ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՄԻԱԿ ԹՇՆԱՄԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցել է շուրջ 3 ամիս, սակայն մինչ օրս Արցախի հերոս, ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ մահափորձի գործով նախաքննությունը շարունակվում է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վիտալի Բալասանյանը ասաց, որ սպասում է նախաքննության ավարտին, որից հետո կորոշի իր անելիքները:

Հիշեցնենք, որ 2013թ-ի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 21.10-ին, Վիտալի Բալասանյանի մեքենային ամրացված ինքնաշեն պայթուցիկը շրջադարձի վրա արգելակելու ժամանակ պոկվել եւ ընկել է՝ ձախողելով պլանավորված պայթյունը:
Որոշ ժամանակ անց այս գործի շրջանակներում երկու հոգի ձերբակալվեցին: Իսկ ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, թե կատարվածն անձնական թշնամանքի հետեւանք է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վիտալի Բալասանյանի եղբայր՝ Վաչիկ Բալասանյանն ասել էր, թե իրենք ձերբակալված անձանց հետ թշնամական հարաբերություններ չեն ունեցել, ավելին՝ կալանավորվածները ընտրությունների ընթացքում իրենց թիմակիցներն են եղել: Դեպքից անմիջապես հետո ոստիկանություն էր գնացել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ հանձնարարականներ տվել: Իսկ ավելի ուշ Բալասանյանը եւ Սահակյանը ոստիկանությունում պայմանավորվել էին հայտարարություն չանել՝ պահպանելով նախաքննության գաղտնիությունը, ինչպես նաեւ օգնելով բացահայտել կատարվածը:
Վիտալի Բալասանյանը պահել էր այս խոստումը, իսկ ահա ԼՂՀ դատախազության դեպքում ամեն ինչ այլ էր: Դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվել էր, թե կասկածյալները Վիտալի Բալասանյանի հետ գտնվում են շարունակական վիճաբանությունների եւ անբարյացակամ հարաբերությունների մեջ: Որպես պատճառ, դատախազը նշել էր, որ Արցախի հերոսը խոստացել է կասկածյալներից մեկի եղբորն ազատել բանտից, սակայն խոստումը չէր կատարել:
Ավելի ուշ, Վիտալի Բալասանյանը վրդովված հայտարարություն էր տարածել, թե. «Այս ամենն իրականությանը չի համապատասխանում: Կասկածյալները ձերբակալվել են 2014թ. հունվարի 1-ին, որի մասին ես տեղեկացել եմ հեռուստատեսությունից, իսկ հաղորդագրությունն, ըստ իս, պատրաստ է եղել հունվարի 4-ին եւ հայտնվել դատախազության կայքում հունվարի 5-ին: Ժողովրդի մեջ իմ անձի վերաբերյալ տարբեր վարկաբեկիչ լուրեր են պտտվում, եւ ես չգիտեմ, թե ում կողմից են դրանք հրամցվում»:
Չուշացավ նաեւ ԼՂՀ դատախազության հայտարարությունը, որտեղ, մասնավորապես, ասել էին, թե իրենք ապահովել են դատախազության թափանցիկ գործելաոճը:
Դեպքից անցել է շուրջ 3 ամիս, սակայն այս գործով նախաքննությունը դեռեւս չի ավարտվել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանն ասաց, թե իրեն առայժմ ոչինչ հայտնի չէ եւ իրեն ոչինչ չեն հայտնում. «Սպասում եմ նախաքննությունը ավարտվի, երբ նյութերը ձեռքումս լինեն եւ ամեն ինչից տեղյակ լինեմ, նոր մեր անելիքները կանենք»:
-Պարոն Բալասանյան, Ձեր եւ դատախազության միջեւ պայմանավորվածությունը խախտվել էր, ինչը վրդովեցրել էր Ձեզ: Կատարվածից հետո ԼՂՀ դատախազությունը փորձեց Ձեզ հետ հանդիպել՝ պարզաբանելու համար, հանդիպեցի՞ք:
-Ոչ, ոչ մի հանդիպում չի եղել: Իրենք միայն հայտարարություն տարածեցին, թե օրենքի տառին են հետեւել: Իմ ոչ մի խոսքը չհերքեցին: Իսկ ես առայժմ սպասում եմ:
-Լավ, ի վերջո, կալանավորված տղաները կարո՞ղ էին Ձեր դեմ մահափորձ կազմակերպել:
-Ես չեմ ուզում հիմա եզրակացություններ անել, չի կարելի: Կարգը, օրենքը, իմ խոստումը պետք է պահեմ եւ օրենքի ուժով առաջնորդվեմ` վստահելով նախաքննական մարմնին: Հիմա, որ չեմ խոսում, օգնում եմ, չէ՞:
-Իսկ եթե ավելի վատ լինի՞:
-Չեմ կարծում, որ չխոսելուցս հետո կարող է կատարվածից ավելի վատ հետեւանքներ լինեն:
-Նկատենք, որ Դուք այս ընթացքում չխոսեցիք, եւ փոխարենը դատախազությունը հաղորդագրություն տարածեց, ինչը վրդովեցրեց Ձեզ: Իսկ Դուք շարունակո՞ւմ եք վստահել:
-Մինչեւ նյութերին չծանոթանամ, չեմ կարող ասել վստահում եմ, թե չէ: Բայց ախր ես ինքս ինձ չեմ վստահում, ոնց կարող եմ նման բան ասել:
-Այս երեք ամիսների ընթացքում, բացի ոստիկանությունում Ձեր եւ Բակո Սահակյանի հանդիպումից, այլ հանդիպում չի եղել Սահակյանի հետ:
-Առայսօր չեմ հանդիպել:
-Այսինքն՝ հույս ունեք, որ Ձեր դեմ կազմակերպված մահափորձի իրական կազմակերպիչները կբացահայտվե՞ն, թե՞ սա էլ կդասվի չբացահայտված մահափորձերի շարքին:
-Միանշանակ կբացահայտվի:
-Իսկ Դուք թշնամիներ ունե՞ք, որոնք Ձեր մահն են ցանկանում:
-Իմ միակ թշնամին Ադրբեջանն է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ԻՐԱՐ ԾԵԾԵԼ ԵՆ
Երկու օր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Աջափնյակ վարչական շրջանի երկրորդ շղթայում: Վաղ առավոտյան տարեց տղամարդիկ սկսել են ավանդույթի համաձայն` թղթախաղ խաղալ բակի տաղավարներից մեկում, որն ավելի ուշ վերածվել է ծեծկռտուքի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ բակի բնակիչներից մեկը սկսել է խոսել քաղաքական թեմաներով՝ պաշտպանելով «Ժառանգություն» խմբակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ տաղավարում հավաքված մարդիկ հակադարձել են, թե Րաֆֆի Հովհաննիսյանը խաբեց մարդկանց: Ավելի ուշ սկսել են հայհոյել միմյանց, եւ բանն այնտեղ է հասել, որ պապիկները սկսել են ծեծել իրար: Նրանց հանդարտացրել են բակում հավաքված հարեւանները:

 

ՄՆԱՑ ԵՐԿՈՒ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ
«Ժողովուրդ»-ը մարտի 20-ին գրել էր, որ Արթիկի քրեակատարողական հիմնարկում 4 հոգի հացադուլ են հայտարարել: Նրանք բողոքում էին իրենց դեմ հարուցված քրեական գործի համար եւ պահանջում, որ արդարացի որոշում կայացվի: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 4 հացադուլավորներից երկուսը դադարեցրել են իրենց բողոքը, իսկ երկուսը դեռ շարունակում են բողոքել:

 

ԿՐԿԻՆ ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ
Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում 2013թ. նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված զինվորներից Ռազմիկի մայրը՝ Աննա Մանուկյանը, հայտնեց, որ իր որդուն եւ Արշակին հոսպիտալից հերթական անգամ տեղափոխել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Նշենք, որ զինվորներին ծեծի հայտնի դեպքից հետո նրանց դարձյալ տեղափոխել էին Նուբարաշեն ՔԿՀ, իսկ ահա 2014 թ. հունվար ամսին ՔԿՀ-ից վերադարձրել էին հոսպիտալ եւ մի շարք ստուգումների ենթարկել: «Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, երկու ամիս է, ինչ երեխաները հոսպիտալում էին ու անընդհատ կամիսիաներ էին անցկացնում, հիմա էլ տարել են բերդ: Այս ինչ են անում մեր երեխաների հետ»:
Նշենք, որ Ռազմիկի եւ Արշակի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 358-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (զորամասում հրամանատարին ծեծելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) եւ 258-րդ հոդվածի առաջին մասով (խուլիգանությունը)։

