Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այսուհետ բոլորը միահամուռ պետք է հետեւողական լինեն ու տեսնեն, թե ինչպես են իրավապահ մարմինները քննելու Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի գործը: Նախկին քաղաքապետը հայտարարեց, որ Ավետիսյաններին սպանած Վալերի Պերմյակովը կա՛մ պետք է ցմահ դատապարտվի, կա՛մ գնդակահարվի:
-Պարո՛ն Ղուկասյան, փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությանը Դուք ներկա չէիք, ի՞նչն էր պատճառը:
-Քո ի՞նչ գործն է, ես էլ առանձին եմ գնացել, մտել եմ եկեղեցի, մարդկանց մեջ եմ եղել, որ ինձ հեռուստատեսությամբ չտեսնեն, ես այս անգամ տենց եմ ճիշտ գտել, չեմ ուզեցել, որ հեռուստաընկերությունը, որն այդ պահին կանգնած կլինի, գա ու այդտեղ կանգնեմ: Ես առանձին եմ գնացել այդտեղ: Քաղաքացիները պետք է անպայման հետաքրքրվե՞ն, թե ո՞ւր եմ… էդ եկեղեցին, որ մտնում ես ներս, աջ պատի վրա կարդացե՞լ եք, թե ով է վերակառուցել… Ու այն ժամանակ ես քաղաքապետ չէի, գիտե՞ք:
-Տեղյակ ենք, բայց ըստ գյումրեցիների՝ ինչ Դուք այլեւս Գյումրու քաղաքապետ չեք, հանրային վայրեր չեք գնում, նեղացածի կարգավիճակում եք, գյումրեցիներից էլ ե՞ք նեղացած:
-Չէ՛, չէ՛, նման բան չկա, ես արդեն ասացի, որ եկեղեցում եմ եղել:
-Ավետիսյանների ընտանիքի սպանության հետ կապված տարբեր վարկածներ են շրջանառվում, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ պետք է ռուս զինվորականը 7 անմեղ մարդու սպաներ, Դուք ունե՞ք Ձեր վարկածը:
-Դուք ի՞նչ եք ուզում ինձանից իմանալ: Կիպլոմոսում ասվում է.«… ի երկրաշարժ է, ի խորշակ է, ի պատահար է, փրկյա Տեր Աստված մեզ», այդպիսի աղոթք կա, ուրեմն այդքանի մոտ այդպես է ստացվել, հիմա ես չգիտեմ, թե ինչո՞ւ կոնկրետ Ավետիսյանների ընտանիքը: Նույն ճանապարհը 100 հոգի անցնում են, բայց մի հոգու գլխին է փորձանքը գալիս: Այդ էր, ի՞նչ ասեմ, ես ասելու բան չունեմ: Եւ չարիք կարելի է ասել դրան, միանշանակ ամեն ինչ կարելի է ասել այս դեպքի կապակցությամբ, յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր խոսք, ես չգիտեմ՝ ամեն ինչ սազում է այդ այլանդակին, որ ասվի:
-Գյումրեցիները չեն վստահում ՌԴ իրավապաշտպաններին ու պահանջում են հանցագործին հանձնել Հայաստանի արդարադատությանը: Դուք ի՞նչ եք կարծում` արդյո՞ք ՌԴ իշխանությունները կհամաձայնեն, ինչո՞ւ Դուք չմիացաք այն ցուցարարներին, որոնք փողոց էին դուրս եկել այդ պահանջով:
-Գործն արդեն բացահայտված է, իսկ պատիժը, հույսով եմ, կկրի… Ու հենց այդտեղ մենք բոլորս միասին պետք է հետեւողական լինենք ու նայենք, թե վերջում ի՞նչ կլինի: Եթե ցմահ չտվեցին դրան… կա՛մ գնդակահարություն, կա՛մ ցմահ, դրան ուրիշ ոչ մի բան չի հասնում: Պահի տակ օրենքով էլ նմանատիպ մարդկանց չպետք է դատեն, այլ դատեն այնպես, ինչպես ինքն է մարդկանց հետ վարվել:
-Բայց ՀՀ դատին հանձնված չէ…
-Ոչինչ, ոչինչ, ես գիտեմ, որ ռուսները…. ռուսները նման այլանդակին պահեն, որ ի՞նչ անեն, մի հատ ասեք՝ նմանատիպ մարդուն պահեն, որ ի՞նչ անեն, ասեք, ես էլ իմանամ: Աստված ոչ արասցե, թեկուզեւ դա մեկի երեխան լիներ, այդ ծնողը նմանատիպ այլանդակին պահի, ի՞նչ անի, դրանք ինչքան շուտ երկրի վրայից վերանան, էնքան ժողովուրդը լավ կապրի, էնքան լավ կապրեն մարդիկ: Ու մենք բոլորս լավ հասկանում ենք, ուղղակի մենք պետք է հետեւողական լինենք, որպեսզի հասկանանք, թե ինչ պատիժ կտան դրան:
-Գյումրեցիների պահանջն արդար էր, մարդիկ ցանկանում էին, որ հանցագործը ՀՀ-ում իր պատիժը կրի՝ Հայաստանի օրենքներով, բայց կարելի է ասել՝ ՀՀ իշխանությունները կրկին անգամ նրանց լռեցրին: Գյումրիում կրկին վախի մթնոլորտ է տիրում, քանի որ մարդկանց արգելում են նորից նույն պահանջով փողոց դուրս գալ, ու իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Լինելով Գյումրիի նախկին քաղաքապետը՝ ինչո՞ւ նրանց չեք աջակցում, ինչո՞ւ նրանց հետ պայքարի դուրս չեք գալիս, որպեսզի ցանկալի արդյունք ունենանք:
-Գյումրեցիներին լռեցնելը… դա այդպես չի, գյումրեցիները հասկացել են, ու ամեն մեկն իր երիտասարդին բացատրել է, որ մի քանի թափթփուկի խելքին ընկնելը, գնալը ռուսական ռազմաբազայի վրա… դրանց էլ ասել, որ մենք տեղյակ չենք, իրենք են արել ու մարդկանց քցել կրակը, իրենց գումարների համար, իրենց քաղաքականության համար… դա չգիտեմ՝ ինչ է, նմանատիպ մարդկանց ամեն ինչ էլ կարելի է վերագրել: Իսկ ինձ պես մարդկանց պարտքն է, որ բացատրվի` տղանե՛ր, երիտասարդնե՛ր, այդպիսի մարդկանց մի՛ հավատացեք, մի՛ վստահեք: Ու, փառք Աստծո, քաղաքում կան այդպիսի մարդիկ, որ երիտասարդները լսեցին իրենց: Ու այն թեւերը, որոնք դրսից էին եկել, ինչ ուզում էին անել… այնտեղ շատ բանսարկուներ կային, որոնց մշտապես տեսնում ենք հեռուստատեսությամբ, եկել էին, որ սեպ խրեն հայ-ռուսական դարավոր բարեկամության մեջ: Կան, նմանատիպ մարդիկ շատ կան:
-Իսկ ո՞ւմ նկատի ունեք, ովքե՞ր են նրանք:
-Ես արդեն ամեն ինչ ասեցի, ավելացնելու որեւէ բան չունեմ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