4 ՏԱՐԻ՝ ՇՂԹԱՆ ՎԶԻՆ ՓԱԹԱԹԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաշատի Շահումյան գյուղի բնակիչ Վասպուրակ Գրիգորյանը պայմանագրային զինծառայող դիպուկահար էր Եղեգնաձորում: Երկու տարեկան երեխա ունի եւ այժմ գտնվում է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում: Նրա նկատմամբ հարուցվել է քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասով` կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը:   
Ինչպե՞ս սկսվեց այս պատմությունը: Ժամանակին Վասպուրակը մտերիմ ընկեր ուներ հարեւան գյուղից` Արմեն Հակոբյան անունով: Այնքան մտերիմ, որ նույնիսկ օրերով ապրել է իրենց տանը եւ օգտվելով առիթից՝ մի օր Վասպուրակենց տան դարակներից մեկից գողացել մոտ 600 հազար դրամի չափ գումար եւ ոսկյա զարդեր: Որոշ ժամանակ անց Վասպուրակի ընտանիքի անդամները լսել են հարեւան գյուղերում կատարված գողության դեպքերի մասին, որոնց հեղինակը Արմենն է եղել: Վերջինիս 2008-ի հոկտեմբերին իր կատարած գողությունների համար դատապարտել են երկու տարվա ազատազրկման:
Արմենի ազատվելուց 4-5 ամիս անց Վասպուրակն իր երկու զինակից ծառայակիցների հետ աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին` ավտոլվացման կետում, նկատում է նրան: Մոտենում է, ապտակում եւ ստիպողաբար տանում իր տուն, որպեսզի Արմենը ներողություն խնդրի իր մորը վիրավորելու համար: Բանն այն է, որ Վասպուրակի մայրը` տիկին Ջուլիկը, առանց որդու իմացության՝ Արմենին մինչեւ ազատազրկումը տեսել է եւ անպատվել. «Ասեցի չե՞ս ամաչում, ա՛յ նամարդ մարդ, եկար, մեր հացը կերար ու մեր տան ոսկեղենը գողացա՞ր»: Ի պատասխան՝ Արմենը կոպտել է իրեն հաց տված տիկնոջը:
2011-ի մարտի 4-ին Վասպուրակի զինակից ընկերները, տեսնելով, որ վերջինս ապտակեց Արմենին, իջնում են մեքենայից եւ փորձում խաղաղեցնել նրան: Բայց Վասպուրակը, չլսելով նրանց, Արմենին իր տուն է տանում, անասունի շղթան երկու պտույտով փաթաթում Արմենի պարանոցին եւ վրայից կախում մի ժանգոտված փական: «Էս քեզ ոսկե վզնոց իր կուլոնի հետ»,-ասում է Վասպուրակը: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց Վասպուրակի դատապաշտպան Վաչագան Քոսյանը՝ նկատելով, որ երկաթյա շղթայի ծայրը ոչ մի տեղից ամրացված չի եղել. «Այսինքն` ազատության սահմանափակում չի եղել: Դա է կարեւորը: Նա կարող էր հանել այդ շղթան ու հեռանալ»:
Շղթայված Արմենին Վասպուրակը թողնում է այդ վիճակում եւ տանից 15 րոպեով գնում, որպեսզի իր աշխատակիցներին վերադարձնի տուն: Ու երբ հետ է գալիս, զայրույթը մեղմացած է լինում, բաց է թողնում Արմենին:
Կատարվածից մեկ շաբաթ անց ոստիկաններն իրենց աղբյուրներից տեղեկացել են այդ մասին եւ տուժած Արմենից պահանջել, որպեսզի ցուցմունք տա կատարվածի վերաբերյալ: Վերջինս էլ գրել է, թե իրեն առեւանգել է Վասպուրակը: Եւ ահա այդ ցուցմունքի հիման վրա Վասպուրակին՝ որպես առեւանգչի, 2011-ի մարտի 30-ին կալանավորել են: Հարուցվել է  քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասով` կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը: Սակայն 10 օր հետո Արմենն իր ցուցմունքը փոխել է եւ գրել. «Ես իմ կամքով եմ գնացել Վասպուրակենց տուն, որպեսզի ապացուցեմ, որ իր մոր հետ երբեւէ պրոբլեմ չեմ ունեցել»:
Արմենի այս ցուցմունքից հետո էլ իր դեմ քրգործ է հարուցվում` սուտ վկայություն տալու համար, եւ նա 2011-ի մայիսի 22-ին կալանավորվում է: Սակայն Վասպուրակին իրավապահներն այդպես էլ ազատ չեն արձակում: Ավելին, հաջորդ օրը Վասպուրակի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգում է երկու ամսով: «Աբսուրդ: Արմենը նստած է սուտ վկայություն տալու համար, Վասպուրակը՝ սուտ վկայություն անողին առեւանգելու համար: Այսինքն` եթե ընդունում են, որ Արմենը սուտ վկայություն է արել, ուրեմն պետք է Վասպուրակի գործը կարճեին»,-վրդովված պարզաբանեց դատապաշտպանը:
Նշենք, որ բանտում 45 օր անցկացնելուց հետո Արմենը նորից ցուցմունք է տվել. «Վասպուրակն ինձ ստիպողաբար է տարել իր տուն», ինչի դիմաց ազատ է արձակվել: Եւ հիմա նա Հայաստանում չէ: Այսինքն՝ քննիչների հետ համաձայնության գալու արդյունքում մարդը ձեռք է բերել ազատություն: Բայց սա դեռ ամենը չէ:
Այս տարվա ապրիլի 13-ին ձերբակալվել են նաեւ Վասպուրակի մյուս երկու զինակից ընկերները` Դավիթ Միրզոյանը եւ Ալիկ Հակոբյանը, Վասպուրակին օժանդակելու համար: Տեղեկացնենք, որ Դավիթի երկրորդ երեխան մի քանի օրից կծնվի, Ալիկ էլ երկու երեխա ունի:
Այս աբսուրդ պատմության համար Վասպուրակը դատապարտվել է 4 տարի 6 ամիս, իսկ մյուս երկուսը՝ 4 տարի ազատազրկման: «Մենք բողոքարկեցինք ՀՀ վճռաբեկ դատարան, որտեղ վարույթ չընդունեցին եւ հետ վերադարձրին: Հիմա դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որպեսզի ավելի մանրամասն քննեն գործը»,-տեղեկացրեց Վ. Քոսյանը:
Մեզ հետ զրույցում Վասպուրակի մայրը` տիկին Ջուլիկը, ասաց. «53 տարեկան եմ, օրենքը հարգել գիտեմ, բայց երեւի սխալ եմ: Սարքել են տղայիս գլխին: Վասպուրակի երեխան ընդամենը մեկ տարեկան էր, երբ ձերբակալվեց նրա հայրը: Իսկ հիմա երկու տարեկան երեխան իր հայրիկին հաց ու հագուստ է ուղարկում: Ախր իր ամբողջ կյանքում որդիս շանը ոտքով չէր խփել: Երկու ապտակի համար զինվոր տղային 4 տարով դատապարտո՞ւմ են, սա՞ է արդարությունը»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս