ՀԱԳՈՒՍՏԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԳՆԱՃ Է ՍՊԱՍՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանում արձանագրվելու է բազմաթիվ ապրանքների շեշտակի գնաճ, արդեն իսկ հայտնի է: Ըստ նախնական հաշվարկների` զգալիորեն կթանկանա նաեւ Հայաստան ներկրվող թուրքական, չինական եւ եվրոպական հագուստը: Դրա փոխարեն հագուստի շուկա մուտք կգործի ռուսական եւ բելառուսական հագուստը: Սակայն այս ամենի արդյունքում կտուժեն ոչ միայն հագուստի վաճառքով զբաղվող առեւտրականները, այլեւ քաղաքացիները, ովքեր կզրկվեն որակյալ եւ մատչելի հագուստի ընտրության հնարավորությունից:

Շատերի պնդմամբ, ռուսական եւ բելառուսական հագուստը որակյալ է: Այն կլինի փոքր-ինչ թանկ եւ առաջին հերթին կխոչընդոտի բրենդային հագուստի եւ ներկրվող թուրքական, չինական հագուստի վաճառքին: Այս գնաճի արդյունքում, հայաստանյան տոնավաճառներում չինական եւ թուրքական հագուստի գինը շեշտակի կբարձրանա, բայց մյուս կողմից` շուկայում մրցակցությունը կթեժանա:
Սակայն հագուստի առքուվաճառքով զբաղվող տնտեսվարողները դեռ չեն շտապում այս հարցի հետ կապված հոռետեսական կանխատեսումներ անել:
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ՄՄ-ին անդամակցության պարագայում նոր մաքսատուրքերի շարքում հագուստի ներմուծման համար մաքսատուրքը նույնպես էականորեն կտարբերվի գործողից: «Եթե հիմա հագուստի ներմուծման համար մաքսատուրքը 0 է, ապա ՄՄ-ին անցամակցությունից հետո կլինի մոտ 13 տոկոս, որն, իհարկե, կանդրադառնա ապրանքի գնի վրա: Իսկ հագուստն այն ապրանքն է, որի այլընտրանքը ՄՄ շուկայում հնարավոր չէ գտնել. ո՛չ էժան եւ ցածր որակի չինական, ո՛չ էլ բարձրորակ եվրոպական հագուստին այլընտրանք չկա ՄՄ շուկայում»,- նկատեց Մ. Առաքելյանը:
«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ՄՄ-ին անդամակցելուց հետո հագուստի շուկայում մրցակցությունը կսրվի տնտեսագետը պատասխանեց. «Չեմ կարծում, քանի որ բոլորն էլ ներմուծում են այդ երկրներից: Մրցակցության հիմնական գործոններն այսօր ոչ շուկայական են, այսինքն՝ հիմնականում ստվերային գործընթացի հետ է կապված»:
Մեր զրուցակցի խոսքով՝ հագուստի շուկայում ներմուծման գործընթացը կատարվում է բավականին անհասկանալի մեխանիզմով. մասնավորապես առեւտրականները գումարը վճարում են` կախված քաշից, իսկ մաքսազերծումն իրականացնում են ներմուծող տրանսպորտային ընկերությունները, որոնք սահմանել են այդ վճարները: «Եթե այս մեխանիզմը շարունակվի, ապա բոլորի համար ծախսերը կաճեն, իսկ եթե ունենանք մի մեխանիզմ, երբ յուրաքանչյուրն ինքն է մաքսազերծելու իր ապրանքը` կախված գնից, կարող է` որոշ առեւտրականների մոտ առաջանան խնդիրներ, եւ շուկայում մնան խոշորները»,- լրացրեց նա:
Իսկ ԲՀԿ-ական տնտեսագետ Վարդան Բոստանջյանը համոզված է, որ եթե ՄՄ-ին անդամակցության արդյունքում մրցակցություն ստեղծվի, ապա այդ առումով ՀՀ-ն հաղթող կդառնա. «Բոլոր պարագաներում մեզ մոտ ավելի մեծ շնորհք ունեն այդ տիրույթում գտնվելու ու արտադրանք ստեղծելու»:
ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգվեց` ասելով, որ այս ամենի արդյունքում թուրքական, չինական եւ եվրոպական հագուստի առքուվաճառքով զբաղվող առեւտրականների համար ստեղծվելու են բազմաթիվ խնդիրներ: «Նրանց մի մեծ խումբ չինական, իսկ մեկ այլ մեծ խումբ` թուրքական շուկաների հետ է առնչվում: Լուրջ խնդիրներ են ծագելու, եթե վերադասավորումներ տեղի ունենան, ապա երկար ժամանակ է պահանջվելու դրանց հարմարվելու համար: Հետո թուրք գործարարների հետ առեւտուր անելն ուրիշ մշակույթ է, իսկ ռուսի, բելառուսի հետ` այլ: Դա այդքան հեշտ չի լինելու: Իրենք բազմաթիվ խնդիրներ կունենան»:
Տնտեսագետը, սակայն, որպես ամենամեծ բացասական հետեւանք նշում է այն, որ այդ ամենի արդյունքում մեր քաղաքացիներն ընտրելու հնարավորությունից զրկվելու են. «Երբ մենք արտաքին տնտեսական սահմանները փակում ենք, հատկապես մաքսային դրույքաչափերով, հենց այդպես էլ ընտրության հնարավորությունից զրկում ենք»: Վ. Խաչատրյանը նշեց, որ հայաստանյան շուկայում չինական, եվրոպական եւ թուրքական հագուստի մաքսատուրքը բավականին ցածր է, ուստի առաջիկայում ապրանքների գների բարձրացում կլինի:
«Թե ինչքանով մրցակցություն կլինի, ես վերապահումով եմ մոտենում, որովհետեւ առաջին հերթին տեղական արտադրանք եթե լիներ, այդ դեպքում միայն կարելի էր մրցակցության մասին խոսել: Բայց քանի որ Մաքսային միության երկրների արտադրանքն արտոնություններ է ստանում, այստեղ մրցակցություն, կարծում եմ, չի լինի: Կգան ռուսական, բելառուսական արտադրանքները, ես չգիտեմ, թե դրանց որակական հատկանիշները, արտաքին տեսքը կամ դիզայնը, որքանով կհամապատասխանեն, բայց մյուս երկրների փորձին նայելով, դրանք շատ անգամ կզիջեն նույնիսկ թուրքականին, իսկ եվրոպականին` առավել եւս»,- նկատեց Վ. Խաչատրյանը:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը փորձեց բրենդային խանութներից հետաքրքրվել, թե ՄՄ-ին անդամակցելուց հետո ինչպիսի պատկեր կստեղծվի, սակայն որեւէ մեկը չցանկացավ կանխատեսումներ անել` պատճառաբանելով, որ դեռ վաղ է խոսել այդ մասին:

