ՈՎ Է ԲՌՆԵԼՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՁԵՌՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվիճելի է, որ այսօր Հայաստանի գլխավոր հիմնախնդիրն օրեցօր ահագնացող արտագաղթն է: Հետեւանքները տեսանելի էին անգամ Ծիծեռնակաբերդի բարձունքում` մարդկանց շարքերը նկատելիորեն ավելի նոսր էին նախորդ տարիների համեմատ: Արտագաղթը խթանող հայաստանյան պատճառները իբրեւ թե քիչ էին, հիմա էլ ՌԴ-ն է իր միգրացիոն օրենքներով «կրակի վրա բենզին ավելացնում»` նպաստելով արտագաղթի խորացմանը: Ռուսաստանը, նախկին ԽՍՀՄ տարածքում ծնված, ռուսաց լեզվին լավ տիրապետող անձանց իրենց երկրների քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում երեք ամսում տալիս է ՌԴ անձնագիր ստանալու հնարավորություն: Եվ եթե նախկին վարչապետի բնորոշմամբ՝ նախկինում գնում էին «հեղափոխական զանգվածները», հիմա արդեն գնում են բոլոր նրանք, ովքեր կարողանում են ճանապարհածախս հայթայթել: Հասկանալի է, որ ՌԴ-ի միգրացիոն նոր օրենքը «կանաչ լույս» վառելով արտագաղթողների համար, նրանց հնարավորություն է տալիս արտագնա աշխատանքի հաշվին պահել իրենց ընտանիքները: Բայց, շատ կարեւոր մի հանգամանք. պարզից էլ պարզ է, որ մեր ռազմավարական դաշնակիցը ոչ թե մեր հայրենակիցների, այլ իր սեփական շահերն է առաջ տանում, ինչի համար պատրաստ է անցնել բոլորի ու ամեն ինչի վրայով, անգամ դարավոր բարեկամների: Ընդամենը մնում է հայաստանյան իշխանություններին սթափվել, եւ մարդկանց իրենց հողում ապրելու համար միջոցներ ձեռք առնել, այլապես, ոսոխի դարավոր երազանքը` «Հայաստանն առանց հայերի», կդառնա իրականություն:

 

 

 
Հայաստանում բոլորովին վերջերս անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդին կից տեղեկատվական անվտանգության հանձնաժողովի 4-րդ նիստը: Այն տեղի է ունեցել ապրիլի 14-18-ը: Սակայն այս նիստի մասին համապատասխան մարմինները գերադասել են լռել, եւ այն հնարավորինս թաքուն անցկացնել: Մինչդեռ արժեր, որ հասարակությունը տեղյակ լիներ այս նիստի մասին. քանի որ, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, հանձնաժողովականների` Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների, մշակութային ծրագրերի, նիստերի անցկացման եւ ներկայացուցչական ծախսերը հոգացել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Այդ նպատակով ծախսվել է 12 մլն 99 հազար դրամ՝ մոտ 31 հազար ԱՄՆ դոլար:

 

 

 

 

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այսօր ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ասուլիս տալուց հետո տեւական ժամանակ «անհետանալու» է քաղաքական դաշտից: ՕԵԿ առաջնորդը որոշել է մեկնել ՌԴ ու ինչ-որ ժամանակ հետո նոր վերադառնալ Հայաստան: Այս լուրը երեկ նրա խոսնակից ճշտել չհաջողվեց: Նշենք, որ Բաղդասարյանն իր այդ քայլով նպատակ ունի մոռացության մատնել ՕԵԿ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Իսկ որոշ ժամանակ հետո, երբ ՌԴ-ից մեծ շուքով վերադառնա, Ա. Բաղդասարյանը մտադիր է լայն թափով աշխատանքներ սկսել: ՕԵԿ առաջնորդը որոշել է քաղաքական դաշտ վերադառնալ շատ խրոխտ քայլերով, ընդդիմադիր ելույթներ ունենալով, որպեսզի կարողանա ժողովրդին ապացուցել, որ ինքը ընդդիմադիր է ՀՀ իշխանությունների կատարած քայլերին: Բայց թե ինչքանով դա կստացվի Ա. Բաղդասարյանի մոտ՝ ցույց կտա ժամանակը:

 

 

 

 

«Տաթեւեր» ճոպանուղու մոտ առաջիկայում կառուցվելու է նոր հասարակական զուգարան. այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանից: Իսկ ճոպանուղու հարակից տարածքում գտնվող թանկարժեք բիոզուգարանը, մինչ օրս չի աշխատում: «Ընդամենը մի օր է աշխատել էդ զուգարանը: Եկան, փորձարկեցին, բայց էլի չաշխատեց: Առաջիկայում ծրագրավորված է՝ ճոպանուղու հարեւանությամբ Ազգային մրցունակության հիմնադրամի եւ ճոպանուղու ջանքերով նոր զուգարան կառուցել»: Հիշեցնենք, որ 2012թ. ՀՀ կառավարությունը նույն հիմնադրամի միջոցով պետական բյուջեից 124 մլն դրամ էր հատկացրել 2 բիոզուգարան Հայաստան բերելու համար: Դրանցից մեկն էլ գտնվում է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ: Թեեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն այդ բիոզուգարանների կամ իր սանիկի` Դ. Սարգսյանի բնորոշմամբ` «բիյուշիկների» գործարքը համարում էր զբոսաշրջության ոլորտում կառավարության նշանակալի ձեռքբերում, այնուամենայնիվ, երկու զուգարաններն էլ չեն աշխատում:

 

 

 

ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ

Թեեւ նոր կառավարության վերջնական կազմը դեռ հայտնի չէ, այդուամենայնիվ արդեն իսկ պարզ է, որ գործադիրում շատ են Ռոբերտ Քոչարյանի կադրերը: Չնայած նրանք անցած տարիներին բավականին հլու-հնազանդ ծառայել են նաեւ Սերժ Սարգսյանին, այդուհանդերձ, թե՛ ՀՀԿ թիմի ներսում, թե՛ հանրության մոտ ասոցացվում են առավելապես նախկին նախագահի կառավարման շրջանի հետ:
Քաղաքական բաղադրիչից զատ` սա ունի նաեւ շատ կոնկրետ քարոզչական նշանակություն` հատկապես, եթե հիշում ենք նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ ծավալված հեռակա բանավեճը` երկրի տնտեսական քաղաքականության շուրջ: Եվ հիմա` Տ. Սարգսյանին պաշտոնանկ անելով եւ նշանակելով քոչարյանական կադրերին՝ վերջինիս տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, Ս. Սարգսյանը, փաստորեն, հրապարակավ խոստովանեց, որ Ռ. Քոչարյանը տարեսկզբի իր քննադատական գնահատականներում միանգամայն իրավացի էր:
Սակայն ինչը ստիպեց, որ Ս. Սարգսյանը գնար նման քայլի: Այստեղ կարող է լինել երեք տարբերակ: 1.Ս. Սարգսյանը դա արեց ռուսական կողմի ճնշման տակ: Այս տարբերակի դեպքում` հավանական է համարվում, որ ռուսական հանձնակատարի դերում հանդես է գալիս Ռոբերտ Քոչարյանը, որն էլ հրահանգել է ԲՀԿ-ին չմտնել կոալիցիա` ասելով` առանց այդ էլ ամեն բան արվելու է այնպես, ինչպես մենք ենք ուզում: Իսկ ԲՀԿ-ին վերապահվել է ընդդիմադիր դաշտին «տիրություն անելու» գործառույթը, որպեսզի այդտեղ անկանխատեսելի խմորումներ չսկսվեն:
2. Գործում է «երկու ղարաբաղցիների չկռվելու» կանոնը, որի մասին, ի դեպ, 2013թ. նախագահական ընտրություններից առաջ հայտարարեց Ռ. Քոչարյանը: Ըստ այդմ` Քոչարյան-Սարգսյան զույգն իր բոլոր քայլերն իրականացնում է փոխհամաձայնեցված: Եվ նոր վարչապետին ՀՀԿ-ին ներկայացնելիս Ս. Սարգսյանի ակնարկը` չարախնդալու մասով, ինչպես նաեւ դրան ի պատասխան` Քոչարյանի վերջին հարցազրույցում Սարգսյանին ուղղված կշտամբանքը զուտ իմիտատիվ բնույթ են կրում: ՀՀԿ-ի սիրած բառապաշարով ասած` «պասերով աշխատելու» ղարաբաղյան այս ավանդական գործելաոճով` Սարգսյանն ու Քոչարյանը պատրաստվում են անխոչընդոտ կերպով 2018-ին դարձյալ փոխվել տեղերով: Ընդ որում` ՍԴ փոփոխությունները դրան որեւէ կերպ չեն խանգարում:
3. Նշանակելով քոչարյանական կադրերին` Սերժ Սարգսյանը միտումնավոր է փորձում շատերի մոտ տպավորություն ստեղծել, թե ինքը Ռ. Քոչարյանի հետ որեւէ խնդիր չունի` հարկ եղած դեպքում դա օգտագործելով ՀՅԴ-ի եւ հատկապես ԲՀԿ-ի հետ իր ծրագրերում:
Թե այս տարբերակներից որն է առավել հավանական, դժվար է միանշանակ ասել: Բայց այն, որ մեր երկրում այդպես էլ նոր առաջնորդներ, նոր նախարարներ եւ նոր քաղաքական գործիչներ չեն ծնվում, մեղմ ասած, մտահոգիչ է:




Լրահոս