Համերգին կլինեն պրեմիերաներ. Սոնա Ռուբենյանի մոտ բուռն ստեղծագործական շրջան է (տեսանյութ, ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոնա Ռուբենյանի համար այժմ բուռն ստեղծագործական շրջան է: Կարճ ժամանակում ճանաչում ձեռք բերած եւ հանդիսատեսի համակրանքին արժանացած երգչուհին, սակայն, հեշտ չի անցել իր ստեղծագործական ուղին: «Հայ-սուպերսթար-5»-ը, «Նոր ալիք-2014» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ եղել է այնպիսի ժամանակ, երբ ինքն ուզեցել է երգել, բայց համապատասխան հարթակ չի ունեցել:

getImage

-Սոնա՛, պատրաստվում եք դեկտեմբերին կայանալիք Ձեր առաջին մենահամերգին, երեւի պատասխանատվության զգացումը մեծ է, այո՞:

-Այո՛, քանի որ չունեմ հովանավոր ու պրոդյուսեր, է՛լ ավելի դժվար է ամեն բան միայնակ անելը, շատ եմ մտածում ամեն քայլիս մասին: Նշեմ, որ համերգի ժամանակ կլինեն երգերի պրեմիերաներ, դրանց մի մասի հեղինակը ես եմ, մյուսները հայտնի երգահանների գործեր են, որոնք երբեւէ չեմ կատարել: Դրանց թվում է Էլվինա Մակարյանի հեղինակած ստեղծագործությունը, որը նվեր եմ ստացել 2003-ին, ԱՄՆ-ում՝ իր տանը: Վարդուհի Վարդանյանը տասը տարի առաջ ինձ տարել էր երգչուհու տուն, հենց այնտեղ էլ Էլվինա Մակարյանը փոխանցեց իր ձեռագրով գրված մանկական, ջազային բնույթի այդ գործը:

-Մտադրություն չունե՞ք նկարահանելու «Աշնան սերենադ» սիրված երգի տեսահոլովակը. ի վերջո աշուն է:

-Մոտ օրերս կմեկնարկեն նկարահանման աշխատանքները, հուսով եմ՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն եթեր կհեռարձակվի: Ինչպես հիշում եք, դա «Պրեմիերա» երաժշտական նախագծի շրջանակներում ստացած նվերն էր:

uyktyk

-Վերջերս «The Beautified Project»-ի հետ ներկայացաք զուգերգով, ինչպե՞ս ծնվեց այդ համագործակցությունը:

-Անդրե Սիմոնյանն այդ երգը գրել է 10 տարի առաջ: Նրա խոսքով՝ երբ համերգներից մեկի ընթացքում միասին կատարեցինք այն, ինքը մտածել է, որ վերջապես գտել է այն մարդուն, ով կարող է կատարել ռոք բալլադը այնպես, ինչպես ինքն է պատկերացրել: Ռոքը միշտ եմ սիրել, ու թեեւ սա թեթեւ գործ էր, կարելի է ասել՝ այդ ժանրում իմ առաջին փորձն էր:

-20 տարեկան աղջնակի համար երգարվեստում քայլեր անելու ճանապարհին աջակիցներ են պետք. ինչպե՞ս եք հոգում այդ հարցը:

-Ինչպես նշեցի՝ հովանավորներ չունեմ, ինձ միշտ օգնել են ծնողներս եւ հարազատ դարձած «Շանթ» հեռուստաընկերությունը, որն ինձ դրսեւորվելու ու առաջ գնալու հնարավորություն տվեց:

-Թեեւ փոքր եք եղել, գիտենք, որ առնչվել եք Երգի պետական թատրոնի ավագ սերնդի հետ. ի՞նչ հիշողություններ ունեք անցած տարիներից:

-Ես 93-ին եմ ծնվել, հիշում եմ, որ դրանք շատ դժվար տարիներ էին, մայրիկս պատմում է, որ մոմի լույսն ու սիրելի երաժշտությունը բավական էին, որ ես քնեի…Ես այն երեխաներից եմ եղել, ովքեր միշտ երգել են մանկապարտեզի, դպրոցի հանդեսների ժամանակ: Հետագայում ծնողներս ինձ ճիշտ ուղու վրա դրեցին: Երգի թատրոնից տպավորվել են, օրինակ, Վարդուհի Վարդանյանը, Քրիստինե Պեպելյանը: Հիշում եմ, որ նրանց շրջանում սկզբունքայնություն կար, որ հիմա շատերի մոտ բացակայում է:

Sona_Rubenyan-Ashnan_serenad

-Սոնա՛, գաղտնիք չէ, որ մի շարք նվիրված երկրպագուներ ունեք: Նրանց հետ կապված որեւէ ուշագրավ դեպք կհիշե՞ք:

-Ունեմ շատ հավատարիմ մի երկրպագու (թեեւ այդ բառը չեմ սիրում), ում միշտ պատահական տեսնում եմ փողոցում: Մի օր, երբ քայլում էի քաղաքում, նա մոտեցավ, փաթաթվեց, լաց լինելով ասաց, որ մայրիկի հետ նստած երազում էր ինձ տեսնել…Նրա պես մարդիկ են, որ ուժ են տալիս երգչին…

-Ճանաչվելուն զուգահեռ տղա երկրպագուների շատանալը զգացե՞լ եք:

-Ինչ ասեմ…(ծիծաղում է): Եթե սիրում են քո արած գործը, քո երգերն ու ձայնը, դա շատ լավ է…Տարբեր մարդիկ տարբեր կերպ են դրսեւորում իրենց, դեռ չեմ ուզում այդ մասին խոսել:

-Ասում են՝ գեղեցիկ աղջիկների անձնական կյանքը դժվար է դասավորվում. նման մտավախություն երբեւէ ունեցե՞լ եք:

-Չեմ կարծում, որ այդպես է… Ամեն դեպքում, կարծում եմ՝ շուտ է անձնականի մասին խոսել: Երբ կունենամ անցած որոշակի ճանապարհ, նոր կսկսեմ մտածել դրա մասին: Եվ, այնուամենայնիվ, գլխավորն անձնական կյանքն է, որին ոչինչ չի փոխարինի:

video_97653c2295ec7e9b93b4619adf7fe88a

-Մեծ երազանքներ ունեցող մարդիկ ապրում են նաեւ մեծ հիասթափություններ. Դուք սա երբեւէ զգացե՞լ եք Ձեր մաշկի վրա:

-Հիասթափություններ շատ են լինում, հատկապես, երբ հուզական մարդ ես, դրանք ավելի շատ են վնասում քեզ: Կարող եմ ասել, որ մասնակցությունս «Սուպերսթար» նախագծին հիասթափության արդյունք էր. ես ուզում էի երգել, բայց դրա համար հարթակ չունեի: Կյանքում ամեն սեւ ստեղնի փոխարինում է սպիտակը, ուստի հիասթափությունները փորձում եմ հետեւում թողնել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս