«Հայաստանում բոլոր ոլորտներում էլ աշխատավարձի ցածր լինելու խնդիրն առկա է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանը, ով հանրությանը հայտնի է նաեւ սերիալներից, նշում է, որ հանդիսատեսի աչքերում այսօր ուրախությունը պակասել է: Դերասանի կարծիքով` դա պայմանավորված է սոցիալ-տնտեսական խնդիրներով, որոնք պետք է լուծի պետությունը:

-Նարե՛կ, գիտենք, որ այժմ աշխատում եք «Դեպք մետրոյում» ներկայացման շրջանակներում: Կպատմե՞ք չարագործի Ձեր կերպարի մասին. ո՞րն է նրա ասելիքը:

-Իմ մարմնավորած կերպարը մարդկանց վախի ու անտարբերության հետեւանքով դարձել է գազան: Ասելիքը հետեւյալն է` հիվանդ հասարակությունն է ծնում չարագործներին: Եթե մարդիկ լինեն համախմբված, չարագործները գլուխ չեն բարձրացնի:

-Մի առիթով նշել եք, թե կուզենայիք` Ձեր աշխատավարձն այնքան բարձրանար, որ միայն թատրոնում աշխատելով կարողանայիք ապրել: Ըստ Ձեզ, արդյոք երբեւէ նման բան հնարավոր կլինի Հայաստանում:

-Հայաստանում բոլոր ոլորտներում էլ աշխատավարձի ցածր լինելու խնդիրն առկա է: Կարծում եմ` նախ հարկավոր է ժողովրդին կրկին դարձնել թատերասեր, բացի այդ` պետք է նրան ֆինանսավորել այնքան, որ առանց մտածելու գա ու թատրոնի դրամարկղից գնի ուզած տոմսը: Այդ ժամանակ իմ աշխատավարձն էլ բարձր կլինի, եվ դերասանը վերջապես գոհ կմնա:

-Թատրոնի տված հոգեւոր սնունդի ներգործությունը կարո՞ղ է արդյունավետ լինել առօրյա հոգսերի մեջ թաղված հանդիսատեսի համար:

-Մենք շատ լավ հանդիսատես ունենք, ուղղակի, իրոք, նրա հոգսն է շատ: Ուզում եմ անհոգ հանդիսատես տեսնել: Մարդկանց աչքերում ուրախությունը քիչ է. դա կապված է սոցիալ-տնտեսական հարցերի հետ, պետության լուծելու խնդիրն է: Թատրոնը կարող է միայն մտավոր եւ հոգեւոր աշխարհը կայուն պահել:

-Հիմա մեր երկրում կա՞ մի խնդիր, որը որպես քաղաքացի Ձեզ շատ է մտահոգում:

-Ինձ անհանգստացնում է մեր սահմանների լարված դրությունը: Ուզում եմ, որ մեր զինվոր տղաները ծառայեն խաղաղ երկնքի տակ: Մեր երկիրը նորածնի նման պետք է խնամել, օգնել, անկախ այն հանգամանքից, թե ինչ մասնագիտություն ունես, որտեղ ես աշխատում: Կուզենամ որ երկրի ներսում ավելի հանդուրժող լինենք իրար նկատմամբ, քանի որ իրական թշնամին մեր երկրի սահմաններից այն կողմ է: Ամեն դեպքում ես լավատես եմ եւ գիտեմ, որ ամեն խնդիր դրական լուծում է ստանալու:

Աննա Բաբաջանյան




Լրահոս