ԵՏՄ-ն այսօրվանից սկսում է իր աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը 2015-ից բարձրանում են ինտեգրման նոր մակարդակի. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, հայտնում է РИА Новости-ն:

Պայմանագրի մասնակից պետությունները պարտավորվել են երաշխավորել ապրանքների, ծառայությունների,կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, իրականացնել համաձայնեցված քաղաքականություն տնտեսության հիմնական ոլորտներում` էներգետիկա, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տրանսպորտ: ԵՏՄ պայմանագիրը նախատեսում է 2016 թ-ին ստեղծել դեղորայքին և բժշկությանը վերաբերող ընդհանուր շուկա:

Այսպիսով, ավարտվում է ԱՊՀ տարածքում խոշոր ընդհանուր շուկայի ձևավորումը, որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն` 170 մլն բնակչությամբ, գրում է РИА Новости-ն:

Եվրասիական հանձնաժողովի շտաբ-բնակարանը կգտնվի Մոսկվայում, ֆինանսական կարգավորիչը` Ալմա-Աթայում, իսկ ԵՏՄ դատարանը` Մինսկում: Բելառուսը ստացել է նաև 2015-ին ԵՏՄ-ում նախագահելու իրավունք:

2014-ի հոկտեմբերին ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիր ստորագրել է նաև Հայաստանը: Փաստաթուղթն արդեն վավերացրել են Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի խորհրդարանները: Միության նոր անդամի համար նախատեսված է անցումային շրջան` 1-8 տարի ժամկետով: Դա անհրաժեշտ է ԵՏՄ-ի սահմանած դրույքաչափերին անցնելու, ապրանքների տեղաշարժին և բազմաթիվ այլ նորմերին անցնելու համար:

Բացի այդ, 2015-ին ԵՏՄ-ին կարող է միանալ Ղրղըզստանը, որը ստորագրել է համապատասխան պայմանագիր 2014-ի դեկտեմբերի վերջին:




Լրահոս