Ռուսաստանի մեկուսարաններից մեկում 100 կալանավոր է ապստամբել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին Չելյաբինսկի քննչական մեկուսարանում ապստամբել է 100 կալանավոր. տեղեկացնում է Газета РУ-ն:

Անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ դատապարտյալներից մեկը, ում մոտ բջջային հեռախոս էին հայտնաբերել, հրաժարվել է դուրս գալ բանտախցից և մյուսներին կոչ է արել ինքախեղմամբ զբաղվել:

Գիշերը ժամը 1:30-ին կողքի բանտախցի կալանավորները սկսել են հարվածել դռներին, ջուր լցնել միջանցք, ծխահարում առաջացնել՝ այրելով ներքնակներից հանված բամբակի կտորները:

Նրանց միացել է 100 կալանավոր, որոնց պահում էին 30 բանտախցերում: Նրանցից ութն իրենց աննշան վնասվածքներ են հասցրել: Նրանց անմիջապես օգնություն է ցուցաբերվել: Մեկուսարանի ղեկավարության հավաստմամբ՝ հատուկ միջոցներ չեն կիրառվել, տուժածներ չկան:

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, անկարգությունները սկսել են հասունանալ դեռևս դեկտեմբերի 8-ին: Կալանավորներին դադարել են կերակրել, ապահովել դեղորայքով, անջատել են ջրամատակարարումը: Կալանավայրի ղեկավարությունն այդ տեղեկությունները հերքում է:




Լրահոս