ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՈԲՐԱՆԵՐԸ՝ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
Հնդկաստանի նահանգներից մեկում երկու գյուղացիներ վաղ առավոտյան մտել են հարկային բաժնի գրասենյակ եւ այնտեղ բաց թողել իրենց հետ պարկերով բերած մոտ 40 թունավոր օձեր, այդ թվում` 4 կոբրաներ: Ողջ հարկային բաժանմունքը խուճապահար է եղել:  Հատուկ մասնագետների օգնությամբ վնասազերծել են թունավոր սողուններին: Նահանգապետը խոստացել է քննել այդ միջադեպը եւ պատժել մեղավորներին:

ՀՂԻ ՄԱՐԶՈՒՀԻՆ
Մալազիացի մարզուհի Նուր Սուրանի Մոհդ Թաիբին, գտնվելով հղիության 8-րդ ամսում, պատրաստվում է  մեկնել Լոնդոն եւ մասնակցել ամառային Օլիմպիական խաղերին: Նա կդառնա պատմության մեջ 4-րդ կինը, որը, հղի լինելով, կմասնակցի Օլիմպիական խաղերին: 29-ամյա մարզուհին մասնակցելու է հրաձգության մրցումներին: Նա կլինի խաղերը լուսաբանող լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում իր կարգավիճակի պատճառով: «Լոնդոնում ես պատրաստվում եմ ունենալ կյանքիս լավագույն ելույթը, իսկ բաղձալի մեդալը շահելու դեպքում ես կհամարեմ, որ դա օրհնանք է դեռեւս չծնված երեխայիս կողմից»,-նշել է նա:

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է
Թուրքիայի Քոնիա նահանգում Սելջուկի համալսարանի անասնաբուժության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող 37-ամյա Մեհմեդ Ույսալը որոշել է վրեժ լուծել դասախոսից, որը երեք տարի շարունակ նրան կտրել է քննությունից: Հերթական քննության ժամանակ Ույսալը 5 դանակի հարված է հասցրել պրոֆեսորին: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, իսկ թուրք ուսանողին ձերբակալել են:

ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ
Գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը եւ Հրանտ Մելքումյանը հաջող սկսեցին Շվեյցարիայի Բիլ քաղաքում մեկնարկած խոշոր մրցաշարը: Առաջին տուրում հայ գրոսմայստերները հաղթանակներ տոնեցին: Երկրորդում Մովսեսյանը սեւերով ոչ-ոքի խաղաց, իսկ Մելքումյանը հաղթեց իր մրցակցին: Հիշեցնենք, որ օրերս այդ քաղաքում ավարտված արագ շախմատի մրցաշարում Մովսեսյանը զբաղեցրեց առաջին, իսկ Մելքումյանը՝ երկրորդ տեղը:

ՈՉ ՄԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
11-ամյա Սամուել Սեւյանը, չկրելով ոչ մի պարտություն եւ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, առաջին մրցանակը նվաճեց Լոս Անջելեսում անցկացված 20-րդ «Մետրոպոլիտեն» մրցաշարում:  Սամուելը վերջին երկու ամսվա ընթացքում երկրորդ անգամ լրացրեց միջազգային վարպետի նորմա:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս