ԱՇՏԱՐԱԿՑԻՆԵՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ, ՄԱՐԶՊԵՏԸ՝ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի մի խումբ բնակիչներ՝ դժգոհելով Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի աշխատանքային գործունեությունից: Տեղեկացնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Ժողովուրդ»-ը ոչ միայն անանուն նամակի, այլեւ զանգերի տեսքով դժգոհություններ է ստանում մարզպետի գործելաոճի վերաբերյալ:

Նշենք, որ Աշտարակի բնակիչները նույն բովանդակությամբ նամակ են ուղարկել նաեւ ՀՀ ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Արագածոտնի մարզը ներկայացնող պատգամավորներին, քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին:
Մի խումբ աշտարակցիների անունից «Ժողովուրդ»-ի խմբագրություն ուղարկված նամակում նշված է հետեւյալը. «Դպրոցներում կաշառակերության դեպքերի բացահայտումը մարզպետին ստիպել է դրամահավաքի նոր մեխանիզմներ մշակել: Մարզպետի գլխին անձրեւանոց բռնող նրա օգնականը զանգահարում է մարզի քաղաքապետերին, գյուղապետերին եւ նրանցից տարբեր չափի գումարներ պահանջում՝ ասելով, թե իբր մարզպետը պետք է թանկարժեք նվերներ գնի նախագահի աշխատակազմի, կառավարության եւ տարածքային կառավարման նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների ծննդյան կապակցությամբ եւ անձամբ գնա նրանց շնորհավորելու: Իսկ այն քաղաքապետերը կամ գյուղապետերը, ովքեր հրաժարվում են վճարել, մարզպետը նրանց հիշեցնում է կատարած անօրինականությունների մասին եւ սպառնում իրենց դեմ քրեական գործ հարուցել տալ»:
Բացի այս՝ նամակում գրված է նաեւ, որ ապրիլի 24-ին Արագածոտնի մարզպետարանի կողմից կազմակերպվող միջոցառումներից առաջ Ս. Սահակյանը մարզի քաղաքապետերից եւ գյուղապետերից «պահանջել է ապահովել այդ միջոցառումների համար նախատեսված ծաղիկները» կամ էլ՝ այդ ծաղիկները գնելու համար «մարզպետարանին գումար տրամադրել», որպեսզի կարողանա առանց խոչընդոտի «յուրացնել այդ ծաղիկների համար նախատեսված գումարները»:
Ըստ դժգոհ աշտարակցիների` դրամահավաքի մյուս մեխանիզմը դպրոցականներին Արեւմտյան Հայաստան տանելու համար նրանցից «6 հազար դրամ հավաքելն է»: «Ընդ որում, Արեւմտյան Հայաստան տանելն իրենից ներկայացնում է մինչեւ Թուրքիայի սահմանի մոտ տանելը եւ այնտեղից պատմական հայկական տարածքները ցուցադրելը: Այս մեխանիզմի արդյունքում մարզպետը յուրաքանչյուր աշակերտի գնալուց ակնկալել է 2 հազար դրամ եկամուտ, իսկ տրանսպորտի եւ սննդի հետ կապված ծախսերը հովանավորների վրա թողնելու դեպքում՝ մինչեւ 4 հազար դրամ եկամուտ: Ընդհանուր առմամբ՝ այս մեխանիզմի արդյունքում մարզպետը ակնկալել է ստանալ 30-40 մլն դրամի եկամուտ, սակայն ծնողները, հասկանալով, որ այդ ծրագրի իրական նպատակը մարզպետի կողմից եկամուտ ստանալն է, դժգոհություն են բարձրացրել, ինչի արդյունքում դադարեցվել է այդ ծրագիրը»,- ներկայացված է նամակում:
Աշտարակցիները նամակում հիշեցնում են նաեւ, որ մարզպետարանի կողմից իրականացվող շինարարական մրցույթներում մշտապես հաղթում է մարզպետի եղբոր կազմակերպությունը, որի կատարած շինաշխատանքների հետ կապված քննչական կոմիտեում քրեական գործ կա հարուցված: Բնակիչները համոզված են` մարզպետը քաջ գիտակցում է, որ Աշտարակում իր հանդեպ դժգոհությունն օր օրի աճում է, սակայն շարունակում է իր գործողությունները:
Աշտարակի բնակիչների` մեզ փոխանցած դժգոհության առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ, ով հրաժարվեց մեկնաբանել խմբագրություն ուղարկված նամակում նշված տեղեկությունները եւ հայտարարեց, որ իր մասին դժգոհություններն անհիմն են:
-Պարո՛ն Սահակյան, «Ժողովուրդ»-ի խմբագրույթունը պարբերաբար ոչ միայն նամակի, այլեւ զանգերի տեսքով դժգոհություններ է ստանում Ձեր գործելաոճի հետ կապված: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Որտե՞ղ են այդ բնակիչները, հիմա եթե մի անաստված նամակ է գրում բնակիչների անունից, ապա այն որքանո՞վ է լուրջ: Եթե զանգեր եք ստանում, վերցրեք հեռախոսահամարները, բերեք, քննարկենք:
-Դուք տեղյա՞կ եք նամակի բովանդակությունից:
-Իհարկե, տեղյակ եմ: Ինչ-որ մեկը նման բաներ է գրում եւ տարբեր տեղեր բաժանում: Ինչ եք կարծում՝ դրան արժե՞ անդրադառնալ:
-Պարո՛ն Սահակյան, մեր աշխատանքն է խնդիրները բարձրաձայնելը եւ քաղաքացիների բողոքներին արձագանքելը: Եւ հետո` սա առաջին դեպքը չէ, որ Ձեր աշխատանքային գործունեության հետ կապված նման դժգոհություններ ենք ստանում:
-Եթե նամակն անստորագիր է, ու գրողը հանդես է գալիս ամբողջ բնակչության անունից, ապա դրան լուրջ վերաբերել պետք չէ: Զանգողներին վերցրեք, գնացեք ու քննարկեք համապատասխան կառույցների հետ: Ոչ մի տեղեկություն չի համապատասխանում իրականությանը:
-Այդ դեպքում ինչո՞ւ է նամակում կոնկրետ Ձեր մասին գրված, կամ ինչո՞ւ են անընդհատ Ձեր աշխատանքային գործունեությունից դժգոհում:
-Դե, եթե այդ մարդու մտածելակերպն այդպիսին է, կամ մարդը չար է, գուցե՞ անձնական հարցեր ունի: Դա մի մարդու գրած բան է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՄԱՐԶՊԵՏԸ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է
Տավուշի մարզպետարանից ստացված տվյալներով՝ մարզպետ Հովիկ Աբովյանը հրահանգել է վաստակած հանգստի ուղարկել մարզի հանրակրթական դպրոցների թոշակառու ուսուցիչներին, նաեւ աշխատանքից ազատել ոչ մասնագիտական կրթությամբ կադրերին: Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղը, Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը պատրաստել են Տավուշի մարզից սերված բազմաթիվ մանկավարժներ, ովքեր աշխատելու հնարավորություն չունեն եւ ստիպված են սահմանամերձ մարզից հեռանալ: Տավուշի մարզպետարանից հայտնեցին, որ ուսուցչական կադրերի սերնդափոխությունը կկատարվի օրենքի շրջանակներում, եւ դպրոցներում ուսումնական գործընթացը դրանից չի տուժի: Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունում առկա է երիտասարդ մանկավարժների մասին տեղեկատվական բազա, որպեսզի դրանցում ներառվածները կարողանան իրենց մասնագիտությամբ աշխատանքի տեղավորվել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս