ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԵՆ ԳՈՐԾԻ
Երեւանի թիվ 48, 68, 85 եւ 115 միկրոավտոբուսային եւ թիվ 28 ավտոբուսային երթուղիներում անցկացվող մրցույթով պայմանավորված՝ հուլիսի 12-ին՝ օրվա առաջին կեսին, նշված երթուղիներում ժամանակավորապես կդադարեցվի ուղեւորների սպասարկումը։
Երեւանի քաղաքապետարանը պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում է բնակչության ներողամտությունը։

ԱՆՉԱՓԱՀԱՍ ԲՌՆԱԲԱՐԸ
NEWS.am-ի տեղեկացմամբ՝ օրերս Կոտայքի մարզի Սոլակ գյուղում 14-ամյա տղայի կողմից 8-ամյա տղայի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու փաստով Կոտայքի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել` ՀՀ քր. օր.-ի 139-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

ԷԼԻ ԾԵԾԵԼ ԵՆ
Հուլիսի 10-ի երեկոյան Նոր Նորքի 4-րդ զանգվածի 1-ին հատվածի 12 շենքում հերթական անգամ ծեծի է ենթարկվել շտապօգնության բժիշկը: Արտաշես եւ Սարգիս անունով 27 եւ 22 տարեկան եղբայրները, որոնք շտապօգնություն են ահազանգել ընտանքի անդամներից մեկի վատառողջ լինելու պատճառով, դեպքի վայր հասած բուժաշխատողների հետ նախ վիճել են ուշանալու համար, ապա ծեծի ենթարկել բժշկին: Ականատեսների պատմելով՝ եղբայրները խմած են եղել:

ԶԻՆՎՈՐ Է ՄԱՀԱՑԵԼ
Հուլիսի 10-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Երեւանի կենտրոնական կայազորի զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող 18-ամյա Հակոբ Արթուրի Սարգսյանը:
ՀՀ ՊՆ մամուլի ծառայության համաձայն՝ Հ. Սարգսյանը հուլիսի 6-ին ընդունվել էր Երեւանի ԿԿԶՀ սուր շնչառական հիվանդություն, ինտոքսիկացիոն համախտանիշ, մինինգոէնցեֆալիտ ախտորոշմամբ:
Հակոբ Սարգսյանը զորակոչվել էր 2012թ. գարնանը Վարդենիսի զինկոմիսարիատից:

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 25-ից 29-ը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության 5 աշխատակից պետք է մասնակցեր Հունգարիայում բնապահպանական հանցանքների քննության վերաբերյալ ուսումնական դասընթացին: 5-հոգանոց ցուցակը տեսչությունը ներկայացրել է նախարար Արամ Հարությունյանի հաստատմանը, որից հետո այն պետք է ուղարկվեր ԱՄՆ դեսպանատուն, հաստատվեր այնտեղ, քանի որ ծրագիրը ֆինանսավորում էր դեսպանատունը: «Հետքի»-ի ներկայացմամբ՝  նախարար Արամ Հարությունյանն այդ ցուցակում կատարել է 2 փոփոխություն` ցուցակից հանել է բնապահպանական տեսչության պետի տեղակալ Իգոր Սարգսյանին եւ Վայոց ձորի տարածքային բաժնի պետ Վահիկ Գրիգորյանին, նրանց փոխարեն մտցրել իր «մարդկանց»` իր անձնական վարորդի եղբորը` տեսչության Լոռու մարզի տարածքային բաժնի պետ Արմեն Լաբլաջյանին, եւ տեսչության Երեւանի տարածքային բաժնի պետ Սամվել Շահգալդյանին: Վերջինս Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի եղբայրն է:
ԱՄՆ դեսպանատունը չի հաստատել նախարարի կամքով ցուցակում հայտնված հենց այդ երկու անձանց մասնակցությունը, եւ նախարարը որոշել է, որ եթե նրանք չեն գնալու, ուրեմն չեն գնա նաեւ մյուսները` չնայած այն հանգամանքին, որ դեսպանատունն արդեն գնել էր մասնակիցների ավիատոմսերը: Այդպիսով՝ աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը մեկնողների գործուղման հրամանները չի ստորագրել:  




Լրահոս