Վաշտի հրամանատարը զինվորի սպանությունը ինքնասպանություն որակելու համար դիակը դիրքե՞ր է տարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 10-ին Իջևանի զորամասերից մեկի մարտական հենակետում ժամկետային զինծառայող Ներսես Կարապետյանի սպանության գործով նախաքննությունը շարունակվում է: Հարուցված քրեական գործով՝ մեղադրանք է առաջադրվել վաշտի հրամանատար, կապիտան Գարեգին Ասրյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասի (զինծառայողին վիրավորանք հասցնելը), 365 հոդվածի 1-ին մասի (մարտական հերթապահության կանոնները խախտելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնատար անձի կողմից փաստաթղթերի կեղծումը) հատկանիշներով: Մեղադրանք է առաջադրվել նաև վաշտի սերժանտ, պայմանագրային զինծառայող Էդվարդ Մանուկյանին՝ ՀՀ ՔՕ 365 հոդվածի 1-ին մասի (մարտական հերթապահության կանոնները խախտելը) և 314-ի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին Armlur.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից: Իսկ քրեական գործով տուժողի իրավահաջորդ է ճանաչվել Ներսես Կարապետյանի եղբայրը` Դավիթ Կարապետյանը:

Ի դեպ, նշենք, որ սպանությունից օրեր անց վերոհիշյալ զինվորականները ներգրավվել էին որպես կասկածյալներ, սակայն, ինչպես այդ ժամանակ, այնպես էլ հիմա նրանք ստորագրությամբ բաց են թողնվել և առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր են ճանաչել:

Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Ներսես Կարապետյանի գործով նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ, որոնց համաձայն՝ 19-ամյա զինծառայողին ստորացրել են, վիրավորել նրա արժանապատվությունը։ Մեղադրյալներին առաջադրված մեղադրանքներում, սակայն, այս մասին չի հիշատակվում, ինչը, մեղմ ասած, տարակուսանքի տեղիք է տալիս: Այս գործով առաջադրված մեղադրանքներում չի նշվում նաև ամենակարևորի՝ սպանության մասին. ո՞վ է սպանել զինծառայողին կամ, ինչպես լինում է սովորաբար գործը կոծկելու համար, ո՞վ է նրան դրդել ինքնասպանության:

Թերևս, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին հայտնած վարկածն այլևս վարկած չէ: Իրավապաշտպանը մտավախություն է հայտնել, որ փորձ է արվում հանրության ուշադրությունը կողմնակի մեղադրանքների վրա շեղելով ժամանակ շահել և, ի վերջո, թաքցնել հանցագործության իրական հանգամանքները. «Սա այն եզակի դեպքերից է, երբ տղան պատմել է ընտանիքին այդ բենզինի հանգամանքների մասին։

Այսինքն՝ շատ բան էր հայտնի արդեն, և նախաքննական մարմնի համար բավականին հեշտ պիտի լիներ միանգամից պարզել, թե ով է իրական հանցագործը։ Ինչպե՞ս կարող եք այդ դիրքում մի քանի զինվորի մեջ չիմանաք` ինչ է կատարվել: Անհնար է։ Սա դասական կոծկում է, ինչը միշտ անում է զինվորական դատախազությունը ՊՆ քննչական ծառայության հետ համատեղ: Ակնհայտ է, որ հանցագործությունը կոծկվում է այն դեպքում, երբ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է դեպքի վայր` բացահայտելու նպատակով։ Բայց նրա գնալուց հետո լռություն է, և քննչական ծառայությունը այս մոտեցումն է ցուցաբերում։ Նշանակում է` իրենց միջավայրին հարազատ մեկն է այն անձը, ով սպանել է այս երիտասարդին»,- ռադիոկայանի հետ զրույցում ավելի վաղ ասել է Ժաննա Ալեքսանյանը։

Տեղեկացնենք, որ սպանված զինծառայողի հարազատները հայտնել են, որ մահվանից առաջ Ներսեսը զանգահարել է հարազատներին և ասել, թե բենզինի հետ կապված խնդիր կա, և իրենից 200 հազար դրամ են պահանջել, ինչպես նաև` զգուշացրել, որ եթե գումարը չտա, իրեն կենդանի չեն թողնի:

Զինվորի քեռին՝ Աիդին էլ հիշեցրել է, որ իրենք առաջին օրվանից բարձրաձայնում են, թե ինչպես է վաշտի հրամանատարը ճնշում գործադրել Ներսեսի վրա, փորձել է նրանից գանձել կորած 180 լիտր բենզինի գումարը, սպառնացել է՝ «վաղը քեզ հետ կխոսեմ», ինչին էլ հետագայում հաջորդել է առեղծվածային կրակոցը երիտասարդի գլխին:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ուղղված բաց նամակում Ներսեսի մայրը՝ Սուսաննա Հարոյանը, նշել է, որ այդ օրը չեն կարողացել գումարը հայթայթել, որ ուղարկեն, և ասել են, որ հաջորդ օրը գումարը տեղ կհասնի: Բայց հաջորդ օրն արդեն լսել են Ներսեսի մահվան լուրը:

«Երբ արձակուրդ էր եկել, պարբերաբար բենզինի պակասորդի մասին էր խոսում։ Դեպքից մի քանի օր առաջ զանգահարել էր Մոսկվա և եղբորից գումար խնդրել, հարազատների հետ խոսում էր, նեղում են, նեղում՝ ասում էր»,- ավելի վաղ լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր Ներսեսի հորաքրոջ ամուսինը՝ Զավեն Կարապետյանը` հավելելով, որ ինքնասպանության վարկածը իրենք բացառում են։ «Զորամասում գիտեն՝ ինչ է եղել, հրամանատարն էլ գիտի, նախարարն էլ»,- ասել է նա:

Որդեկորույս ծնողները մինչ այսօր շարունակում են պնդել, որ Ներսեսին սպանել և դիակը դիրքեր են տարել, որպեսզի ինքնասպանություն ձևակերպեն, բայց ոչ ոք չի հավատում այդ վարկածին:

Հիշեցնենք, որ Ներսես Կարապետյանը գլխից ծանր վիրավորվել էր մայիսի 10-ի վաղ առավոտյան և մահացել էր Իջևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Դատաբժշկական փորձաքննությունը հերքել էր ինքնասպանության հնարավորությունը, քանի որ հրազենային վնասվածքը եղել է Ներսեսի գլխի գագաթային մասում, կրակել էին 20-25 սանտիմետր հեռավորությունից։

Տաթև Հարությունյան




Լրահոս