ԵԹԵ ԿՈՐՑՆԵՍ ԵՐԿԻՐԴ, ԿԿՈՐՑՆԵՍ ԱՄԵՆ ԻՆՉԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Լալա Մնացականյանը վերջերս է վերադարձել Չեխիայից, որտեղ ներկայացրել է Կարել Չապեկի «Մայրը» դրաման։ Սիրված դերասանուհին մարմնավորում է մոր կերպարը ու նաեւ ներկայացման բեմադրիչն է, իսկ որդիների դերերը կատարում են Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ուսանողները։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա պատմեց, որ ներկայացման պրեմիերան կայացել է 2012 թվականի փետրվարին։

-Երբ ձեռնամուխ եղա այս գործի իրականացմանը, իմ նպատակներից մեկն էլ իմանալն էր, թե ինչ են մեզ մոտ սովորել ուսանողները, ինչի են հասել։ Եվ պարզվեց, որ նրանք բավականին լուրջ աշխատանք կատարեցին, եւ Չեխիայում ու Բրեստում նույնիսկ չէին հավատում, որ ուսանողներ են։ Ամենակարեւորն այն է, որ ներկայացումը բեմադրելիս հասկացել եմ, թե ինչ եմ ուզում անել եւ ուր եմ ուզում գնալ։ Մինչ Չեխիա գնալը ներկայացումը բեմադրել ենք Բրեստի միջազգային փառատոնում, շահել հանդիսատեսի համակրանքը։
-Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք Չեխիայում։
-Ես առանց որեւէ ակնկալիքի վատ նկարած DVD եմ տվել, որպեսզի տանեն նայեն։ Դրանից մեկ ամիս հետո՝ սեպտեմբերին, զանգեցին Չեխիայում ՀՀ դեսպանատնից, ասացին, որ հիացել են ներկայացումով եւ հրավիրեցին այն խաղալ նաեւ Չեխիայում։ Մինչեւ ապրիլ աշխատեցինք, որպեսզի կարողանանք խումբը մի քանի օրով տանել Պրահա։ Մեզ աջակցել են Մշակույթի նախարարությունը, ինստիտուտը, դեսպանատունը եւ, իհարկե, չեխական կողմը։ Խաղացինք ապրիլի 7-ին եւ 8-ին… Չեմ ուզում շատ մանրամասներ պատմել, միայն նշեմ, որ հարգարժան հյուրեր կային, թատերագետները բարձր գնահատական տվեցին ներկայացմանը, իսկ երբ դուրս եկա ճեմասրահ, հանդիսատեսը սպասում էր ինձ եւ դիմավորեց ծափողջույններով։ Չեխերն ասում էին, որ իրենք շատ սառը ժողովուրդ են, բայց մենք իրենց ստիպել ենք մի քանի անգամ արտասվել։ Ի դեպ, մի կին նաեւ ասաց, որ ես ավելի լավ էի խաղում, քան հենց ԿարելՉապեկի կինը, ով ժամանակին ամուսնու դրամայում նույնպես մարմնավորել էր մոր կերպարը։
-Հայկական համայնքի հետ հանդիպումներ եղա՞ն։
-Այնտեղ համայնքը մեծ չէ, եւ ներկայացումը նրանց համախմբեց: Երեւելի մարդիկ, նաեւ բարերարներ եկան, ովքեր մեզ շատ օգնեցին։
-Ներկայացման ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր կան։
-Մի ցավալի հարց կա. բոլոր տղաներն արդեն զորակոչային տարիքի են, բանակ պետք է գնան, եւ եթե կարողանան համատեղել… Դիմել ենք պաշտպանության նախարարին, որ աջակցի, բայց դեռեւս պատասխան չկա։ Որոշել ենք ամեն մի ներկայացում նվիրել որեւէ ազատամարտիկի, ինչպես նաեւ ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի հիշատակին, ով նույնպես մասնակցել է ազատամարտին։ Մեր ներկայացումը կարող է զինվորների մարտունակության ոգին բարձրացնել, այն քարոզում է հայրենասիրություն, մարդասիրություն, առաքինություն, արժանապատվություն:
-Ինչի՞ մասին է դրաման։
-Մայրն իր որդիներին իրար հետեւից կորցնում է. նրանք զոհվում են, մնում է վերջին որդին, ով նույնպես որոշում է գնալ հայրենիքը պաշտպանելու։ Եվ մայրը կանգնում է երկընտրանքի առաջ. միմյանց դեմ պայքարում են մայրական սերն ու պարտքը հայրենիքի հանդեպ։ Եթե կորցնես քո երկիրը, կկորցնես քո ամեն ինչը՝ անցյալը, ներկան, ապագան, բայց ինչպե՞ս հավանական մահվան ուղարկես քո վերջին, արդեն միակ զավակին։
-Ձեր ներկայացումը արտերկրում լավ արձագանքների է արժանացել ոչ միայն հանդիսատեսի, այլ նաեւ մասնագետների կողմից, այսինքն՝ հայ թատրոնն ընդունվում, գնահատվում է դրսում, մինչդեռ մեզ մոտ անցյալ տարի թատերական բնագավառում պետական մրցանակ չշնորհվեց։
-Ես հանձնաժողովին էի ներկայացրել իմ այս դերակատարումը, բայց պարզվեց, որ «շատ լավ» կոլեգաներ ունեմ։ Ընդ որում, հանձնաժողովի 9 անդամից ընտրությանը մասնակցել էր միայն 4-ը, ովքեր էլ որոշեցին ներկայացված աշխատանքների ճակատագիրը։ Մի խոսքով՝ վերաբերմունքն, այսպես ասած, «պտիչկային» էր։

 

 

 
ՄԻ ՆՈՐ «ՄՐՑՈՒՅԹ»

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարել է բաց մրցույթ «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի համար: Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր էր մնացել այս տարվա հունվարի 8-ին՝ Արմեն Մազմանյանի մահվանից հետո։ Մրցույթը տեղի կունենա 2014 թ. հունիսի 2-ին։ Դիմումներն ընդունվելու են ապրիլի 23-ից մինչեւ մայիսի 22-ը։

Նախարարության հայտարարության մեջ նշված է, որ «մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտամանկավարժական աշխատանքի փորձ, գիտությունների դոկտորի աստիճան եւ (կամ) պրոֆեսորի գիտական կոչում, կամ գիտությունների թեկնածուի աստիճան եւ (կամ) դոցենտի կոչում ու ՀՀ ժողովրդական արտիստի կամ ՀՀ վաստակավոր արտիստի, կամ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, կամ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում, ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, ռեկտորի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ ՀՀ Սահմանադրություն, կրթության եւ գիտության ոլորտի ՀՀ օրենսդրություն եւ այլ իրավական ակտեր)։ Հավակնորդը պարտավոր է ներկայացնել ուսումնական հաստատության զարգացման եւ բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ)»: Սա, այսպես ասած, երեւացող, պաշտոնական մասն է, իսկ թե ինչ է լինելու իրականում, ինչպես է կատարվելու այդ «ընտրությունը», շատերը համոզվեցին բոլորովին վերջերս։ Խոսքը վերաբերում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին, որի արդյունքում թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվեց մշակութային աշխարհին անհայտ, բայց, ըստ մամուլի հրապարակումների, Արմեն Սմբատյանի հովանավորությունը վայելող Անդրանիկ Արզումանյանը:
Իհարկե, երեւի կանցկացվի գրավոր, ապա բանավոր մրցույթ, մասնակիցներն ինչ-որ թեստեր կլրացնեն, միավորներ կհավաքեն, ոմանք կոգեւորվեն, ոմանք կհիասթափվեն, բայց դա իզուր կարվի, քանի որ արդեն ամեն ինչ կանխորոշված կլինի։ Ու ինչպես միշտ` ռեկտոր կնշանակվի իշխանությունների կամ նրանց մոտ կանգնած որեւէ հայտնի անձնավորության հովանավորյալը։ Հիշեցնենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի հրամանով՝ ապրիլի 11-ից վերոնշյալ բուհի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել գրող, կինոգետ, ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Դավիթ Մուրադյանը։ Վերջինս կոռեկտ չհամարեց որեւէ բան ասել իր նշանակման, ծրագրերի եւ անելիքների մասին՝ հավելելով, որ այդ մասին կխոսի մրցույթի ավարտից հետո։

Նյութերը՝ ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ԷԳՈՅԱՆԻ ՖԻԼՄԸ ԿԱՆՆՈՒՄ
Կանադահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանի վերջին աշխատանքը՝ «Գերիները» գեղարվեստական ֆիլմը, կցուցադրվի Կաննի միջազգային 67-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում: Էգոյանը երկու այլ ռեժիսորների՝ Դեյվիդ Կրոնենբերգի եւ Քսավիե Դոլանի հետ կներկայացնի Կանադան՝ միանգամից 3 ֆիլմով: Հիշեցնենք, որ վերջին անգամ Էգոյանը Կաննում հանդես էր եկել 2008-ին իր «Երկրպագություն» ֆիլմով: «Գերիները» հոգեբանական թրիլեր է, որը ներկայացնում է մի ընտանիքի կյանքը այն բանից հետո, երբ նրա անդամն առեւանգվում է:

 

ՄԱՀԱՑԵԼ Է ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԼԵԳԵՆԴԸ
Մեքսիկայում 87 տարեկան հասակում մահացել է հայտնի գրող, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը: Հիշեցնենք, որ մարտի 31-ին Գարսիա Մարկեսը թոքերի բորբոքումով հոսպիտալացվել էր Մեքսիկայի մայրաքաղաքային հիվանդանոց:

 

ԱՄԵՆԱՄԵԾ ՇՈԿՈԼԱԴԵ ՍԱԼԻԿԸ
Արգենտինայում պատրաստել են աշխարհում ամենամեծ շոկոլադե սալիկը, որն ունի 130մ երկարություն եւ 800 կգ քաշ: Հսկայական սալիկի պատրաստումը, որը Սան Կարլոս դե Բարիլոչե քաղաքում շոկոլադին նվիրված ազգային տոնի շրջանակում է արվել, տեւել է ընդամենը 20 րոպե: Պատրաստմանը մասնակցել է 35 հրուշակագործ, որոնք հույս ունեն, որ իրենց աշխատանքը կընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքում: Սալիկը բաժանել են 23.000 կտորի, որոնք էլ բաժանվել են հավաքվածներին: Ի դեպ, հրուշակագործները հասցրել են պատրաստել արդեն Զատկի շոկոլադե ձու՝ 5մ տրամագծով եւ 9մ բարձրությամբ: Ձվի պատրաստման համար պահանջվել է ավելի քան 4 տոննա շոկոլադ:




Լրահոս