ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ:
ՏԱՐՎԱ ՄԱՐԴՆ ԷՐ
Մոսկվայի Կարմիր հրապարակում գտնվող Հիսուս Քրիստոս Ամենափրկիչ տաճարի սրահներից մեկում տեղի է ունեցել «Տարվա մարդ-2012» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը: «Միջազգային համագործակցություն» անվանակարգում հայ-ռուսական քաղաքական, տնտեսական, մշակութային բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցում վերջին տարիներին ունեցած նշանակալի ներդրման համար «Տարվա մարդ» է ճանաչվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
ԳԻՏԻ՝ ՔԱՆԻ ԳՈԼ ԿԼԻՆԻ
«Առավոտ»-ն ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանից փորձել է ճշտել, թե պատրաստ է նոյեմբերի 22-ին ներկայանալ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ բավարարելու իրեն դատի տված ազգագրագետ Հրանուշ Խառատյանի պահանջը: Ի պատասխան՝ Հայրապետյանը խոսել է նոյեմբերի 14-ին նախատեսված Հայաստան-Լիտվա ֆուտբոլային խաղից: «Հիմա կարող եմ ասել՝ ովքեր են գոլերը խփելու, ինչ ձեւի խաղ է լինելու, գեղեցիկ, շատ գոլառատ ֆուտբոլ է լինելու, մեր թիմը հաղթելու է»,-ասել է Հայրապետյանն ու անջատել հեռախոսը: Մնում է պարզել` արդյոք Հայրապետյանն իրեն անցանկալի հարցից խուսափելու համար է նման պատասխան տվել, թե Հայաստան-Լիտվա խաղը պայմանավորված է:
ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԲՈՂՈՔԵԼ
«Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի գործունեությունից տուժած բնակիչներն առաջիկայում բողոքի ակցիաներ կանցկացնեն: Նրանցից 8-ի բնակարանները շարունակում են գտնվել ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եւ նրա ամուսնու` Արտաշատի տարածքային հարկային տեսչության նախկին պետ Դավիթ Բեգլարյանի տնօրինության տակ: Բնակիչները քաղաքացիական հայց են ներկայացրել դատարան՝ ընդդեմ Հրեմինե Նաղդալյանի: Այս գործով դատական հերթական նիստը կկայանա նոյեմբերի 9-ին:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ
«Նախագահ Օբամայի պաշտոնավարման երկրորդ ժամկետում Միացյալ Նահանգները շարունակելու է մեծ ուշադրություն դարձնել Հայաստանի հետ հարաբերություններին եւ ընդհանրապես` հարավկովկասյան ուղղությանը»,-երեկ այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Նա նշել է, թե Օբամայի պաշտոնավարման երկրորդ ժամկետում հայ-ամերիկյան հարաբերություններում մեծ տեղ են գրավելու հատկապես տնտեսական հարցերը:
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 6-ին ԼՂՀ բանակի բարձրաստիճան սպայակազմի մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Խորհրդակցությանը ներկա են եղել նաեւ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը եւ ռազմաիրավապահ մի շարք կառույցների ղեկավարներ: Քննարկվել են Արցախի զինված ուժերում տիրող զինվորական կարգապահության ընթացիկ խնդիրները: