«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԵՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե գործող իշխանություններից հասարակության մոտ առկա է անասելի դժգոհություն, որը կարող է դրսեւորվել զանգվածային հուզումների տեսքով` հանգեցնելով անկանխատեսելի հետեւանքներով հղի անկառավարելի գործողությունների:

-Պարոն Իսագուլյան , ԱԺ 4 ոչ իշխանական ուժերը որոշել են ապրիլի 28-30-ին անվստահություն հայտնել ՀՀ կառավարությանը ու դրան զուգահեռ Ազատության հրապարակում հանրահավաքներ կազմակերպել: Դուք միանալո՞ւ եք այդ հավաքներին:
-Միանշանակ եւ միարժեք՝ այո: Մենք այն մասով, որը չի առնչվում Ազգային ժողովի աշխատանքներին, այլ լինելու է աշխատանք հասարակության հետ, քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների հետ, ունենալու ենք մեր ակտիվ մասնակցությունը: Ընդ որում այս մասին մենք պաշտոնապես հայտարարել ենք ԲՀԿ 7-րդ համագումարից անմիջապես հետո, երբ պարոն Ծառուկյանը համագումարում հնչեցրած իր ելույթում կոչ արեց քաղաքական, հասարակական ուժերին, անհատ գործիչներին համախմբվել եւ միասնաբար լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները: Ողջունելի է այն հանգամանքը, որ ձեւավորվեց ԱԺ-ում ընդգրկված 4 ոչ իշխանական ուժերի ֆորմատը, որն ապրիլի 28-ին ԱԺ-ում քննության առարկա է դարձնելու՝ ՀՀ կառավարությանն անվստահություն հայնտելու հարցը: Կառավարություն, որի մասին ճիշտ չէ ասել, թե սպառել է իրեն: Այս կառավարությունը սպառված էր ի սկզբանե, եւ իր գործունեության՝ արդեն 7 տարիների ընթացքում, բացի երկրի առաջ նորանոր խնդիրներ ստեղծելուց, որեւէ դրական գործ չի կատարել: Եվ, կարծում եմ, նրանց հարցը չի ավարտվելու միայն նրանց հրաժարականով:
-Արդյոք Ազատության հրապարակում անցկացվելիք շուրջօրյա հանրահավաքները օգնելո՞ւ են, որպեսզի ՀՀ-ում տիրող իրավիճակին լուծում տրվի: Ճի՞շտ եք համարում 4 ուժերի այս գործելաոճը:
-Հայաստանում այսօր անհնար է որեւէ հարցի լուծում առանց հասարակական ակտիվ ու մասսայական աջակցության: Իսկ այն հանգամանքը, որ հասարակության մոտ առկա է անասելի դժգոհություն գործող իշխանություններից եւ այն կարող է ինչ-որ պահից սկսած դրսեւորվել զանգվածային հուզումների տեսքով եւ հանգեցնել անկանխատեսելի հետեւանքներով հղի անկառավարելի գործողությունների, անհերքելի փաստ է: Ուստի անչափ կարեւոր է, որ պետության ու ժողովրդի շահերից ելնելով՝ քաղաքական ուժերն իրենք են նախաձեռնում այդ գործընթացները, որի պարագայում երկիրը զերծ կմնա անցանկալի զարգացումներից ու ցնցումներից:
-Եթե իշխանություններն իրենք նախաձեռնեն կառավարության փոփոխության գործընթաց, ապա, ըստ Ձեզ, դա կարո՞ղ է փոխել ԱԺ ոչ իշխանական ուժերի տրամադրվածությունը:
-Հարցն այս պարագայում ամենեւին էլ անձերի փոփոխության խնդիրը չէ: Հարցն ավելի տարողունակ է եւ իր մեջ ներառում է ծրագրերի, մոտեցումների, ներքին ու արտաքին քաղաքականության նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն: Արդյոք գործող իշխանությունն այդ մոտեցումը կդրսեւորի՞ կառավարության փոփոխությունն իր կողմից նախաձեռնելու պարագայում, թե՞ դա կանի ժամանակ շահելու, ձեւավորված քաղաքական միասնությունը տրոհելու եւ իր իշխանությունը երկարաձգելու համար: Կարծում եմ՝ իշխանություններն իրենց հավատալու ու վստահելու որեւէ ռեսուրս այլեւս չեն թողել: Այսօր շատ դժվար է վստահաբար ասել, թե որտեղից է ղեկավարվում Հայաստանի տնտեսությունը, Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը, եւ շատ ու շատ այլ հարցեր, բայց միանշանակ կարելի է պնդել, որ դրանք չեն ղեկավարվում դրանց համար դե յուրե պատասխանատու անձանց կողմից: Ահա այս համակարգն է, որ պետք է փոխվի հիմնովին:
-Տեղեկություններ կան, որ այս ամենի «հետեւում» ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Ձեր կարծիքով՝ դա հնարավո՞ր է:
-Ինձ միշտ զարմացնում է այս հարցադրումը, եւ ես անկեղծորեն պետք է ասեմ, որ այս հարցի որեւէ պատասխան չի փոխում իրերի վիճակը: Հիմա դուք ինձ հարցեր եք ուղղում, ես դրանց պատասխանում եմ, արժե՞ ինչ-որ մեկին տեսնել մեր հարցուպատասխանի հետեւում: Իհարկե ոչ: Միշտ ասել եմ, որ կոնկրետ ինձ համար ցանկալի է, որ թե՛ առաջին, թե՛ երկրորդ նախագահներն ակտիվ մասնակցություն ունենան Հայաստանի քաղաքական գործընթացներում: Դա իմ ցանկությունն է: Որոշում կայացնողներն իրենք են:
-Նշվում է, որ շուտով Ռ. Քոչարյանն ակտիվ քաղաքականություն է վերադառնալու ու բացահայտ պայքար է մղելու գործող իշխանությունների դեմ, որքանով եք դա հավանական համարում:
-Որքանով ես եմ ճանաչում պարոն Քոչարյանին, նա դեմ աշխատելու բնավորություն չունի եւ միշտ աշխատում է հանուն ինչ-որ բանի: Որոշում ներկայացնելիս էլ՝ առաջնորդվում է սեփական նախաձեռնությամբ:
-Ի վերջո, Ձեզ ինչո՞ւ չհաջողվեց կազմակերպել ՀՀ երեք նախագահների հանդիպումը:
-Այդ հարցը օրակարգից հանված չէ, եւ ես վստահ եմ, որ այդ նախաձեռնությունն իրականություն կդառնա: Գուցե թե արդեն հանդիպումը լինի ՀՀ 4 նախագահների ֆորմատով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ 5 ՏԱՐԻ ԱՇԽԱՏԵԼ ԷՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՐ

 

 

Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ինքը դեռեւս չգիտի` որոնք են լինելու իրենց հետագա քայլերը:

Նշենք, որ Հակոբ Հակոբյանը Սահմանադրական դատարանում հանդես էր գալիս «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պաշտպանությամբ: ՍԴ-ի որոշումից հետո Հ. Հակոբյանը հայտարարեց, թե «Սահմանադրական դատարանը փաստեց հետեւյալը, որ մեր ընդունած օրենքի այս-այս դրույթները Սահմանադրությանը չեն համապատասխանում եւ հետեւաբար մենք դա պետք է փոխենք: Ես բոլորին խնդրում եմ առայժմ վճարումների մասին չխոսել եւ լրատվություն չտարածել, թող մի երկու օր անցնի, մենք բոլորս կարդանք էդ որոշումը ու նոր խոսենք: Ես հստակ կարող եմ մի բան ասել, որ ըստ ՍԴ որոշման` պետք է համապատասխան փոփոխություններ լինեն»: ՍԴ որոշման կապակցությամբ «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել Հակոբ Հակոբյանին:
-Պարոն Հակոբյան, շուրջ 5 տարի Դուք աշխատել եք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ստեղծման վրա, սակայն ՀՀ Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածները համարեց Սահմանադրությանը հակասող: Ինչպես եք վերաբերվում այդ փաստին:
-Այո, ես աշախտել եմ այդ ծրագրի վրա 5 տարի ու Սահմանադրական դատարանը համարեց, որ հակասող են նորմերը՝ նշված հոդվածներով: Ու դեռեւս ես պետք է ուսումնասիրեմ որոշումը, որպեսզի իմ տեսակետն ասեմ այդ մասին:
-Բայց այս ընթացքում համակարգի կատարելագործման վրա ահռելի գումարներ են ծախսվել, տարիներ են վատնվել համակարգի ստեղծման համար, չե՞ք ափսոսում այդ ամենի համար: Հնարավոր է նաեւ համակարգն ընդհանրապես չգործարկվի:
-Նախ նշեմ, որ ես բացարձակ գումարներ չեմ ծախսել եւ նման ծախսված գումարներից բացարձակ անտեղյակ եմ: Այո, 5 տարի ես տանջվել եմ այդ համակարգի ստեղծման վրա: Բայց ես այդ ամենից վատ չեմ չգում, ես ինձ լավ եմ զգում: Մի բան հստակ է. կար վեճ օրենքի որոշակի դրույթների սահմանադրականության հետ կապված, մյուսները սահմանադրական են: Իսկ հետագայում կերեւա, թե ինչ է լինելու:
-Իսկ որո՞նք են լինելու Ձեր հետագա քայլերը:
-Երբ որ գա ժամանակը, դուք դա կիմանաք:
-Այսինքն՝ դեռեւս հստակ որոշում չունե՞ք, թե ինչ եք անելու. հրաժարվելո՞ւ եք համակարգից, թե՞ ոչ:
-Հստակ որոշում գոնե ես այս պահի դրությամբ չունեմ, դա հաստատ: Հետագայում պարզ կդառնա:

 

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ

2012թ. ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանի հավաքականի անբավարար արդյունքներից հետո ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հավաքականի ձախողումները վերագրեց ֆեդերացիայի նախագահին եւ Սամվել Խաչատրյանը հրաժարական տվեց 2012թ սեպտեմբերի 6-ին: Սակայն այդ որոշումից հետո ֆեդերացիայում այլ բնույթի խախտումներ են ի հայտ եկել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նոր նշանակված նախագահ Արմեն Շահազիզյանը հայտնվել է Պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում: Պարզեցինք, որ մարտի 8-ին Ֆեդերացիայի նախագահ Շահազիզյանը մաքսային ճանապարհով Հայաստան է ներմուծել մարզական գույք՝ մասնավորապես ծանրաձող, սակայն չի հայտարարագրել դրանք: ՊԵԿ-ն էլ մաքսային մարմին չներկայացված փաստաթղթերի համար 50.000 դրամ տուգանքի է ենթարկել ծանրամարտի ֆեդերացիայի նախագահին:

 

ԽՄԲԵՐՈՎ

ՍԴ որոշումից հետո, երբ հակասահմանադրական ճանաչվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, «հրաշալի քառյակը» երեկ երեկոյան կրկին համատեղ նիստ է անցկացրել: Ոչ իշխանական ուժերը քննարկել են կուսակցությունների ղեկավարների ֆորմատով հանդիպում կազմակերպելու հնարավորությունը եւ դրա հետ կապված հարցեր: Ընդ որում, շատ հավանական է, որ չորս կուսակցությունների առաջնորդներն էլ ելույթ ունենան ապրիլի 28-30-ը կայանալիք եռօրյա հանրահավաքների ժամանակ: Մինչ այդ, սակայն, ոչ իշխանական ուժերը հանդիպումներ են ծրագրել հանրապետության մյուս մարզերում՝ մասնավորապես Գյումրիում ու Վանաձորում: Բացի այդ, ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ»-ի աղբյուրները, չորս ուժերը ձեւավորել են երեք աշխատանքային խմբեր, որոնք գործելու են առաջիկայում. այդ խմբերը զբաղվելու են քարոզչական, հանրահավաքի կազմակերպչական-նախապատրաստական աշխատանքներով, ինչպես նաեւ լինելու է կուսակցությունների երիտասարդական կառույցների համագործակցության խումբ:

 

ՆԱՄԱԿ` ԲԱՆ ԿԻ ՄՈՒՆԻՆ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, որտեղ, մասնավորապես, ասված է. «Այս սոսկալի հարձակումները մեծապես վտանգում են ՄԱԿ-ի ԱԽ կողմից միաձայն ընդունված 2139 եւ 2118 բանաձեւերի իրականացումը, որոնք ուղղված են ճանապարհ հարթելու սիրիական ճգնաժամի լուծման համար: Շատ կարեւոր է անհապաղ պահանջել թուրքական իշխանություններից ձեռնարկելու հրատապ քայլեր՝ ծայրահեղական խմբերի կողմից իր տարածքի հետագա օգտագործումը կանխելու համար: Միջազգային հանրությունը պետք է վճռական ջանքեր գործադրի տեղահանված մարդկանց՝ ներառյալ հայերի, ապահովությունը եւ անվտանգությունը երաշխավորելու համար, պայմաններ ստեղծելու իրենց բնակության վայրերը նրանց շտապ, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի համար»։




Լրահոս