ԲՀԿ-Ն՝ ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԲՀԿ-ն վերջին շրջանում հայտնվել է քաղաքական հարձակումների թիրախում: Ընդ որում, այս կուսակցության հասցեին շատ ակտիվ կերպով քննադատություններ է հնչեցնում ընդդիմադիր համարվող “Ժառանգություն”-ը: Եւ տպավորություն է, որ “Ժառանգության” ներկայացուցիչները ավելի շատ զբաղված են ոչ թե իշխանությունների, այլ կոալիցիա կազմելուց հրաժարված ԲՀԿ-ի դեմ պայքարով:
Երեկ էլ ԲՀԿ-ին է հիշել այդ կուսակցության համամասնական ընտրացուցակում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Հմայակ Հովհաննիսյանը: Ընդ որում, նա բավական կոշտ խոսքեր է ,շռայլելե ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի հասցեին: Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել է, թե իրեն պատգամավորի մանդատից ինքնաբացարկի դիմում գրել ստիպելով ԲՀԿ-ում քցել են: “Դուք ուզում էիք՝ ես Վահե Ավետյանի օրն ընկնեմ, օլիգարխների հետ չեն վիճում,-այդպես էր մեկնաբանել Հովհաննիսյանը՝ խոսելով իր կողմից ինքնաբացարկ հայտնելու մասին ու հավելել,-իմ անունն օգտագործվեց իբրեւ խայծ, դա ես պարկեշտ չեմ համարում, ես դա անբարոյականություն եմ համարումե: ԲՀԿ-ականները, բնականաբար, հակադարձել են, որ եթե Հովհաննիսյանը շարունակի իր այդ պահվածքը, ապա մանրամասներ կպատմեն, թե ինչպես է նա ժամանակին խնդրել-աղաչել, որ իրեն չզրկեն մանդատից: ԲՀԿ-ական Մերուժան Սիմոնյանը ասել է, որ ե՛ւ կուսակցության համամասնական ընտրացուցակը քննարկելու ժամանակ, ե՛ւ ԱԺ ընտրություններից հետո ԲՀԿ-ում Հ. Հովհաննիսյանի հանդեպ դժգոհություն է եղել: ,Մարդ, ով պերմանենտ զբաղված է եղել կուսակցությունից կուսակցություն թռչելով, մարդ, ով չի ունեցել որեւէ սկզբունք, այս բավականաչափ բարդ ժամանակահատվածում, բնականաբար, չէր կարող լինել մեր կողքին: Նա լքել է ԲՀԿ ցուցակը համընդհանուր չկամության եւ համապատասխան մթնոլորտի պատճառով: Մենք միշտ նրան համարել ենք պոտենցիալ ական, ու որքան շուտ ազատվեինք նրանից, այնքան լավ: Կյանքը ցույց տվեց, որ մենք իրավացի էինքե,-ասել է Սիմոնյանը:
Զարմանալի զուգադիպությամբ, ԲՀԿ-ի դեմ հարձակումները սկսվեցին այն բանից հետո, երբ այս կուսակցության անդամներն ըստ էության համերաշխություն հայտնեցին “Հարսնաքար”-ում տեղի ունեցած արյունալի միջադեպի վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնություններին, միացան նախաքննական մարմիններին այդ դեպքի վերաբերյալ ուղղվելիք հարցաշարի կազմմանը, նաեւ՝ ԲՀԿ-ականներից մի քանիսը ստորագրեցին արտահերթ նստաշրջան հրավիրելու ՀԱԿ նախաձեռնության տակ: Ճիշտ է, եթե նույն ԲՀԿ-ն ողջ խմբակցությամբ մասնակցեր այս ստորագրահավաքին, ապա առանց որեւէ խնդրի հնարավոր կլիներ արտահերթ նստաշրջան հրավիրել: Բայց միայն այն փաստը, որ այս կուսակցությունը թեկուզ քիչ թվով պատգամավորներով միացավ արմատական ընդդիմության նախաձեռնությանը, ինքնին կարելի է համարձակություն համարել: Սա հատկապես այն դեպքում, եթե նկատի ունենանք, որ այս կուսակցությունն իրեն պաշտոնապես ընդդիմություն չի համարում: Թերեւս այս պատճառով էլ իշխանությունները փորձում են կանխել ընդդիմադիր դաշտում ԲՀԿ-ի առաջխաղացումն ու փորձում ստիպել, որ այդ կուսակցությունը հայտարարի 2013թ. ընտրություններին Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Ու քանի որ ԲՀԿ-ն չի շտապում իր կապերը խզել իշխանության հետ, ՀՀԿ-ում դեռ հույս ունեն նրանց ,դարձի բերելե: Ըստ շրջանառվող լուրերի՝ ԲՀԿ-ն նույնիսկ ակտիվ բանակցությունների մեջ է Գյումրու քաղաքապետի պաշտոնի հարցում: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ նրանք հասել են որոշ հաջողության, եւ շատ հավանական է, որ ՀՀԿ-ն այս քաղաքը վերջնականապես հանձնի ԲՀԿ-ին՝ թույլ տալով, որ այնտեղ քաղաքապետ դառնա Սամվել Բալասանյանը:
Ինչեւէ, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին խնդրեցինք մեկնաբանել ԲՀԿ-ի դեմ ծավալված արշավը: Ըստ նրա՝ այդ հարձակումները քաղաքական պատվերի հետեւանք են: “Հանրային ընդվզումը, որ բարձրացավ “Հարսնաքար”-ի դեպքերից հետո, անհանգստացրել է ոմանց: Ու հիմա նման միջոցներով փորձում են հանրային ընդվզումից ուշադրություն շեղել”,-ասաց տիկին Զոհրաբյանը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս