ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՑՈՒՅՑՆԵ՞Ր Է ՈՒՆԵՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքսի» կողմից հանրայնացված փաստաթղթերից հերթականը վերաբերում է 2008թ. մարտի 1-ից առաջ Հայաստանում տիրող իրադրությանը: ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի կազմած սույն զեկուցագիրը փոխանցում է ՀՀԿ-ական պատգամավոր, Մարտի 1-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի մտքերը 2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ: Նիկոյանի մատուցմամբ՝ Արթուր Բաղդասարյանի թիմը տիրապետել է ընտրախախտումների բազմաթիվ հիմնավոր ապացույցների, իսկ իշխանությունների իրական հույսը ցուցարարների՝ հանրահավաքներից հոգնելն է եղել:

Այսպես, 2008թ. փետրվարի վերջին Սամվել Նիկոյանն իր իսկ նախաձեռնությամբ հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով մասնագետի հետ, որը, համաձայն Փենինգթոնի զեկուցագրի, ՀՀԿ-ական գործչի հետ մտերիմ հարաբերություններ է ունեցել: Պետդեպի համար իրավիճակը առավելագույնս պարզ մատուցելու նպատակով դիվանագետը ներկայացնում է Նիկոյանին իբրեւ բավականին հաջող զրուցակից, որը ժամանակ առ ժամանակ հետաքրքիր տեղեկություններ է փոխանցել ԱՄՆ դեսպանությանը: Հեղինակն ընդգծում է, որ Նիկոյանը Կառավարությունում պաշտոն չունի, փոխարենը իշխող կուսակցության գործադիր մարմնի անդամ է: Ամերիկացի դիվանագետը ՀՀԿ-ի ներսում Նիկոյանին կցում է Անդրանիկ Մարգարյանի թեւին, որն այնքան էլ լավ դիրքերում չի հայտնվել 2006թ. Սերժ Սարգսյանի հետ մի շարք ազդեցիկ գործիչների կուսակցականացվելուց հետո:
Խոսելով ներիշխանական հակասություններից՝ Սամվել Նիկոյանը տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը նույն դիրքերից չեն մոտենում առկա իրադրությանը եւ հատկապես Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին: Ուշագրավ է Նիկոյանի համոզված պնդումն առ այն, որ Քոչարյանը նախընտրում է ցուցարարներին հեռացնել Ազատության հրապարակից, մինչդեռ Սարգսյանը զգույշ է տրամադրված հրապարակի մաքրումից հետո սպասվող բացասական ռեակցիայի նկատմամբ՝ հակված լինելով առավելապես խաղաղ հանգուցալուծման: Նիկոյանի վստահությամբ՝ Սերժ Սարգսյանը նախընտրում է բանակցությունների մեջ մտնել նվազ ծայրահեղական ընդդիմադիրների հետ եւ սպասում է, որ ցուցարարները հոգնեն ամենօրյա հանրահավաքներից: Հետաքրքիր է, որ Նիկոյանը փաստացիորեն վկայություն է տալիս ու Ազատության հրապարակից հանրահավաքի մասնակիցների հարկադրական հեռացման պատասխանատվությունը դնում է Ռոբերտ Քոչարյանի վրա:
