Գևորգ Կոստանյանը` քրեական հեղինակությունների սպանության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատասխանեց մի քանի հարցի և անդրադարձավ Ավետիսյանների ընտանիքի սպանությանն ու քրեական աշխարհում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին:

Նա նշեց, թե ուրբաթ օրն ընդունելությունների օր է, և այդ օրն ինքը պատրաստ է հանդիպել Ավետիսյանների հարազատներին:

«Ուրբար օրը ես ունեմ ընդունելությունների օր: Յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ունեմ ընդունելություն, և այս ուրբաթ օրը քաղաքացիների ընդունելության հերթական օրն է: Ես պատրաստակամություն եմ հայտնել ու հայտնում, որ ցանկացած քաղաքացի, եթե ինքը ընդունելություն է հայցում, կարող է գալ: Այս ուրբաթ օրը, վստահ եմ, որ այդ հանդիպումը տեղի կունենա, եթե քաղաքացիները գան», – նշեց նա:

Անդրադառնալով քրեական աշխարհում տեղի ունեցած իրադարձություններին` Կոստանյանը նշեց, որ դեռ վաղ է խոսել, թե ինչով է պայմանավորված այդ վիճակը:

«Բայց, որպես կանոն, դա իր հիմքում ունենում է թե՛ զենքի ապօրինի շրջանառության ծավալների նկատմամբ հսկողության խստացում, թե՛ հանցավոր վարքագծի հիմքում դրված այլ հանգամանքների նվազեցմանը կամ վերացմանն ուղղված միջոցառումներ: Համենայնդեպս, ավելի համալիր ուսումասիրությունները յուրաքանչյուր գործով անցկացվող քննության արդյունքում բացահայտվում են տվյալ հանցանքը ծնող պատճառների և պայմանների մի ամբողջություն: Ես վստահ եմ, որ այդ բոլոր հանցանքների քննարկման հիմքում մենք կունենանք համալիր և ավելի համակարգային մոտեցում` այդ քրեածին վիճակի վերացմանն ուղղված», – ընդգծեց նա:

Այն հարցին, թե ում բացթողումն է ստեղծված իրավիճակը, նա նշեց. «Մենք չենք խոսում բացթողումների կամ ձեռքբերումների մասին, մենք խոսում ենք հանցավոր վիճակը մշտապես հսկողության տակ պահելու, և ավելին` հանցածին հանգամանքները նվազեցնելուն և վերացնելուն ուղղված միջոցառումների մասին»:




Լրահոս