ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԻՄ ընտրություններին ընդառաջ՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում ընտրատեղամասերի թվային փոփոխություններ են տեղի ունեցել: Թիվ 34 ընտրատարածքը, որը համապետական ընտրությունների ժամանակ համակարգում էր 38 ընտրատեղամասի աշխատանքը, առաջիկա ՏԻՄ ընտրություններին կհամակարգի 79 տեղամասի աշխատանք: Գործող կարգի համաձայն՝ թիվ 34 ընտրատարածքը կրում է ընտրությունների կազմակերպման եւ անցկացման պատասխանատվությունը նաեւ Գյումրի քաղաքում: Որոշակի փոփոխություններ տեղի են ունեցել նաեւ առաջադրվող թեկնածուների գրավադրման կարգերի մեջ: Առաջադրվող ավագանու անդամների եւ համայնքի ղեկավարի թեկնածուներից հիմա ավելի խոշոր չափի գրավադրում է պահանջվում, ինչը դարձյալ պայմանավորված է ԸՕ-ում կատարված փոփոխություններով:
«70.000-ից ավելի ընտրող ունեցող համայնքի ղեկավարի համար ընտրական գրավը կազմում է արդեն 1 մլն դրամ, իսկ ավագանու անդամների համար նախատեսված է ընդամենը 100.000 դրամ»,-պարզաբանում է թիվ 34 ԸԸՀ նախագահ Էդուարդ Բաղրամյանը:
Ընտրատեղամասերի հանձնաժողովների անդամների թվաքանակը եւս ենթարկվել է փոփոխության: Դա պայմանավորված է խորհրդարանական խմբակցությունների թվով: «Նախորդ ընտրություններին մենք ունեցել ենք  հանձնաժողովի 7 անդամներ՝ 5 խմբակցություն, գումարած 2 ԸԸՀ անդամներ: Բայց քանի որ ԱԺ-ում ունենք նոր խմբակցություն, այդ պատճառով տեղամասային հանձնաժողովների կազմը համալրվելու է 6+2 հաշվարկով»,-նշում է ԸԸՀ նախագահը:
«Դա բավականին ծանրակշիռ արգումենտ կլինի, որպեսզի մենք կարողանանք առաջիկա ընտրությունները պահել վերահսկողության տակ»,-ասում է ՀԱԿ ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանը: Մեկական անդամներ տեղամասերում նշանակելու է ՀԱԿ-ը, եւ այս կառույցից հայտնում են, որ հանձնաժողովականների վերապատրաստման գործընթացն ավարտված է: «Մեր ակտիվի փորձառությունն ընտրական գործընթացներում ավելի շատ է, քան մյուսներինը, որոնք ընտրությունից ընտրություն թաթախվել են այս կամ այն մոդելի պատվերը կատարելու մեջ»,-շեշտում է Մ. Գրիգորյանը:
Հավելենք, որ հուլիսի 28-ին սահմանվում են տեղամասերի տարածքները, 30-ին կնշանակվեն ընտրական կենտրոնները, որից հետո կտրամադրվեն նախնական ցուցակները: Օգոստոսի 5-ից մինչեւ 10-ը ներառյալ թեկնածուների գրանցման գործընթացի ժամանակահատվածն է:
Թեկնածուների քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 22-ից եւ կավարտվի սեպտեմբերի 7-ին: Քարոզչության համար նախատեսված է 15 օր: Դա էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ համայնքներում ընտրողները ճանաչում են թեկնածուներին:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Շիրակ




Լրահոս