Խոսելով ընդդիմության մասին՝ ՀՀԿ-ական Նիկոյանը նկատել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքները միայն արտաքնապես են խաղաղ, մինչդեռ իրականում Տեր-Պետրոսյանը գաղտնաբար զինված միավորներ է կազմավորում: Հարկ է արձանագրել, որ Նիկոյանի սույն պնդումը իշխանության հարուցած քրեական գործում այդպես էլ չհաստատվեց: Եթե անգամ տուրք տանք իշխանության վարկածին, ապա հարց է առաջանում, թե ինչո՞ւ զինված ջոկատներ ու պետական հեղաշրջում «նախապատրաստող» Տեր-Պետրոսյանը պատասխանատվության չկանչվեց: Վերջապես, հանրահավաքները ընթացել են հանրության ու ԶԼՄ-ների աչքի առաջ, իսկ այդ օրերի իրադարձությունները` քննվել դատարաններում ու ԱԺ-ում, մինչդեռ որեւիցե հիմնավորում ու ապացույց զինված ջոկատների կամ գեթ մեկ ընդդիմադիրի մասին այդպես էլ չներկայացվեց: Ստացվում է, որ Նիկոյանը կա՛մ ստում է՝ ընդդիմությանը զինված ջոկատներ կազմավորելու մեջ մեղադրելով, կա՛մ էլ ունի ապացույցներ, սակայն չի հրապարակում: Ի դեպ, այս փաստաթղթից ակնհայտ է դառնում, որ Նիկոյանն արդեն իսկ Մարտի 1-ի դեպքերի քննությանը մոտեցել է հստակ կանխակալությամբ, ինչը նորմալ երկրում անհնարին կդարձներ նման մարդու՝ նույն այդ իրադարձությունները քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ դառնալը:
Իսկ, ահա, իշխանության քայլերին անդրադառնալով՝ Նիկոյանը հավելել է, որ Սերժ Սարգսյանը մտադիր է բանակցել Արթուր Բաղդասարյանի հետ ու նրան կոալիցիոն կառավարություն կազմելու առաջարկ անել: Նիկոյանը փաստել է, որ ՕԵԿ-ը նախագահական ընտրությունների օրը մեծ աշխատանք է կատարել, կարողացել է ընտրախախտումների բազմաթիվ ապացույցներ հավաքել, ինչը ցանկալի չէ, որ ներկայացվի Սահմանադրական դատարան: Նրա կարծիքով՝ Արթուր Բաղդասարյանն իշխանության հետ իրեն բավարարող համաձայնության չգալու դեպքում հավանաբար կմիանա Տեր-Պետրոսյանի՝ Սահմանադրական դատարան ներկայացրած բողոքին, ինչը դատարանում կուժեղացնի ընդդիմության դիրքերը: Ըստ էության, Նիկոյանի այսօրինակ տեղեկությունները բավականին կարեւոր են, քանզի իշխանության ներկայացուցչի մատուցմամբ՝ ընտրությունների օրը տեղի են ունեցել բազմաթիվ խախտումներ, եւ ինչ-որ խմբի ձեռքին դրանք հիմնավորող ապացույցներ են եղել: Նիկոյանը պարզաբանում է, որ դրանց տիրապետում էր Արթուր Բաղդասարյանը, որը, փաստենք, այդ ապացույցները չի հրապարակել եւ չի ներկայացրել դատարան: Ըստ այդմ՝ Բաղդասարյանը ընտրախախտումների փաստերը թաքցրել է եւ, ըստ երեւույթին, օգտագործել սեփական հետաքրքրությունների համար: Արդյո՞ք այսքանից հետո իրավապահ մարմինները Նիկոյանին ու Բաղդասարյանին հարցաքննելու անհրաժեշտություն չեն տեսնում:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

