ԳՈՀԱՐ ՄԱՏԻՆՅԱՆԻ «ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Գոհար Մատինյանի անունն առաջին անգամ լսեցի 1997-ին, երբ ՀՀ գերագույն դատարանում լսվում էր վերաքննիչ բողոք, որի հեղինակը Գյումրի քաղաքից մի մտավորական էր, ղարաբաղյան շարժման ակտիվիստ: Վճիռ էր կայացվել այն ժամանակ գործող Քրեական օրենսգրքի 89 հոդվածի 4-րդ մասով, բողոքողը շրջժողդատարանի կողմից դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: Ըստ էության, կայացվել էր քաղաքական դատավճիռ այն ժամանակվա Շիրակի մարզի դատախազ Ս. Ավագյանի թելադրանքով: Քաղաքական, որովհետեւ այդ մտավորականը հոդված էր գրել դատախազության եւ դատարանների դեմ, իսկ գործ էր հարուցվել իբր խարդախությամբ ոստիկանության մի փոխգնդապետից գումար կորզելու մեղադրանքով:
Իրականում այդ մտավորականը փոխգնդապետից տոկոսով վերցրել էր 600 դոլար, ապա, փոքր-ինչ ուշացնելով պայմանավորված ժամկետից, վճարել 920 դոլար: Գումարը վճարելուց հետո հարուցվել էր քրեական գործ… Գերագույն դատարանի նախագահի տեղակալը ծանոթացել էր բողոքին, բացատրել, որ ժողդատարանը պիտի արդարացման վճիռ կայացնի… Բայց ահա դատի ժամանակ ներկայանում է Արաքսյա անունով մի կին Գյումրուց, որը հայտնի էր որպես ոստիկանությանը «գործ տվող» եւ թմրանյութերի վաճառքով զբաղվող… Նրան տեսնելով՝ դատավորների եռյակը սփրթնում է եւ… ժողդատարանի վճիռը թողնում անփոփոխ: Դատավորների մեջ էր նաեւ Գոհար Մատինյանը…
Տեղյակ լինելով այդ պատմությանը՝ չմոռացա այս անունը, որն իրավապահ ոլորտում իր կենսագրությունը սկսել է ՀԽՍՀ ՆԳՆ պետական օբյեկտների եւ հիմնարկների պահպանության դիվիզիոնի միլիցիոների պաշտոնից ու 1999թ. առայսօր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է: Ծանոթացնեմ Գ. Մատինյանի քննած բազմաթիվ գործերից միայն երկուսին, որոնք արդեն առիթ պիտի լինեին այդ դատավորին համակարգից հեռացնելու համար, սակայն նա շարունակում է վճիռներ կայացնել՝ օրենքը ծառայեցնելով սեփական քիմքին ու շահերին:
2007թ. դեկտեմբերի 26-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանում դատավոր Գ. Մատինյանի նախագահությամբ քննվել է «Աննա Փամբուխչյանն ու նրա որդիները՝ ընդդեմ Սոնյա Թովմասյանի» գործով բողոքը: Ահա դատարանի կայացրած վճռից մի հատված միայն. «Գործի փաստական տվյալներով չապացուցվեց, որ ժառանգական գույք հանդիսացող վիճելի բնակելի տունը գտնվում է հայցվորների փաստացի տիրապետման եւ օգտագործման ներքո…»: 2009թ. հոկտեմբերի 2-ին դատավոր Գ. Մատինյանի նախագահությամբ Վերաքննիչ դատարանը ուժի մեջ էր թողել Ս. Թովմասյանի՝ ընդդեմ Ա. Փամբուխչյանի եւ նրա որդիների գործով ընդհանուր իրավասության դատարանի այն վճիռը, որում գրված էր. «1997թ. վերադառնալով ԱՄՆ-ից՝ պատասխանողներ Աղասի, Վարդան Համբարձումյանները եւ Աննա Փամբուխչյանը 1998թ.-ից ապօրինի տիրապետել են Մարգարիտա Քոչումյանի, իսկ 2006թ. սեպտեմբերի 27-ից՝ հայցվոր Սոնյա Թովմասյանի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը»:
Փաստորեն, նույն դատավորը մի դեպքում ապացուցված չի համարել այն հանգամանքը, որ Ա. Փամբուխչյանը փաստացի տիրապետել է գույքին, իսկ ահա ժամանակ անց կայացրել է նոր վճիռ… Մինչդեռ Ա. եւ Վ. Համբարձումյանները, վրդովված այն բանից, որ առաջին դեպքում դատավորն իրենց է ճանաչել տան փաստացի օգտագործողներ եւ վճիռ կայացրել հօգուտ իրենց, իսկ հետո փոխել վճիռը, գրել են բողոք, որում ասել են. «Գոհար Մատինյան՝ Վերաքննիչի դատավոր, ով երեւի «մատներից» հոտ քաշեց ու որոշեց, որ մենք տունը ապօրինի ենք օգտագործում ու պիտի ազատենք այն: Չնայած մենք ունենք բնակօգտագործման իրավունք, որն ամրագրված է կադաստրի պետական կոմիտեում եւ չի կասեցվել որեւէ դատական ակտով: Գ. Մատինյանը կողմնակալ վճիռներ է կայացրել. մի դեպքում գտել է, թե մենք չապացուցեցինք, որ տունը տնօրինում ենք, ուստի չենք կարող ժառանգներ հանդիսանալ, իսկ մեկ այլ դատի ժամանակ մեզ ապօրինի տիրապետողներ է ճանաչել»: Կարելի է ենթադրել, թե Համբարձումյանների դեպքում «ինչը» կարող էր շահագրգռել դատավորին՝ ապօրինություն թույլ տալու համար…
Հետաքրքրական մյուս փաստը. այս անգամ Մատինյանի դեմ բողոքել է Արմավիրի մարզի Մեջավան գյուղի բնակչուհի Սիլվա Շահվերդյանը, ում տղայի ունեցած պարտքի դիմաց Էջմիածնի շրջանային ժողդատարանը սխալ վճիռ է կայացրել, պարտքի դիմաց բռնագանձում է տարածել նրա մորը՝ Ս. Շահվերդյանին պատկանող տան վրա եւ հնարավորություն տվել պարտք տվողին տեր դառնալ մեկ ուրիշին պատկանող տանը… Կինը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան, Գ. Մատինյանը, առանց բողոքողին տեղյակ պահելու, որոշում է կայացրել 2009թ. մայիսի 15-ին, հետո, դարձյալ առանց Ս. Շահվերդյանի իմացության, իբր Վճռաբեկ դատարանն է 2009թ. հուլիսի 22-ին որոշում կայացրել… Հետաքրքիր է՝ այդ ինչպես է, որ բողոքը մուտքագրվել է հուլիսի 2-ին, բայց մայիսի 15-ին արդեն կայացվել էր որոշումը… Ի դեպ, այս պատասխանի տակ ստորագրել էր դատավորի օգնական Ն. Խաչատրյանը, ինչը կոպիտ խախտում է համարվում…
Ահա թե ովքեր եւ ինչպես են իրականացնում մեր երկրում արդարադատություն…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս