«ԹԱՏՐՈՆՈՒՄ ԱՅԼԱՍԵՐՈՒԹՅԱՆ ԳԻԾ Է ՆԿԱՏՎՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Շողեր Գրիգորյանը, ով հանրությանը հայտնի է նաեւ սերիալներից, այն կարծիքին է, որ ինչպես, օրինակ, հեռուստատեսության ոլորտում, արեւմտյան թատրոնում այսօր այլասերության գիծ է նկատվում: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ Հայաստանը իր ավանդույթների մեջ «կարծրացած լինելով»՝ գուցե կարողանա զերծ մնալ դրանից, սակայն, միեւնույնն է, երբ քամին փչում է, անցնում է բոլոր ճեղքերով:

-Դոստոեւսկու հերոսուհիներից Նաստասիա Ֆիլիպովնայի դերը Վարդուհի Վարդերեսյանից, Մետաքսյա Սիմոնյանից հետո հայ բեմում խաղալը պարտավորեցնող չէ՞ր:
-Հատկապես Մետաքսյա Սիմոնյանի դերակատարումը շատերի մտքում է մնացել, բեմադրիչ Վահե Շահվերդյանն էլ չի մոռանում այն, ինչ ստացել էր մեծ դերասանուհին: Բայց մենք նորովի լուծում տվեցինք իմ կերպարին, ես բեմ բերեցի իմ պատկերացրած Նաստասիա Ֆիլիպովնային:
-Դուք համարձակություն գտաք անգամ հանդես գալու որպես երգչուհի: Որպես արտիստուհի՝ դերասանական արվեստում ներկայանալը քի՞չ էր թվում:
-Այո՛, ինձ տրվել է այնպիսի հնարավորություն, որի նմանը շատ երգիչներ կփնտրեն ու չեն գտնի: Առաջիկայում կունենամ ակումբային կենդանի համերգներ, հիմնականում հանդես եմ գալու բլյուզ ոճում:
-Հայկական թատրոնն այսօրվա խնդիրներին կարողանո՞ւմ է անդրադառնալ առհասարակ, ըստ Ձեզ՝ նորովի ներկայանալու խնդիր ունի՞:
-Ինչպես հեռուստատեսությունում, այնպես էլ թատրոնում այսօր այլասերության գիծ է նկատվում. խոսքը արեւմտյան թատրոնի մասին է: Դրան առնչվող ընդհանուր քարոզ կա աշխարհում, որն աստիճանաբար ավելի ակնհայտ է դառնում: Երբեմն մտածում եմ, որ Հայաստանը իր ավանդույթների մեջ «կարծրացած լինելով»՝ գուցե կարողանա զերծ մնալ դրանից, սակայն, միեւնույնն է, երբ քամին փչում է, անցնում է բոլոր ճեղքերով: Եթե մենք կանգուն լինենք, քրիստոնյայի մեր կերպը պահենք, գուցե հաջողվի արեւմուտքից եկող այդ քամուն ընդդիմանալ:
-Սովորել եք Փարիզի ազգային բարձրագույն թատերական կոնսերվատորիայում. ֆրանսիացի դերասանները մերոնց պես շո՞ւտ են վարակվում «աստղային հիվանդությամբ»:
-Այնտեղ դերասանները զարմանալիորեն աշխատասեր են՝ այդքան շնորհալի լինելուն զուգահեռ: Իսկ մեր դերասանը, չգիտես ինչի հաշվին, շատ շուտ համոզվում է, որ ինքն իր կարիերայի պիկին է. դա շատ ծիծաղելի է, նույն ֆրանսիացուն դա երբեք չես համոզի:
-Ձեր անունը կապվում է ֆրանսահայ ռեժիսոր Ռոբերտ Կետիկյանի հետ. նա Ձեզ հովանավորո՞ւմ է, ինչ-որ բանում օգնո՞ւմ է:
-Կետիկյան ամուսիններն ինձ շատ հարցերում օգնել են, կարելի է ասել, հոգեւոր ծնողների դեր են տարել: Ուրախ եմ, որ դասական կինոյի ներկայացուցիչ հայրենակից ունեմ, կարելի է ասել, այո, Կետիկյան ամուսիններն ինձ համար հովանավորի պես մի բան են:
-Նաեւ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հետ առնչության մասին է խոսվում. ոմանք քննադատաբար են մոտենում այն հանգամանքին, որ արտիստը կարող է իր արվեստը «սահմանափակել» կրոնական գաղափարներով:
-Ուզում եմ, որ մեզ որակավորելու, անուններ դնելու հարցը թողնենք Աստծուն: Այսօր շատ հեշտ է մարդուն պիտակավորելը, եկեք պարզապես ապրենք, ու ամեն մարդ իր արած գործի չափով պատասխան կտա Աստծուն:
-Մի ժամանակ «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուի սցենարիստներից էիք. հիմա կարծես էլ ոչ. քննադատություններից «փախա՞ք»:
-Չէ՛, այն իր բնույթով աստիճանաբար դարձավ սոցիալական ոլոտին առնչվող ծրագիր: Ի դեպ, թոք-շոուի շրջանակներում աշխատելով՝ մի լավ ձեռքբերում ունեցա՝ մի հաղորդում պատրաստեցի սոցիալական ծանր դրության մեջ ապրող երաժիշտների ընտանիքի մասին: Տեսանյութը ձեռքիս գնացի մեր գործարարներից մեկի մոտ ու ռոմանտիկ բաներ ասացի այն մասին, որ հարուստները պետք է իրենց ունեցվածքը կիսեն աղքատների հետ: Եվ… չեք պատկերացնի, բայց նա իմ անկեղծ հավատս չկոտրելով՝ ֆինանսապես օգնեց այդ ընտանիքին. այդ մարդիկ կարողացան իրենց համար տան հիմք գցել:
-Զրույցի ավարտին մի քիչ էլ անձնականից խոսենք: Մի առիթով նշել եք, որ տղամարդը չպետք է վախենա կնոջը պարտվելուց. իսկ հակառա՞կը:
-Կարծեմ Բրիջիդ Բորդոն էր ասել՝ կինը որքան ուժեղանում է, նա այնքան դժբախտ է: Եթե ուզում ես միայնակ չլինել, պետք է գտնես այն տղամարդուն, որին «պարտվելիս» սրտիցդ արյուն չկաթի (ծիծաղում է): Առհասարակ, կինն ու տղամարդը պետք է տարբեր լինեն՝ իրար սիրելու համար եւ պետք է նման լինեն՝ միմյանց հասկանալու համար…

 

 

 

ԿՈՉՈ՞ՒՄՆ Է, ՈՐ ՊԵՏՔ Է ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԴԱՐՁՆԻ

Որքան էլ արտիստներն արդարացիորեն պնդեն, որ իրենց արվեստը գնահատողը ժողովուրդն է, եւ նրա ծափահարությունն ամենակարեւորն է, ոչ ոք չի կարող ժխտել, որ պետության կողմից շնորհված կոչումները եւս էական են: Եւ այստեղ է, որ հետաքրքիր պատկերի ենք բախվում. ժողովդի կողմից սիրված շատ արվեստագետներ պետության կողմից մոռացված են:

Հետաքրքիր է, որ օրինակ՝ իրեն ռաբիս երգիչ համարող Թաթա Սիմոնյանը վաստակավոր արտիստ է, Ռուբեն Հախվերդյանը՝ ոչ, այդ կոչումին արժանացել է, օրինակ, Կամո Սեյրանյանը, իսկ Վահան Արծրունին՝ ոչ… Ի վերջո, ի՞նչ սկզբունքով են ընտրվում վաստակավորներն ու ժողովրդական արտիստները:
«Ես ներկա Կառավարության ձեռքից ոչինչ չեմ վերցնի. դա ինձ համար վիրավորանք կլինի, ոչ թե «կոմպլիմենտ»: Նախագահն ադրբեջանական երաժշտություն նվագող մեկին, անունը չեմ հիշում, տալիս է «Մեսրոպ Մաշտոցի» շքանշան, Պուգաչովային է այդ պարգեւը շնորհում… Սերժ Սարգսյանը երեւի չի իմացել, որ Մաշտոցը սրբերի շարքին է դասվում, պիոներ-ջոկատավարի ինտելեկտով մարդ է, ի՞նչ պետք է իմանա՝ Մաշտոցն ով է»,-«Ժողովուրդ» թերթին հայտնեց Ռուբեն Հախվերդյանը:
Դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այդ կոչումներին միշտ դեմ է եղել: Մեր այն դիտարկմանը, որ հնարավոր է՝ ինքը մինչեւ այժմ հանդես է եկել ըմբոստ արվեստագետի դիրքերից եւ գուցե այդ պատճառով ոչ մի կոչման չի արժանացել, դերասանը պատասխանեց. «Շատ հնարավոր է… Բայց լավ են անում, որ չեն տալիս, ես կշպրտեի: Նման բաներ հանձնելու իրավունքը միայն ու միայն ժողովրդինն է, իսկ պետական ապարատը պետք է վավերացնող լինի, ուրիշ ոչինչ»,-նկատեց նա:
Երգիչ, երգահան Վահան Արծրունին էլ նշեց, որ մեր երկրում կոչում ստանալը բավական նվաստացուցիչ գործընթաց է. յուրաքանչյուր թեկնածու պետք է իրեն գովերգող երեք բնութագրություն ներկայացնի, որից հետո անհայտ հանձնաժողովն անհայտ չափորոշիչներով պետք է կայացնի իր որոշումը. «Այն եզակի դեպքերում, երբ այդ կոչումները ստանում են իրապես արժանի արվեստագետներ, դրանք ընդամենը պատահականություններ են կամ հաշվարկված քայլեր, որոնց նպատակը համատարած խայտառակ իրավիճակն այս բնագավառում քողարկելն է»,-կարծիք հայտնեց նա:
Հիշեցնենք, որ ոչ մի կոչում չունեն նաեւ երգիչներ Արաքս Մանսուրյանը, Արթուր Մեսչյանը, դերասանուհի Ալլա Թումանյանը եւ այլք:
Հ.Գ. Սովորաբար ՀՀ նախագահի նստավայրի հետ ակտիվ համագործակցություն ծավալող կամ այդ շենքում «ծանոթ» ունեցող մարդին են հայտնվում կոչում ստացողների ցանկում: Անգամ մշակույթի նախարարության ներկայացրած ցանկում լինելը երբեմն երաշխիք չէ՝ պարգեւ ստանալու հարցում:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՆՈՐ ՍԻՐԱՎԵ՞Պ
«Հարազատ թշնամի» սերիալի գլխավոր հերոսուհուն մարմնավորող Լիկա Սալմանյանը կրկին կասկածվում է ընտրյալ ունենալու համար: Այս անգամ սիրավեպ են վերագրում նրան եւ երգահան Արման Անտոնյանին: BRAVO.am-ը կապ է հաստատել կողմերի հետ եւ պարզել, որ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
«Ես եւ Լիկան վաղեմի եւ շատ մտերիմ ընկերներ ենք: Հաճախ ենք հանդիպում, սելֆիներ անում եւ տեղադրում «Ինստագրամ»-ում: Առանց իսկությունն իմանալու նկարները վերցրել են եւ տեղադրել կայքերում»,-նշել է Արմանը՝ հավելելով, որ կարդալով ստահոդ լուրը՝ ծիծաղել է, հետո արդեն՝ բարկացել:
Լիկա Սալմանյանն իր հերթին նկատել է, որ լրատվամիջոցներն իրեն բազմիցս «ամուսնացրել» եւ «բաժանել» են: «Նման խոսակցությունները սովորական են դարձել: «Արդեն չեմ հիշում՝ սա որերորդ դեպքն է»,-ասել է նա:

 

ՄՐԱՅԱ ՔԵՐԻՆ ԽԱՅՏԱՌԱԿ Է ԵՂԵԼ
Երգչուհի Մրայա Քերին դեկտեմբերի 4-ին Նյու Յորքի Ռոքֆելերյան կենտրոնում սուրբ ծննդյան լույսերը վառելու արարողության ժամանակ կատարել է «All I Want fo Christmas Is You» երգը եւ արժանացել հանդիսատեսի քննադատություններին: Երգչուհին արարողությանը երեք ժամ ուշացումով է ներկայացել եւ հիասթափեցրել է երկրպագուներին՝ չկարողանալով երգել բարձր նոտաները: Նրա ձայնը շատ հեռու է եղել մաքուր լինելուց:
«Ծննդաբերությունից հետո երգչուհիները կարող են որոշ ձայնային խնդիրներ ունենալ, բայց Մրայայի կատարումը սարսափելի էր»,-Twitter-ում գրել է ներկաներից մեկը:
Ինքը՝ երգչուհին, իր միկրոբլոգում ներողություն է խնդրել ուշացման համար, իսկ նրա ներկայացուցիչը պարզաբանել է, որ Մրայան հրաժարվել էր մեքենայից դուրս գալ վատ եղանակի պատճառով:

 

ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ԲԱԺԱՆՎՈ՞ՒՄ Է
Վերջին շրջանում լուրեր էին տարածվել, որ ամերիկյան ռեալիթի շոուների աստղ, հայազգի մոդել Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը ցանկանում են 2-րդ երեխան ունենալ, այնինչ զույգին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ ամուսինները պատրաստվում են բաժանվել: lifeandstylemag.com-ի փոխանցմամբ՝ նրանց ամուսնության վերջին կես տարին լի է եղել վեճերով: Բանն այն է, որ ռեփերը շատ խիստ է Քիմ Քարդաշյանի նկատմամբ: Քանյեն վերջերս չի մասնակցում անգամ Քարդաշյանների ընտանեկան հավաքներին:




Լրահոս