Տավուշում չեն հավատում, Սյունիքում վստահ են` լավ կլինի, իսկ Լոռիում պետք է աչքով տեսնեն. համայնքապետերը` հանրաքվեի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում անցկացվել է տեղական հանրաքվե` համայնքների խոշորացման հարցով: Armlur.am-ն արդեն տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված արդյունքները: Ըստ դրանց` Սյունիքի մարզում մեծամասնությունը կողմ է քվեարկել ծրագրին, Տավուշի մարզի մի քանի բնակավայրերում գրանցվել է ճիշտ հակառակը` դեմ ձայներն ավելի շատ են եղել, իսկ Լոռու մարզի համայնքներում արդյունքները տարբերվել են միմյանցից:

Տավուշի մարզի Թեղուտ համայնքում հանրաքվեի արդյունքներով դեմ քվեարկածներն ավելի շատ են եղել, քան կողմ. համապատասխանաբար` 222 և 167:

Armlur.am-ի հետ զրույցում Տավուշի մարզի Թեղուտի համյանքապետ Արարատ Թամրազյանը գրանցած դեմ ձայները բացատրում է նրանով, որ մարդիկ չեն հավատում: «Դե մարդիկ են: Բացատրական աշխատանքներ տարանք:  1-2 տարի առաջ այսքան կողմ չկար, վերևից եկան, մեր աշխատանքների շնորհիվ 40 տոկոսն այո են ասել, բայց էլի դեմ մարդիկ կային էլի: Մարդկանց մոտ մտավախություն կա, որ իրականում այս ամբողջ ներդրումները գյուղեր չեն հասնի, չեն հավատում էս մարդիկ: Բացատրում ես, հասկացնում ես, որ ժամանակները փոխվել են, լավ ա լինելու, բայց ամեն դեպքում մտավախությունը կա»,- նշեց համայնքի ղեկավարը:

Թամրազյանն ինքը ծրագիրը համարում է լավը, եթե իրականում կատարվի. «Եթե այս ամբողջը կատարվի, ծրագիրը լավն է, հեռանկարային է: Վաղ թե ուշ գալու ենք սրան»:

Համայնքի ղեկավարի խոսքով` այս ծրագրի իրականցման ժամանակը չէր. «Մարդիկ աշխատանք չունեն, հավատ չկա: Առավոտ զարթնում, մտածում է` ինչպես ընտանիքը պահի, ծայրը ծայրին հազիվ հասցնում են` անասուն պահելով, տնամերձ հողատարածքը մշակելով: Շատ դժվար է»:

Լոռու մարզի Շամուտ համայքնում ևս դեմ քվեարկածների թիվն ավելի մեծ է եղել, քան կողմ` 64 դեմ, 19 այո: Համայնքի ղեկավար Վանյան Բաղիշը մեզ հետ զրույցում ասաց, որ ժողովուրդն այդպես է ուզել: «Պետք ա ծրագիրն աչքներովս տեսնենք, կարող ա շատ լավ արդյունք տա: Եթե ծրագրերը կատարվի, շատ լավ կլինի: Շատ հարցեր կան, որ փոքր համայքներս չենք կարող անել, բայց եթե խոշորացվի ու իրոք արվեն այդ ծրագրերը, շատ լավ կլինի: Իսկ եթե չարվի այն, ինչ ծրագրով գրված ա, դե նենց էլ չի արվում, սենց էլ չի արվի էլի»,- ասաց Վանյան Բաղիշը:

Իսկ Սյունիքի մարզում պատկերը լրիվ այլ է. այնտեղ համայնքների բնակչության մեծամասնությունը կողմ է քվեարկել ծրագրին: Շինուհայր համայնքում ևս ընտրողների մեծամասնությունը` 1079, կողմ է քվերակել:  Սյունիքի մարզի Շինուհայր համայնքի ղեկավար Սմբատ Երեմյանն արդյունքները պայմանավորում է նաև նրանով, որ ծրագրի իրականացումից հետո հենց այս համայնքն է դառնալու կենտրոնը. «Միգուցե դրանով է պայմանավորված, որ մարդիկ կողմ են քվեարկել»: Երեմյանը բացառեց, որ բնակիչների նկատմամբ ճնշումներ եղած լինեն.«Մարդիկ իրենց կամքով եկել, քվեարկել, գնացել են»: Շինուհայր համայնքի ղեկավարի խոսքով` մարդիկ համոզված են, հավատ ունեն, որ ներդրումներ կկատարվեն և ծրագիրը սպասված արդյունքը կտա:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս