ՄԱՐԶՎՈՒՄ Է ԲԱԼԹԻԿԻ ԱՓԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի տիտղոսային մենամարտը տեղի կունենա օգոստոսի 25-ին Բեռլինի «02 World» արենայում: Այն կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
«Ժողովուրդ»-ն Արթուր Աբրահամից հետաքրքրվել է, թե այժմ ինչով է զբաղվում: Մեր հայրենակիցն իր հայաստանյան մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանի միջոցով փոխանցել է, որ վերջերս 10-օրյա այցով մարզական հավաքի է մեկնել Իսպանիայի Մալյորկա քաղաք, որից հետո մարզումները շարունակում է Բալթիկ ծովի ափին գտնվող Ցիննովից առողջարանային քաղաքում:
«4-շաբաթյա մարզումների փուլ պետք է անցնեմ այստեղ, ապա կվերադառնամ Գերմանիա եւ մարզումներս կշարունակեմ Բեռլինից մոտ 100 կմ հեռավորության վրա գտնվող Քինբաում մարզաառողջարանային քաղաքում,-ասել է բռնցքամարտիկը եւ ավելացրել,-նախատեսված է, որ Քինբաումում սփարինգներ պետք է անցկացնեմ մրցակցիս` Ռոբերտ Շտիգլիցի ոճին համապատասխան բռնցքամարտիկների հետ` համապատասխան մարտավարություն մշակելու համար»:
Աբրահամը շեշտել է, որ ուրախ է տիտղոսային մարտը «02 World» արենայում անցկացնելու համար: ««02 World» արենայում մենամարտելը լավ հնարավորություն է իմ մարտարվեստի երկրպագուներին ուրախացնելու համար այնպես, ինչպես 2009-ին Ջերմեյն Թեյլորին վերջին ռաունդում նոկաուտի ենթարկեցի»,-ասել է Ա. Աբրահամը` հավելելով, որ իր նպատակը աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերանվաճելն է:
Նա անդրադարձել է նաեւ մրցակցին` Ռոբերտ Շտիգլիցին. «Չեմ թերագնահատում նրան, եթե նա թույլ մարզիկ լիներ, չեմպիոն չէր դառնա: Ամեն դեպքում, ես կպայքարեմ հաղթանակի համար»:




Լրահոս