 

 

 
ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆՈՒՄ ՈՉ ՊԱՏԵՐԱԶՄ Է, ՈՉ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի դպրոցն այս տարի երկու շրջանավարտ ունի եւ առաջին դասարանի երկու աշակերտ: Բարեկամավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ափսոսանքով հայտնեց, որ դպրոցի աշակերտների թիվը նվազել է: Չնայած դրան, դպրոցը չի փակվելու:

-Որ տեսնում են այստեղ ապագա չկա դրա պատճառով էլ ոչ ոք տուն չի կառուցում, քանդվածը չի վերանորոգում: Ոչ պատերազմ է, ոչ խաղաղություն: Դրա համար մարդիկ սպասելուց հոգնում են:
-Ձեր գյուղում պետք է ջերմատներ կառուցվեին: Դա ոչինչ չփոխե՞ց:
-Դե մենք Արարատյան դաշտավայրի բնակիչների նման չենք կարող ջերմատան բույս մշակել: Հետո էլ՝ ջուր չկա: Մարդիկ մի բան կգտնեն կանեն, միայն խաղաղություն թող լինի: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն արդեն երկու տարի է, ինչ վճարում է ողջ գյուղի էլեկտրաէներգիայի վարձը:
-Իսկ մարզպետը չի՞ օգնում:
-Չէ, միայն պաշտպանության նախարարն է օգնում: Մարզպետը խոստացել է այս տարի դպրոցի սպորտ դահլիճը վերանորոգել: Տեսնենք:
-Տարիներ առաջ քանի՞սն է եղել աշակերտների թիվը:
-Նախկինում մի դասարան ունեի, որտեղ 36 աշակերտ էր սովորում, իսկ հիմա ամբողջ դպրոցի աշակերտների թիվն է 31: Պատերազմից հետո ամբողջ դպրոցում 65 աշակերտ կար: Ուղիղ կեսով կրճատվել է: Այ հիմա անասունին դաշտ տանելու ժամանակն է, բայց չգիտի՝ տուն գալո՞ւ է, թե՞ ոչ: Նրանք անկառավարելի են: Նրանք իսկական կռվողներ չեն: Խուլիգանին նման են:
էս վերջերս նստել ու մեկ առ մեկ հաշվել եմ, թե քանի փոքր եւ մեծ կա գյուղում. 253, որից 35 ծուխը միայնակ ծերեր են: Ոնց են ասում՝ պահուստային կողպվող դռներ են: Թող Աստված տա քսան տարի գոյատեւեն:
-Եթե աշակերտների թիվը նվազում է, հնարավո՞ր է` ընդհանրապես դպրոցը փակվի:
-12-ամյա դպրոց է եւ դեռ շարունակում է պահպանվել: Ճիշտ է, դասարանները միացնում ենք իրար, եռակոմպլեկտ տարբերակով ենք դաս անում: Բայց չի փակվելու: Ի դեպ, վերջերս էլ Սերժ Սարգսյանը բարեհաճեց ինձ շնորհակալագիր ուղարկել, բայց ժողովրդի շնորհակալությունն ինձ բավարար է:
-Գյուղում քանի՞ կողպված դուռ կա:
-Ճիշտն ասած, չեմ հաշվել, որովհետեւ մեծ ցավ եմ ապրում: Մի ծեր մահանում է, մենք ախ ենք անում: Վերջերս մի 96 տարեկան կին մահացավ, բոլորս լացում էինք: Մեզ համար ուրախություն էր, որ կար այդ կինը ու իր տան լույսը վառվում էր:
-Ինչո՞վ եք ոգեւորում գյուղացիներին, որ չգնան:
-Իմ ոգեւորելը քիչ է: Ադրբեջանական գյուղերում մշտապես հարսանիք է լինում, այնտեղից երաժշտության ձայն է գալիս, իսկ մեզ մոտ մարդիկ դռներն են կողպում ու հեռանում գյուղից: Ինչպե՞ս ոգեւորեմ: Բայց ասեմ, որ վերջերս էլ մեր գյուղում հարսանիք եղավ ու մեծ, փոքր, բոլորս էլ հարսանիքին մասնակցեցինք: Համաժողովրդական հարսանիք էր, բոլորս էլ շատ ուրախացանք:

