթե ռուսական տնտեսության մեջ տեղի ունեցող վայրիվերումները դեռ ՄՄ չմտած են ազդում ՀՀ-ի վրա, ապա ՄՄ մտնելու դեպքում հետեւանքները կարող են ավելի զգալի դառնալ: Վահրամ Ավանեսյանը երեկ այս առնչությամբ հայտարարել է. «Բնականաբար, տարբեր գնահատականներ կան, թե ինչ կկատարվի ռուսական արժույթի հետ, բայց մենք մեր տեսանկյունից պետք է հնարավորություն ունենանք հասկանալու դրա երկարաժամկետ ազդեցությունը մեր տնտեսության վրա: Եթե իրավիճակը կարճաժամկետ է, ապա քաղաքականության էական փոփոխություն չենք կարող անել, եթե ավելի երկարաժամկետ խնդիր է, ապա պետք է անպայման նայել տնտեսական քաղաքականության փոփոխության հարցը»:
«Ժողովուրդ»-ի հարցին, թե այսքանից հետո իշխանություններն ինչպես են գնում Մաքսային միություն, ՀՀԿ-ական, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց. «Կան կարճաժամկետ ու երկարաժամկետ պրոցեսներ»: Իսկ ռուսական ռուբլու արժեզրկումը, նրա խոսքերով, կարճաժամկետ խնդիր է: «Դրա արդյունքում շուկան չի վերանա, այն շուկան, որտեղ արտահանվելու եւ իրացվելու են հայկական ապրանքները: Այնպես որ, ձեր նշած պրոբլեմները չեն կարող ազդել հայկական արտադրանքի արտահանման ու իրացման վրա»,- նշեց Մինասյանը:
Սակայն Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի նախագահ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պնդեց. «Մաքսային միության տնտեսական հզորությունը կերեւար այն ժամանակ, երբ այդ միության մեջ լիներ նաեւ Ուկրաինան: Այդ երկիրը մեծ դեր էր կատարելու ՄՄ-ում: Ուկրաինան չի անդամակցելու ՄՄ-ին, դրան ավելացել է նաեւ ՌԴ տնտեսության անկայունությունը, երբ երկուշաբթի օրը միանգամից 15-20 տոկոսով արժեզրկվեցին ռուսական տարբեր ընկերությունների բաժնետոմսեր: Նման պայմաններում գնալ Մաքսային միություն, նշանակում է նաեւ դրամի արժեզրկում ու գնաճ: Մենք ավելի լուրջ պրոբլեմների մեջ ենք հայտնվելու: Իսկ գործող իշխանությանը այդ ամենը չի հետաքրքրում, նրանք այս ամենը չեն հաշվարկում` մեկ պարզ պատճառով. այս գործընթացի նկատմամբ նրանց պատասխանատվության աստիճանը հավասար է զրոյի»:
Նա անդրադարձավ նաեւ ՌԴ տնտեսության մեջ տեղի ունեցող երեւույթների` ՀՀ-ի վրա թողած ազդեցությանը. «Մեր տնտեսության կախվածությունը ՌԴ տնտեսությունից այնքան մեծ է, եւ շնորհիվ այս կառավարության վարած տնտեսական քաղաքականության, վերջին տարիներին այնքան է մեծացել, որ այնտեղ տեղի ունեցող ցանկացած իրադարձություն իր ազդեցությունն է ունենում հայկական տնտեսության վրա: Ընդ որում, Հայաստանի տնտեսությունը չունի այնքան հնարավորություն, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռք առնի, տնտեսական լծակներով մեղմի ռուսական ճգնաժամի ազդեցությունը»: Վ.Խաչատրյանի խոսքերով՝ Հայաստանի տնտեսական համակարգի դիմադրողականությունը զրո է: Այնպես որ, առաջիկայում բավականին լուրջ խնդիրներ են սպասվում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՆԱՀԱՆՋԻ ՏԵՂ

Կառավարությունը երեկ թեեւ բացասական եզրակացություն չի տվել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի` «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, բայցեւ՝ նահանջի տեղ է թողել: Բագրատյանն առաջարկել է գործող օրենքի դրույթները` ավանդների երաշխավորւմը եւ հատուցումը տարածել նաեւ իրավաբանական անձանց վրա: «Ցանկացած պարտադիր վճարի սահմանում մեր երկրում դիմադրության է արժանանում: Առանց մասնակցիների հետ քննարկելու նման նորմեր չի կարելի սահմանել: Ե՛վ առեւտրային բանկերի, ե՛ւ ձեռնարկությունների հետ պետք է քննարկել նախագիծը, չնայած որ փաստարկների հետ մենք համաձայն ենք»,-ասել է վարչապետ Տ. Սարգսյանը: Այսքանից հետո, թերեւս, չի բացառվում, որ կառավարությունը խորհրդակցություններից հետո հանկարծ հայտարարի, որ, օրինակ, բանկերը դեմ են նախագծին, նույնիսկ` կազմակերպի նրանց կողմից որոշակի «ընդվզում»: Մանավանդ որ, բանկային համակարգը գտնվում է անձամբ Տիգրան Սարգսյանի տիրապետության տակ, եւ ինքն է այնտեղ «պայմաններ թելադրում»: Երեկ Բագրատյանը հրաժարվեց մեկնաբանել այս որոշումը՝ այդ մասին խոսալը համարելով վաղ:

 

ՆՎԻՐԵ՞Լ Է

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանն իրեն պատկանող ԱԺ (060oo11) համարանիշը տվել է ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանին (Սասի Արտակ): Թե ինչով է պայմանավորված Մարգարիտ Եսայանի այս բարեհոգությունը Ա. Սարգսյանի նկատմամբ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հենց տիկին Եսայանից: «Երկու տարի առաջ է եղել ու բոլորը դրա մասին գրել են, դա նորություն չէ, ես մեքենա չունեի, ինքը խնդրեց, իրեն պետք էր, ես էլ տվել եմ: Մենք լավ հարաբերություններ ունենք Արտակի հետ՝ վաղուցվանից: Դեռ լրագրող լինելու ժամանակվանից»,-հայտարարեց պատգամավորը:

 

ՂՐԻՄԸ ԳՆԱՑ

Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդը երեկ որոշում է կայացրել անջատվել Ուկրաինայից ու միանալ ՌԴ-ին: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ 100-հոգանոց խորհրդարանի նիստին ներկա է եղել 78 պատգամավոր, որոնք միաձայն կողմ են քվեարկել որոշմանը: Տեղի ունեցածից անմիջապես հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս հարցով Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Իսկ ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի ճանաչում այդ որոշումը: Բացի այդ, նախօրեին Փարիզում Ուկրաինական ճգնաժամի հաղթահարման նպատակով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպումը 12 ժամ անց վերսկսվել է Հռոմում: Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ հանդիպումն ավարտվել է առանց շոշափելի արդյունքների: «Առայժմ մենք չենք կարող միջազգային հանրությանը հայտնել, որ կարողացել ենք համաձայնության գալ Ուկրաինայի խնդրում»,-Հռոմի բանակցությունների ավարտին հայտարարել է Քերրին:

 

 

 

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ՍՈՒՂ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐ

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաեւ ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» ՀՀ բարձրագույն կոչում ստացած կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված անձի ընտանիքին ամենամսյա պարգեւավճարի նշանակման եւ վճարման կարգը: Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի պարգեւավճարի չափը սահմանվել է 250 հազար դրամ, զոհված` առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված անձի ընտանիքի պարգեւավճարի չափը` 150 հազար դրամ, երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված անձի ընտանիքի պարգեւավճարի չափը` 100 հազար դրամ: Որոշումը տարածվում է 2014թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ԱՌԱՆՑ ԴԻՄԵԼՈՒ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խնամին` Հրանտ Սուվարյանը, եւ դուստրը` Նարինե Սարգսյանը, դատի են տվել «Առավոտ»-ին: Գործն ընդունվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ: Հայցի առիթը Aravot.am-ի՝ փետրվարի 7-ի «ՀՀ վարչապետի դուստրն ու խնամին տիրացել են իմ ունեցվածքին» հրապարակումն է, որում գրված է. «Քաղաքացիներ Սուսաննա Դավթյանն ու Լեմբերիկ Խաչատրյանը պատմում են, թե ինչպես են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դուստրն ու խնամին` ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանն ապօրինաբար տիրացել իրենց քարե շինությանը»: Armlur.am-ի հետ զրույցում Aravot.am-ի խմբագիր Աննա Իսրայելյանը հայտնել է, որ «Առավոտ»-ի՝ այս թեմային առնչվող երկու հրապարակումներում էլ ներկայացված են ինչպես բողոքող կողմի փաստարկները, այնպես էլ՝ հակառակ կողմի հակափաստարկները: «Մենք անգամ տեսանյութերն ունենք, եւ մեր կողմից որեւէ գնահատական կամ դիրքորոշում` թեմային առնչվող, չի ներկայացվել: Սակայն, առանց խմբագրություն դիմելու, նրանք միանգամից դիմել են դատարան»:

 

ՊԵԿ-Ն ՕՐԵՆՔ Է ԽԱԽՏԵԼ

ՄԻՊ գրասենյակի տեղեկացմամբ` Երեւանի բնակիչը 1999 թ. եւ 2011թ. գնել է ավտոմեքենաներ եւ երկու մեքենաներն էլ վաճառել 2012 թ.: Մեկ տարի անց նա ծանուցագիր է ստացել հարկային մարմնից եւ տեղեկացել, որ քանի որ նույն տարում վաճառել է 2 ավտոմեքենա, պետք է ներկայանա հարկային տեսչություն եւ վճարի ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումար՝ տուգանքներով եւ տույժերով: ՄԻՊ գրասենյակում, սակայն, գտնում են, որ Պետական եկամուտների կոմիտեի պահանջը անօրինական է, քանի որ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքից բխում է, որ հարկի վճարման պարտավորություն առաջանում է այն դեպքերում, երբ վաճառվում են նույն տեսակի առնվազն երկու այնպիսի գույք, որոնք երկուսն էլ ձեռք են բերվել վաճառքին նախորդող մեկ տարվա ընթացքում: Հետեւաբար` Պաշտպանը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին որոշում:

 

ԱՐԴԵՆ ՎՃԱՐԵ՞Լ ԵՆ

«Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկների` արդեն երկու ամիս աշխատավարձ չստանալու պատճառների մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան` Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն ասել է. «Այսօրվա դրությամբ համակարգն ամբողջությամբ իր ֆինանսավորումը ստացել է։ Այս եւ հաջորդ շաբաթվա ընթացքում մենք արդեն տալու ենք մարտ ամսվա ֆինանսավորումը»: Կայքի տվյալներով՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկներն այս տարվա հունվարից աշխատավարձ չեն ստացել, իսկ վճարովի հիվանդներից իրենց հասանելի տոկոսները չեն ստացել նախորդ տարվա հոկտեմբեր ամսից:




Լրահոս