ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Արմավիրի մարզի Արագածի համայնքապետարանում քաղաքացիների կողմից պահանջվող յուրաքանչյուր տեղեկանքի դիմաց գյուղապետը պարտադրում է մարել հարկերի կուտակված պարտքերը, այլապես մերժում է նրանց: Գյուղապետարանի այս գործելաոճն օրինականությա՞ն շրջանակներում է:

Սվետլաննա Մարտիրոսյան, 72 տարեկան, կենսաթոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. Օրենքով համայնքապետը լիազորված չէ տեղեկանք չտրամադրել, եթե քաղաքացին չի վճարել կուտակված պարտքերը:
Սակայն տեղական հարկերը համայնքային բյուջեի հիմնական եկամտային աղբյուրներն են, եւ համայնքի բնակիչները նույնպես պարտավորվածություն պետք է զգան բյուջեի համալրման եւ այդ միջոցներով իրենց համայնքում իրականացվող աշխատանքների համար: Ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը կազմել է 80.2%, իսկ Արագածում՝ 51.7%:
Տեղեկացնենք նաեւ, որ «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» ՀՀ օրենքով հնարավորություն է տրվում ՀՀ քաղաքացիներին վճարել հարկերի մայր գումարը՝ ազատվելով տույժ-տուգանքներ վճարելուց: Սահմանված արտոնությունից բնակիչները կարող են օգտվել մինչեւ 2012թ. դեկտեմբերի 31-ը, եւ համայնքի ղեկավարի պահանջը՝ հարկերի վճարման առումով, նաեւ բխում է համայնքի բնակիչների շահերից:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության
հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նույն համայնքապետերն էլ լավ գիտեն, որ եթե մարդկանց հնարավորությունները ներեն, վճարումները երբեք չեն ուշանա: Այսուհանդերձ, տեղեկանք տալու առիթն օգտագործելով՝ նրանք մշտապես ձգտում են մարդկանց առանց այն էլ դատարկ գրպանները էլ ավելի թեթեւացնել:




Լրահոս