Նյութերը` ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 
ԽԻՍՏ  ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ
Երեկ Արագածոտնի մարզի յոթ գյուղերի բնակիչներ նորից փակել էին Երեւան-Վանաձոր ճանապարհը: Գյուղացիներն արդեն շուրջ մեկ ամիս է` պայքարում են տարածքում ոռոգման ջրի հաշվին հէկ-ի կառուցման դեմ՝ պնդելով, որ դրա հետեւանքով Ապարանի ջրամբարից հոսող ջուրը կպակասի, եւ գյուղացիների հիմնական եկամուտն ապահովող խնձորի այգիները կչորանան: Գյուղացիները պահանջում էին, որպեսզի դեպքի վայր ժամանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կամ փոխվարչապետը, որպեսզի իրենց խնդիրները ներկայացնեն: Ավելի ուշ Արագածոտնի մարզպետ Սուրեն Սահակյանը հանդիպեց յոթ գյուղի մի քանի հարյուր բնակիչների հետ: Օրվա երկրորդ կեսին վիճաբանություն տեղի ունեցավ ոստիկանների, մարզպետի եւ բնակիչների միջեւ, որոնք խցանել էին մարզի ավտոճանապարհը: Արդյունքում զայրացած գյուղացիներին հանդիպելու ժամանեց ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Նա նշեց, որ հէկ-ի հարցով հանձնաժողովի աշխատանքներն ավարտվելուն պես՝ անձամբ կհայտնի վերջնական որոշման մասին: Ա. Գեւորգյանի բացատրություններին գյուղացիները, սակայն, դրական չարձագանքեցին` ասելով. «Հարգելի փոխվարչապետ, եկել ես մեզ խաբելո՞ւ»: Նշենք, որ գյուղացիները փոխվարչապետին թույլ չէին տալիս խոսել. աղմկում էին, վիճում, սուլում: «Սիրելի ժողովուրդ, նախ` ես հանդիպման ձեւաչափը ճիշտ չեմ համարում, ճանապարհ փակելով՝ համայնքային եւ պետական հարց չի լուծվում: Ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրություններ է կատարում, իրենք աշխատանքի արդյունքները մի քանի օրից կներկայացնեն, եւ ես անձամբ կգամ եւ կտեղեկացնեմ ձեզ վերջնական որոշման մասին: Մի բան կարող եմ հաստատ ասել, որ մինչեւ վերջնական որոշումը ոչ մի աշխատանք չի կատարվի»,- հայտարարեց փոխվարչապետը` նաեւ տեղեկացնելով, որ մի քանի տարի է, ինչ հէկ-ը կառուցելու թույլտվություն կա եւ հիմա կատարվում են արագահոսի վերանորոգման աշխատանքները: Սակայն այդ տեղեկությունը, որ իրենք մի քանի տարի տեղյակ չեն եղել տրված թույլտվության մասին` բնակիչներին ավելի զայրացրեց ու նրանք պահանջեցին, որպեսզի փոխվարչապետը հստակ հայտարարի՝ որ հէկ-ը չի կառուցվելու:
Ի վերջո, փոխվարչապետն ու բնակիչները համաձայնվեցին հանդիպել ուրբաթ օրը: Գյուղացիները հեռանալուց առաջ փոխվարչապետին զգուշացրեցին. եթե ուրբաթ օրը հստակ չիմանան, որ հէկ-ը չի կառուցվելու, յոթ գյուղերի բնակիչներով կհավաքվեն ու հաջորդ օրը՝ մարտի 22-ին, կգնան մայրաքաղաք՝ մասնակցելու «Դեմ եմ»-ի հանրահավաքին:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին, երբ առաջին անգամ գյուղացիները փակել էին ճանապարհը` մի քանի ժամ խափանելով երթեւեկությունը, մարզպետը եւ բարձրաստիճան մի քանի ոստիկաններ համոզել էին նրանց բացել ճանապարհը՝ հավաստիացնելով, որ հէկ-ը չի կառուցվելու:

ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ

 




Լրահոս