Վարդավառը ավարտվել է սպանությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հուլիսի 23-ին, սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01.10-ի սահմաններում Ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի Ջինգլ տեղամասում վիճաբանություն է տեղի ունեցել, որտեղ մի քաղաքացի մարմնական վնասվածքներ է ստացել:
Օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նշված վայրում տեղի է ունեցել Վարդավառ, որի ժամանակ մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն: Վիճաբանության ժամանակ Բերդ քաղաքի բնակիչ 27-ամյա Վրեժ Մելիքյանը իր մոտ եղած դանակով 5-6 անգամ հարվածել է Տավուշի մարզի Այգեպար գյուղի բնակիչ 52-ամյա Խաչիկ Խաչատրյանին:
Վիճաբանության մասնակիցները, տեսնելով, որ Խ. Խաչատրյանի վիճակը ծանրանում է, նրան դեպքի վայրից տեղափոխել են գյուղի բուժքրոջ տուն, որտեղ էլ նա մահացել է: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Բերդի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ ոստիկաններին հաջողվել է բացահայտել սպանությունը դեպքից ընդամենը երկու ժամ անց:




Լրահոս