Բողոքի ակցիա՝ Դժվար ապրուստ հեռուստասերիալի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հասարակություն առանց բռնության” հասարակական կազմակերպությունը, հետամուտ լինելով կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելմանը, իր դժգոհությունն է հայտնում հայկական հեռուստալիքներով հեռարձակվող հեռուստասերիալների սյուժեի և բովանդակության վերաբերյալ և այդ առիթով հուլիսի 27-ին ժամը 19:30-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, կազմակերպվելու է հանրային միջոցառում: 
ՀԿ-ից տեղեկացնում են, որ միջոցառման ընթացքում կհրապարակվեն իրենց կողմից իրականացված “Դժվար ապրուստ” հեռուստասերիալի ուսումնասիրության ամփոփ արդյունքները, ցուցադրվելու է սոցիալական հոլովակ հեռուստասերիալի մասին, անցկացվելու է ֆլեշմոբ, բաժանվելու են տեղեկատվական բուկլետներ, իրականացվելու է ստորագրահավաք:
Հայտարարությունում նշվում է, որ հաշվի առնելով այն փաստը, որ “Արմենիա” հեռուստաընկերությամբ հեռարձակվող “Դժվար ապրուստ” հեռուստասերիալը Հայաստանի 4 և ավելի բարձր հեռուստահաղորդումների ցուցակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը և ամենառեյտինգայինն է, “Հասարակություն առանց բռնությանե” կազմակերպություն որոշել է գենդերային տեսանկյունից անդրադարձ կատարել հենց այդ սերիալի բովանդակությանը:
“Այսօրվա հեռուստասերիալներում կանանց հանդեպ բռնության տարատեսակ դրսևորումները, սեքսուալ արտահայտությունները, կանանց շարունակական լացն ու ընկճվածությունը, ինչպես նաև այն կերպարները, որոնցով կանայք ներկայանում են, մտահոգվելու լուրջ տեղիք են տալիս”,- ասվում է ՀԿ-ի տարածած հայտարարությունում:




Լրահոս