Վանաձորի բնակիչ 37-ամյա Ա. Ս.-ն, 1 տարի է, անազատության մեջ է: Նա պատիժ է կրում ընկերոջը սպանելու մեղադրանքով: Առաջին ատյանի դատարանը վճռել է նրան դատապարտել 13 տարվա ազատազրկման: Վճիռը բողոքարկել է, Վերաքննիչ քրեական դատարանը գործը վարույթ է ընդունել:
Armlur.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ 2013թ. հունվարի 8-ին Ա. Ս.-ն սպանել էր իր մտերիմ մանկության ընկերոջը, ինչպես նախաքննությամբ էր պարզվել, խանդի հողի վրա:
Ա.-ի կինը Ամանորի գիշերը նրան պատմել էր, թե տարիներ առաջ նրա ընկեր Մհերն իր հետ սեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել: Կինն ասել էր, որ մերժել է ամուսնու ընկերոջ առաջարկը, ապա ամուսինն ապտակել էր կնոջն ու սկսել ընկերոջից վրեժ լուծելու ծրագիր կազմել:
Ա.-ի նախաքննական ցուցմունքի համաձայն` ինքը նախ որոշել է մի լավ ծեծել ընկերոջը կամ շրջապատում նվաստացնել նրան, բայց հետո վճռել է սպանել, քանի որ, իր խոսքով, նման սրբապղծություն անող մարդը չպետք է ապրի:
Եվ ահա հունվարի 8-ին գալով ընկերոջ մոտ՝ նրա մեքենայով միասին գնացել են բանկ` վարկ մարելու: Ճանապարհին` ավտոմեքենայի մեջ, Ա.-ն հանել էր դանակն ու երեք անգամ հարվածել ընկերոջ կրծքավանդակի աջ կեսին, ապա ևս 9 անգամ՝ ձախ ազդրին:
Այստեղ Ա.-ն համբուրել է մանկության ընկերոջ այտը և, ասելով՝ «հաջող, ապե՛ր, գնա՛», դուրս եկել ավտոմեքենայից ու դիմել փախուստի:
Հետո նաև կնոջն է զանհագարել ու ասել, որ թե իր անելունն արել է ու Վանաձոր վերադառնալու փոխարեն՝ գնացել է Տավուշի մարզի Ծաղկավան գյուղ:
Իսկ սպանվածի այրին` Լուսինեն, դատարանում հայտարարել է, թե սպանողի կինն է ամուսնուն հետապնդել, իսկ իր ամուսինը մերժել է նրան ու խուսափել նրա հետ հանդիպելուց, ինչի հետևանքով 2 ընկերների ընտանիքների երբեմնի մտերմական հարաբերությունները վերջին շրջանում սկսել էին սառել:
Սպանվածի այրին ասել էր նաև, որ անձամբ է տեսել Ա.-ի կնոջ՝ իր ամուսնուն դեռևս 2008թ. գրած SMS հաղորդագրությունը, որտեղ նա իր ամուսնուն գրել է. «Ես քո հոտին մեռնեմ, խնդրում եմ՝ գոնե մի գիշեր ինձ պարգևի. Մնջոյի Քիսո»: Նշենք, որ դատապարտյալին մտերիմները Մնջո են անվանել: