Նախկին բռնապետներին խորհուրդ եմ տալիս դիտել Չաուշեսկուի գնդակահարության կադրերը. Շողեր Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ աջակցությունն եմ հայտնում ՀՀ վարչապետին եւ իր թիմակիցներին, իսկ նրանք, ովքեր ուզում են խափանել նրա ծրագրերը, սպառնում են քաղաքականություն վերադառնալով, այդ նախկին  բռնապետներին խորհուրդ եմ տալիս նայել Չաուշեսկուի գնդակահարության կադրերը, եւ թող նրանք փառք տան Աստծուն, որ մեր հեղափոխությունը սիրո է եւ թավշյա։ Հիմա ժողովուրդն առավել քան երբեւէ միասնական է, եւ անմտություն է դուրս գալ նրա դեմ։ Ով որտեղից, ինչպես կարող է, պետք է օգնի հայրենիքին»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց դերասանուհի Շողեր Գրիգորյանը, ով այժմ բնակվում է Մոսկվայում։

Նա ուրախություն է հայտնում Հայաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների առիթով։ Շողերը հեղափոխությանը հաջորդած օրերին ամեն անգամ քնից վախեցած է արթնացել՝ մտածելով, որ այդ ամենը գուցե երազում  է եղել․ «Իրականում այնպես չէ, որ ամեն բան իդեալական է, բայց հնարավորություն է տրվել կառուցելու երկիրը, ստեղծելու մի  ինքնիշխան պետություն, որտեղ քաղաքացին իրեն պաշտպանված կզգա» ,-նկատեց դերասանուհին։

Նա ունի մի շարք ծանոթներ եւ ընկերներ, որոնք ընտանիքներով վերադառնում են հայրենիք․ «Ես գիտեի, որ մեծ ներգաղթ է լինելու դեպի Հայաստան, հիմա մնում է արդեն բոլորի համար աշխատատեղ լինի»,-հավելեց Շողերը։ 

Նա հարգում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մոտեցումը, որ վերջինս չի խառնվում դատական համակարգի ներկայացուցիչների գործերին, սակայն համարում է, որ դրանից կարող են տուժել նրանք, ովքեր անարդարացիորեն հայտնվել են ճաղերի ետեւում․ «Դատական համակարգի ներկայացուցիչները նախորդ ռեժիմից են եւ շարունակում են փրփուրներից կախվել, փորձում են իրենց իշխանությունն ատամներով պահել։ Բայց հավատում եմ, որ, ամեն դեպքում, ամեն ինչ լավ է լինելու»,-շեշտեց Շողերը։

Նա հետեւում է նաեւ Երեւանի ավագանու գալիք  ընտրությունների  շրջանակում տարվող քարոզարշավին, քաղաքական ուժերի ծրագրերին․ «Ես այն մարդկանցից եմ, որոնք վերապահորեն են մոտենում «Իմ քայլը» դաշինքի  ցուցակի առաջին համարի՝ Հայկ Մարությանի առաջադրմանը, սակայն միեւնույն ժամանակ հիշում եմ, որ նա, օրինակ, «Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ` ջրցանի օրը, ընտանիքով, այդ թվում՝ երեխաներով այնտեղ կանգնած էր։ Դա գոտեպնդող էր, այնպես որ ես վստահում եմ Հայկին»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Աննա Բաբաջանյան

 




Լրահոս