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
Երկու օր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Սլավոդկա փողոցում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշված փողոցի բնակարաններից մեկում մի երիտասարդ տղա՝ Կարեն անունով, ինքնասպանության փորձ է կատարել, սակայն հարազատները տեսել եւ կարողացել են փրկել տղայի կյանքը: Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն՝ ինքնասպանության փորձը կապված է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության հետ: Բանն այն է, որ ինքնասպանության փորձ կատարած Կարենի եղբայրը, ով առավել հայտնի է Գուգուշ անվանմամբ, մտերիմ հարաբերություններ է ունեցել սպանված Կարեն Եսայանի հետ:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ Կարենն այսօր գտնվում է հիվանդանոցում, եւ բժիշկները նրա վիճակը նորմալ են գնահատում:

 

 
ԲԼԹ

«Նիդեռլանդները շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերներից մեկը ԵՄ անդամ երկրների շարքում»:

Սերժ Սարգսյան

Հայաստանը դեռ գործընկեր էլ ունի՞, այն էլ՝ Եվրոպայում: Հետաքրքիր է, իսկ մենք գիտեինք, որ Հայաստանն ընդամենը ունի միայն ճորտատեր՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության, որի հետ հարաբերություններում էլ Հայաստանի իշխանություններն այնպիսի նվաստացուցիչ դիրք են բռնել, որ դժվար թե դրանից հետո որեւէ երկիր բոցավառվի ՀՀ-ի հետ գործընկեր լինելու ցանկությամբ: Բայց Սերժ Սարգսյանը մեծ վարպետ է ոչինչ չնկատելու եւ ջայլամի քաղաքականությամբ առաջ գնալու: Սեպտեմբերի 3-ի խայտառակությունից հետո նա էլի նույն հանդարտությամբ կարող է եվրոպական երկրներում խոսել գործընկերությունից:

 

 

 
«Բոլորն են մտահոգված այդ խնդրով, սակայն Հայաստանը իրավասու չէ միջամտել այլ երկրի ներքին գործերին: Ճիշտ կլինի այստեղ հրավիրենք արտգործնախարարին»:

Հովիկ Աբրահամյան 168.am

Իրավասու չէ միջամտե՞լ: Նույնիսկ հայտարարություն անելու իրավասություն չունի՞: Իսկ այդ ինչպե՞ս է լինում, որ այլ պետությունները նման դեպքերում շատ լավ էլ կարողանում են պաշտպանել իրենց հայրենակիցների շահերը, պահանջներ ներկայացնել: Իսկ եթե երկրի ԱԺ նախագահը իրեն իրավունք է վերապահում պետության անունից ասելու, որ Հայաստանը իրավասու չէ, նշանակում է՝ իսկապես մեր իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներին փոխելու ժամանակն է, քանի որ նրանք ոչինչ չեն կարողանում անել, ինչի արդյունքում երկրի արտաքին քաղաքականությունը առանձնահատուկ խայտառակ վիճակում է:

 

 

 
«Քիչ առաջ՝ Ազգային ժողովում, Խորհրդարանական ամբիոնի հետեւից փորձում էր ինքնակայանար կառավարության ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանը: Ով առանց տրամաբանելու եւ իրականության ցնորված պատկերացման պատճառով շահարկեց«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունը»։

Վահե Էնֆիաջյան 168.am

Ինչ-ինչ, բայց տվյալ դեպքում ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ասածը հեռու չէր իրականությունից. նախարարն ուղղակի հիշեցրեց ԲՀԿ-ական պատգամավորներին Ծառուկյանի կազինոյի շահույթի մասին։ Բնականաբար, ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե ով է Հայաստանում կազինոների սեփականատեր եւ ում էին ուղղված նախարարի հիշեցումները։ Հիմա ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանի մասին ցանկացած ճշմարիտ դիտարկում կամ հիշեցում՝ թեկուզեւ իշխանության ներկայացուցչի կողմից, ԲՀԿ-ական պատգամավորների կողմից պետք է ընդունվի որպես անձնական վիրավորա՞նք: Ծիծաղելի է, հավատացեք:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 




Լրահոս