ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

20 ՏԱՐԻ ՀԵՏ ԳՆԱՑԻՆՔ ԷԼԻ

Երեկ լրացավ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության 15 տարին: Ու մենք ցավով արձանագրեցինք, որ Եռաբլուրն գնացող մարդկանց թիվը տարեցտարի սակավանում է: Չկա Վազգեն Սարգսյանը, դրա համար հերոսների մասին պատկերացումներն էլ են փոխվել:

Նշենք, որ ինչպես նախորդ տարի, երեկ էլ Վազգեն Սարգսյանի շիրմաքարին Սերժ Սարգսյանը անձամբ ծաղիկներ չդրեց: Սակայն ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի Ս. Սարգսյանն ուներ հիմնավոր պատճառ. Ֆրանսիայում նա Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման էր մեկնել: Փոխարենը Եռաբլուր էին այցելել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Իսկ վաղ առավոտյան՝ ժամը 10:00-ի սահմաններում, Եռաբլուր այցելեցին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, մի փոքր ուշ նրանց միացավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը եւ ՊՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Իսկ ոչ իշխանական եռյակի լիդերները Եռաբլուրում, ապա նաեւ Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին Վ. Սարգսյանին եւ Կ. Դեմիրճյանի հիշատակին՝ առանց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ներկայության:
«Ժողովուրդ»-ը սպարապետի եւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության թեմայի շուրջ զրուցեց ԵԿՄ անդամ, պաշտոնաթող գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի հետ:
-Պարո՛ն Սարոյան, ո՞վ էր Վազգեն Սարգսյանը մեր պետության համար:
-Նա պետականամետ մարդ էր, որն այս երկիրը, այս պետությունը շատ էր սիրում, որը այս բանակի ստեղծողներից մեկն էր, հզոր սյուն էր: Մեր ազգը սենց մարդ չուներ, մինիմում մի 20 տարի հետ գնացինք:
-Ըստ Ձեզ, եթե Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ, ի՞նչը նրան կզայրացներ այսօր:
-Իրեն ավելի շատ բանակն էր հետաքրքրում, որն այսօր շատ լավ վիճակում է: Սպարապետն էլ լիներ, մեկ է ամբողջ աշխարհում, որ այս կրիզիսը սկսվեց, ոչ մեկ դրա դեմ չէր կարող հելնի՝ նույնիսկ աշխարհի հզոր պետությունները: Էս կրիզիսը շատ խփեց նաեւ մեծ պետություներին: Ռուսաստանի նման պետությունը ճգնաժամի մեջ է, սաղ գերհզոր, նավթի պաշարներ ունեցողներն էլ լավ չեն ապրում: Ամենակարեւորը, որ հանկարծ համաշխարհային պատերազմ չսկսվի, թե չէ մնացածը…
-Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 15 տարի, սակայն հասարակության համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ո՞վ կամ ովքե՞ր ցանկացան սպանել Վազգեն Սարգսյանին, գլխատել խորհրդարանը:
-Գիտեք սենց բաները չի բացահայտվում: Սա դրսի ուժերի գործն էր:
-Կոնկրետ կասե՞ք:
-Չեմ կարող ասել, ո՞նց կարող եմ ասել: Հայաստանը օրեցօր ուժեղանում էր, դրսի ուժերին դա ձեռք չէր տալիս, քանի որ Վազգենը անկախ մարդ էր, դրա համար էլ նրանց ձեռք չէր տալիս, որ Հայաստանը ուժեղանա:
-Հոկտեմբերի 27-ի գործով վկաները եւ գործով անցնող անձինք անհասկանալի պատճառներով մահանում են:
-Է բա պիտի սատկեն, բա ի՞նչ ես ուզում:
-Բայց չե՞ք կարծում, որ երբ վկաները հերթով սկսում են մահանալ, նշանակում է նվազում է հանցագործության բացահայտման շանսերը:
-Տենց բան չկա, կոծկելս ո՞րն է, չբացահայտելը ո՞րն է: Էսքան, որ քննությունը գնաց, իսկ դրանք իրենց արածի համար պիտի պատասխան տան, ո՞վ պիտի պատասխան տա:

Զրուցեցինք նաեւ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ:
-Պարո՛ն Գրիգորյան, ըստ Ձեզ՝ ո՞ւմ էր ձեռնտու սպանել Վազգեն Սարգսյանին, ո՞վ կամ ովքե՞ր էին 27-ի պատվիրատուները:
-Վազգեն Սարգսյանի մահը ձեռնտու է բոլոր այն մարդկանց, ովքեր հայ ժողովրդի վատն են ցանկանում:
-Արդյո՞ք կգա ժամանակը, որ այդ վատը ցանկացողները պատժվեն:
-Հոկտեմբերի 27-ի մեղավորների մի մասը պատժված է, մի մասին էլ Աստված է պատժում:
-Բայց չէ՞ որ դուք այսօր այդ մեղավորների կողքին եք (1in.am):
-Մի քիչ կոպիտ ասիր, բայց կպատասխանեմ: Ես նման մարդկանց հետեւին եմ ձեռ տալիս, եղա՞վ: Եթե նկատի ունես մեր իշխանությունները, շատ վատ է, որ նրանց մասին այդպես կարծիք ունես:

 

 
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍԿԻԶԲԸ

Այն, որ նորաստեղծ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը բավական լուրջ տարաձայնություններ ունեն, ակնհայտ երեւում է նաեւ վերջին ամիսների ընթացքում միմյանց հասցեին հնչող հայտարարությունների տողատակերում:

Երբ 2013թ հոկտեմբերի 1-ին Գեւորգ Կոստանյանը նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազ, առանց ժամանակ կորցնելու սկսեց դատախազությունը «մաքրել» նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի կադրերից: Հրապարակային պատճառաբանությունների մեջ Կոստանյանը ակնարկել էր, թե դախազությունը կոռուպացված է:
Այս հայտարարությանն ի պատասխան Աղվան Հովսեփյանն էլ ասել էր՝ «Դատախազությունն այն պետական մարմիններից է եղել, որտեղ համակարգված կոռուպցիոն երեւույթները վաղուց վերացված են եղել: Իհարկե, ժողովրդի ասածի հետ համաձայն եմ՝ չկա գյուղ, որ շուն չլինի, եւ ես այդքան միամիտ չեմ, որ պնդեմ, որ ընդհանրապես կոռուպցիան վերացած է եղել եւ այսօր էլ վերացած է, որովհետեւ մշտապես հնարավոր են եւ կգտնվեն անձինք, որ գողություն կարող են անել՝ ընդհանուր սկզբունքներից դուրս»:
Եվ որպեսզի Աղվան Հովսեփյանը այս «պատերազմում տանուլ չտա» գլխավոր դատախազությունից դուրս եկած կադրերից շատերին ընդգրկեց նորաստեղծ ՀՀ քննչական կոմիտեում: Տպավորությունն այնպիսին էր, որ այսքանով տեղակատվական պատերազմն ավարտվեց, սակայն իրադարձություններն այդպես չզարգացան:
Երեկ հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյան հակամարտությունը նոր փուլ է թեւակոխում, որի արդյունքում կարող են բազում մարդկանց ճակատագրեր խեղվել:
Դատախազությունը երեկ հայտարարություն տարածեց այն մասին, որ հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու արդյունքում պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի, նույն բաժնի քննիչի, ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերի նախաքննության ընթացքում չարաշահել են պաշտոնական լիազորությունները: Դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր եւ ուղարկվել ՀՔԾ՝ նախաքննություն կատարելու համար:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեպքերից մեկով քննիչը մեկ օրով ուշացրել է գործի քննության ավարտի մասին իրազեկումը, ինչն էլ, փաստորեն, ճակատագրական է դարձել: Եւ հիմա անհասկանալի է, թե այդ գործով մեղադրյալը (ները) դեռ ինչքան ժամանակ պետք է մնան ազատազրկման մեջ: Ի վերջո ՀՔԾ-ն էլ կարող է ամիսներով քննել քննիչների գործողությունների առիթով հարուցված քրգործը:
Ստացվում է, որ երկու գերատեսչությունների ղեկավարների միջանձնային փոխհարաբերությունները վերածվում են միջգերատեսչական հակամարտության, որը կարգավորված չէ օրենսդրությամբ: Իսկ այդ ընթացքում դեռ կտուժեն շատ քաղաքացիներ:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՊԱՐՈՒՀԻՆԵՐԻ ԾԵԾԿՌՏՈՒՔ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Թաիրով համայնքում: Գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, «Էրոս» գիշերային ակումբում վիճաբանություն է սկսվել ակումբի պարուհիների միջեւ: Ըստ ականատեսների, ակումբի պարուհիներից երեք հոգի ծեծել են իրենց գործընկերուհիներից մեկին: Միջադեպը այն աստիճան է թեժացել, որ կռվին միջամտել է ակումբի տնօրինությունը: Սակայն նրանց ոչ մի կերպ չի հաջողվել սաստել մարտի ելած պարուհիներին:
Տնօրինությունն այլ ելք չունենալով օգնության է կանչել ոստիկաններին, որոնց հաջողվել է սաստել «մարտնչող» կողմերին: «Ժողովուրդ»-ը պաշտոնապես տեղեկացավ, որ նրանց բոլորին բերման են ենթարկել ոստիկանություն:

 

ՄԱՏԱՆՈՒ ԿՌԻՎ
Զավեշալի միջադեպ է արձանագրվել Արագածոտնի մարզում: Նորապսակ ամուսինները ամիսներ անց բաժանվել են: Աղջիկը վերադարձել է իր հայրենի գյուղ: Որոշ ժամանակ անց փեսան գնացել է այդպես էլ իր կինը չդարձած աղջկա գյուղ եւ նրանից պահանջել իրեն վերադարձնել ամուսնական մատանին: Սակայն, աղջիկը չի համաձայնել այն վերադարձնել: Արդյունքում տղան ուժի գործադրմամբ խլել է մատանին եւ դիմել փախուստի: Այժմ նորապսակների խնդրով զբաղվում է ոստիկանությունը:

 

«ՄԵՂԵԴԻ»-Ի ՄՈՏ
Հոկտեմբերի 26-ին՝ կեսգիշերի սահմաններում, 34-ամյա տղամարդը Երեւանի «Մեղեդի» սրճարանի մոտ գողացել է մի աղջկա պայուսակ: Գողին, որի անունը Գրիգոր է, չի հաջողվել հեռու փախչել: Ոստիկանները նրան արագ հայտնաբերել ու բերման են ենթարկել բաժին:

 

ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով Ներքին Շենգավիթի բնակիչներից մեկը՝ իր երեխանների ներկայությամբ բենզին է ներարկել ինքն իրեն ու դաժան ծեծի ենթարկել կնոջը (անձնական տվյալները չենք հրապարակում): Ըստ մեր տեղեկությունների, կնոջ մայրը փորձել, բայց որեւէ կերպ չի կարողացել զսպել իր փեսային: Միայն իրավապահների միջամտության շնորհիվ է հաջողվել տղամարդուն հանդարտեցնել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր այս տեղեկությունը՝ հավելելով, որ քննություն է ընթանում:
Լուրեր կան, որ տղամարդը կնոջ հետ վիճել է թմրանյութի պատճառով:

 




Լրահոս