 
ՆՈՒՅՆ ՄԱՐԶՈՒՄ ԱՂԻՔԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԵՐԿՈՒ ԴԵՊՔ

Ամսվա սկզբից ի վեր ՀՀ Արմավիրի մարզում աղիքային թունավորման երկրորդ դեպքն է գրանցվում: Առաջին թունավորումը գրանցվել էր նշված մարզի Ալաշկերտ գյուղում: Իսկ հիմա՝ Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզի 6 սանի մոտ արձանագրվել է աղիքային հիվանդություն:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքից դեռեւս մայիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էր հոսպիտալացվել 11 երեխա: Բոլորի մոտ եղել էին նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն եւ ընդհանուր թուլություն: Արդյունքում մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել էր: Ալաշկերտի գյուղապետ Կարեն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ մանկապարտեզը աղտոտված չի եղել: Նրա կարծիքով, երեխաների մոտ աղիքային ինֆեկցիա է եղել, որը տարածվել է շփման միջոցով: Գյուղապետի վարկածով` պատճառը կարող էր լինել թունավորված ցոգոլը:
Հիմա էլ Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզի 6 սաներ մայիսի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում աղիքային գանգատներով դիմել են Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: «Ժողովուրդ»-ը ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ վարակի աղբյուրը պարզելու նպատակով կենսաբանական նյութի նմուշառումներ են կատարվել հիվանդներից եւ մանկապարտեզի սպասարկող անձնակազմից, ինչպես նաեւ՝ խոհանոցից եւ խմբասենյակներից: Ներկա պահին հիվանդանոցում բուժվող 6 երեխայի վիճակը մասնագետները գնահատում եմ միջին ծանրության:
«Ժողովուրդ»-ը ՀՀ ԱՆ համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանից հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ նույն մարզում մեկ ամսվա ընթացքում աղիքային թունավորման երկրորդ դեպքն է արձանագրվում: «Հետազոտությունները դեռ երեք օր պետք է շարունակվեն, եւ այս պահին որեւէ բան ասել չենք կարող: Ի դեպ, Ալաշկերտի հետազոտությունները նույնպես դեռ ավարտված չեն»,- տեղեկացրեց Թորոսյանը:
Նա նաեւ նշեց, որ այս ընթացքում իրենք հետաքրքրվել են եւ պարզել, որ Արմավիր քաղաքի մյուս մանկապարտեզներում խնդիրներ չկան. «Բայց ամեն դեպքում հսկողությունը շարունակվում է, եւ բոլոր անհրաժեշտ միջոցառումներն արվում են: Իսկ ՀՀ այլ մանկապարտեզներից նման ահազանգ չունենք»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԴԵՄ
Ազատամուտ-Իջեւան ավտոճանապարհին գտնվող ավտոգազալցավորման ճնշման կայանը Տավուշի մարզի առաջին գազի կայանն էր: Մի քանի տարի այն միակն էր, որի առջեւ միշտ հերթեր էին: Դրանում փայաբաժին ուներ նաեւ Տավուշի մարզպետ (այժմ՝ քաղաքաշինության փոխնախարար) Արմեն Ղուլարյանը: Անցած տարի այդ ԱԳԼՃԿ-ն վաճառվեց: Ասում են, որ գնորդները Արտաշատից են: Նոր տերերը բարեկարգեցին ԱԳԼՃԿ-ից դեպի մայրուղի տանող ճանապարհը, 180 դրամից 160 դրամ դարձրին մեկ խորանարդ մետրի գազի գինը: Իջեւանի տարածաշրջանի մյուս ԱԳԼՃԿ-ները եւս ստիպված եղան էժանացնել գազի գինը: Սակայն օրերս հիշյալ գազալցակայանում գազի գինը կրկին 180 դրամ է դարձել: Այդ ԱԳԼՃԿ-ի աշխատողն ասաց, որ Իջեւանի տարածաշրջանի ավտոգազալցավորման այլ կայանների տերերը խիստ զրույց են ունեցել տվյալ կայանի սեփականատերերի հետ՝ բողոքելով, թե ինչու են նրանք ցածր գին սահմանում ու «խփում են» իրենց գործին: Դրա հետեւանքով նշված կայանում գազի խորանարդ մետրի գինը 160-ից «վերադարձել է» 180 դրամի: Նշենք, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի ԱԳԼՃԿ-ներում գազի գինն ավելի թանկ է՝ 200-220 դրամ:

 

 

ՅՈՒՐԱՑՐԵԼ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԹՈՇԱԿԸ
Դիլիջանի պետական քոլեջում կատարված իրավախախտումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային բաժին, որն, ըստ ամենայնի, առաջիկա մի քանի օրերին քրեական գործ կհարուցի: Ըստ իրավապահներից ստացված նախնական տեղեկություների՝ պետական քոլեջի դասատուներից ոմանք պլաստիկ քարտերով ստացել են ուսանողների 4500 դրամ կազմող կրթաթոշակները եւ յուրացրել: Մեր տեղեկություններով՝ դա շարունակվել է շուրջ 2 տարի: Ըստ շրջանառվող խոսակցությունների` ֆինանսական խախտումներին կարող է մասնակից լինել նաեւ քոլեջի տնօրեն Գրետա Թամրազյանը: Նա Դիլիջան համայնքի ավագանու միակ կին անդամն է: Դիլիջանի պետական քոլեջի ուսանողների եւ դասատուների համար անսպասելի՝ ամռանը երկնքից թափվող ձյան նման է եղել բազում ոստիկաններին քոլեջում տեսնելը: Մինչ այժմ խնդիր էր պետական քոլեջը ուսանողներով համալրելը, կկարողանա՞ պետական ուսումնական հաստատությունը հաղթահարել այս նոր փորձությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս