ՓՇԱԼԱՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Դեղձավան գյուղը շուրջ 4 կմ սահման ունի Վրաստանի հետ: 2007թ. սահմանին անցկացվել է փշալար, ինչի պատճառով Դեղձավանը վնասներ է կրում: Փշալարն անցկացնելիս՝ շինարարական աշխատանքների ժամանակ, խոշոր քարեր են գլորվել, ջարդել գյուղի 4-րդ ջրանցքի ջրատարը: Այդ պատճառով ջրատարից չի ոռոգվում նախկինում ոռոգվող 60 հա հողատարածքը: 5 տարի առաջ մեր սահմանապահները փշալարն անցկացրել են հայկական տարածքի մեջտեղով, որի պատճառով մեր տարածքների մի մասը` մոտ 50 հա, հայտնվել է փշալարից անդին` «չեզոք» գոտում: Այդ տարածքում, իրականում՝ հայկական հողում, վրացիները սահմանապահ ուղեկալ, վագոն-տնակ են տեղադրել:  Այդ 50 հա-ից 45-ը համայնքային նշանակության խոտհարքներ եւ արոտավայրեր են: Մնացած 5-ը սեփականաշնորհված վարելահող է: Գյուղացիները չեն համարձակվում փշալարից այն կողմ գտնվող հողերը մշակել, քանի որ վախենում են բռնվել վրացի սահմանապահների կողմից եւ խոշոր տուգանքների ենթարկվել:
Դեղձավանի բնակիչներն այդ խնդիրն առաջադրել են Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին: Մարզպետն ասել է, որ կա փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հանձնարարականը` փշալարից անդին սեփականաշնորհված հողեր ունեցող դեղձավանցիներին փոխհատուցել՝ տալով գյուղի տարածքում գտնվող այլ հողեր: Սակայն դեղձավանցիները համաձայն չեն նման ձեւով փոխհատուցմանը, քանի որ փշալարից այն կողմ գտնվող տարածքներն ամենաբերրի հողերն են: Նրանք ակնկալում են այդ հողերի համար պետությունից դրամական փոխհատուցում ստանալ: Ընդհանուր առմամբ, այս խնդրի պատճառով տուժում է 18 դեղձավանցի, չօգտագործվող տարածքների համար գումարներ չեն հավաքագրվում տեղական բյուջե: Դեղձավանցիները «Ժողովուրդ»-ի թղթակցին ասացին, որ սահմանները ճշտելու համար 2008թ. սահմանային հանդիպում է եղել, վրացական կողմն այդ հանդիպմանը ներկայացել է համապատասխան քարտեզներով, մասնագետներով, հայկական կողմը ներկայացրել է միայն սահմանապահ զորամասի պարետը: Արդյունքում` վրացիները կարողացել են «հիմնավորել» իրենց հողային պահանջները:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս