«ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԱՐԵՆՈՐՈԳԻՉՆԵՐԻ» ԱՌԱՋՆՈՐԴԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն իշխանության մեջ վերջնականապես տեղավորվելուց հետո հայտարարեց, որ պատրաստվում է ասպարեզ բերել երիտասարդների, ովքեր  պետք է նպաստեն բարեփոխումների առավել ակտիվ իրականացմանը: Ուրախացանք, ոգեւորվեցինք, մտածեցինք, որ նախագահն իսկապես մտադրվել է յուրատեսակ հեղափոխություն իրականացնել, թարմացնել կառավարման համակարգը՝ այն համալրելով  տաղանդավոր երիտասարդներով… Բայց պարզվեց, որ նախագահի համար տաղանդի «չափորոշիչը» ոչ թե ինտելեկտն է, կազմակերպչական կարողություններն ու նոր մտածողությունը, այլ՝ արագորեն համակարգին սպասարկու դառնալու եւ այդ համակարգի «ավանդույթները» յուրացնելու հմտությունը: «Նոր սերնդի» առաջամարտիկներից մեկը՝ Լեւոն Մարտիրոսյանը, եւս ընդգրկվեց նախագահի «բարենորոգչական թիմում» ու… տեղ զբաղեցրեց Ազգային ժողովում:
Իհարկե, ժամանակին խոսվում էր այն մասին, որ նա փոխարինելու է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը լքած Կարեն Կարապետյանին, հետո ոմանք նրա համար կանխատեսում էին նախարարական պորտֆել՝ հատկապես մշակույթի նախարարի, սակայն դա էլ տեղի չունեցավ (քանի դեռ կա տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարարի պաշտոնը միշտ պատկանելու է Հասմիկ Պողոսյանին): Աժ-ում շատերը կարծում էին, թե Լ. Մարտիրոսյանը զբաղեցնելու է առանցքային պաշտոն, քանի որ մի փոքրիկ թիմ ունի ԱԺ-ում՝ ի դեմս Սամվել Ֆարմանյանի եւ Նաիրա Կարապետյանի: Սակայն նրա «ճակատագիրը» այնքան էլ բարենպաստ չեղավ:
Բայց մինչեւ խորհրդարան գալը՝ Լեւոնի կենսագրությունը վատ չէր դասավորվել: Երեւանում ծնված երիտասարդը, ում արմատներն առնչվում են Իջեւանին, 1997-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Հավանաբար, հովանավորներ չունենալու պատճառով, նա համալսարանն ավարտելուց հետո մեկնել է բանակ ու իր պարտքը տվել հայրենիքին (սա. իհարկե, գովելի է): Բանակից հետո էլ սովորել եւ ավարտել է Մեծ Բրիտանիայի Էսսեքսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Մասնակցել է մի շարք ծրագրերի եւ դասընթացների՝ Ջոն Սմիթի անվան կրթական ծրագիր երիտասարդ հասարակական-քաղաքական գործիչների համար (2000թ., Մեծ Բրիտանիա), «21-րդ դարի առաջնորդներ» բարձրագույն գործադիր դասընթաց (2003թ., Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոց, ԱՄՆ), Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության «Ապագայի անհատականություն» քաղաքական ծրագիր (2008թ., Ֆրանսիա):
«Շատ անսպասելի»՝ մասնավոր իրավաբանական գործունեություն ծավալած այս անձնավորությունը 2007-ի հուլիսին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական: Իհարկե, սա բարձր պաշտոն չի համարվում, ընդամենը տեխնիկական ծառայող է, սակայն զարմանալի է, որ միջազգային իրավունքի մագիստրոսը համաձայնել է գնալ կառավարություն եւ կատարել մի աշխատանք, որը կարող էր մատուցել անգամ բարձրագույն կրթություն չունեցող մարդը: Սակայն, ինչպես պարզվեց, Լ. Մարտիրոսյանը նախագահ Ս. Սարգսյանի փեսայի՝ ամենակարող փեսայի թիմից էր: Դրա համար էլ կիսով չափ կատարում էր Քոչարյանի ժամանակվա Արմեն Գեւորգյանի գործառույթները՝ իշխանամետ լրատվամիջոցների կորդինացիան:
Երբ 2008-ին Սերժ Սարգսյանը վարչապետի նստավայրից տեղափոխվեց նախագահի նստավայր, բնականաբար, իր հետ տարավ նաեւ իր «օժիտը»՝ որի  մեջ էր Լ. Մարտիրոսյանը: Ու «Կոմեդի կլաբի» Գարիկի եղբայրը սկսեց օգնականություն անել երկրի նախագահին: Սա դիտարկվեց որպես պաշտոնական առաջխաղացում:
Հետաքրքիրն այն է, որ 2007-ին Լ. Մարտիրոսյանը հիմնադրեց Միացյալ ազատական ազգային կուսակցությունն ու դարձավ նրա գլխավոր  քարտուղարը: Մենք վաղուց մոռացել էինք «գենսեկ» արտահայտությունը, բայց ահա Լեւոնը պարտադրեց վերհիշել այն՝ միաժամանակ մտովի վերականգնելով հիշողությունները չպվպՐՈսՖվօռ րպՍՐպՑՈՐՖ-ների մասին. Բրեժնեւ, Անդրոպով, Չեռնենկո, Գորբաչով… Ահա թե ինչ համադրության մեջ էր տեսնում իրեն Լ. Մարտիրոսյանը: Ի դեպ, թե ինչ էր նշանակում «միացյալ ազատականություն»՝ մենք այդպես էլ չհասկացանք: Գուցե Լեւոնը նպատակ ուներ իրեն հռչակել բոլոր ազատական կուսակցությունների առաջնորդ, դրա համար էլ ընտրել էր գլխավոր քարտուղարի ինստիտուտը: Բայց այդպես էլ այս երիտասարդին չհաջողվեց բոլոր ազատական ուղղվածություն ունեցող կուսակցություններին անցկացնել իր «թրի տակով»: Հակառակ դեպքում՝ բացի ՀՀԿ-ից ու ՀՅԴ-ից՝ ըստ էության, բոլորը պիտի Լեւոնին ընդունեին որպես գլխավոր քարտուղար… Բայց չստացվեց, դրա համար էլ 2007-ի դեկտեմբերին ՄԻԱԿ-ի  հիմնադիրն ու առաջնորդը հրաժարական տվեց՝ իր տեղը զիջելով Սամվել Ֆարմանյանին: Հավանաբար, նախագահ Ս. Սարգսյանը չէր կամեցել, որ իր օգնականը լիներ գլխավոր քարտուղարը, քանի որ ամեն անգամ նրան տեսնելիս՝ կարող էր ասոցիատիվ հիշողություն ունենալ ու նրան դիմել՝ Լեոնիդ Իլյիչ կամ էլ Յուրի Վլադիմիրովիչ՝ հիշելով նաեւ իր անմիջական շեֆին՝ ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղար ընկեր Գեւորգովին…
Նկատենք, որ անկախ ամեն ինչից, բոլոր վերլությունները ցույց են տալիս, որ  ՄԻԱԿ-ը ստեղծվել էր մի շատ հետաքրքիր գաղափարի՝ երկրում երիտասարդ կադրերի միջոցով Ս. Սարգսյանի իշխանությունն ամրապնդելու համար: Բայց Լեւոն Մարտիրոսյանի գլխավորած ուժը չկարողացավ դառնալ Միքայել Մինասյանի հաղթական  նախագիծը, քանի որ թիմում հավակնորդները շատ էին…
Արդյունքում այսօր Լեւոն Մարտիրոսյանը զբաղված է երկրում ձեւավորված գրանտակերների ինստիտուտի կայացման «սուրբ պարտականությամբ»: Հիշեցնենք, որ դեռեւս 2001թ. Մարտիրոսյանը հիմնադրել է «Երիտասարդ Դեմոկրատների Միություն» ՀԿ-ն, 2003թ.՝ «Բրիտանական Շրջանավարտների Ասոցիացիա» ՀԿ-ն: Թե ովքեր են այդ երիտասարդ դեմոկրատները եւ ինչ են անում Հայաստանում՝ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ կա հասարակական կազմակերպություն, որն էլ կարող է տարաբնույթ դրամաշնորհներ ստանալ: Իսկ ո՞վ չի ուզենա դրամաշնորհներ տալ ՀՀ նախագահի օգնականին, որը հիմա էլ պատգամավոր է…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս