Հայաստանի վիճակագիրներն իրենց կոկորդը պատռեն էլ, պարտավոր են լինելու տնտեսական աճ գրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության մայիսի 21-ի նիստում հայտարարել էր, որ այս տարի առնվազն 2-3 տոկոս տնտեսական աճ է արձանագրվելու: Նա նման հայտարարությամբ էր հանդես եկել այն բանից հետո, երբ պարզվել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարոթյան կազմած տեղեկանքով ընթացիկ տարում կարող է 2 տոկոս տնտեսական անկում արձանագրվել: Միջազգային կառույցները եւս այս տարվա համար Հայաստանում տնտեսական անկում են կանխատեսել: Սակայն Հովիկ Աբրահամյանի մոտեցումը թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանի պաշտոնական վիճակագիրներն առաջիկայում իրենց կոկորդը պատռեն էլ, պարտավոր են լինելու տնտեսական աճ գրել:

Նկատենք, որ պաշտոնական վիճակագիրները օրեր առաջ հրապարակեցին այս տարվա առաջին չորս ամիսների վիճակագրական տվյալները: Ըստ այդմ, պարզվում է, որ Հայաստանում առեւտրի շրջանառությունը շարունակում է նվազել: Առեւտրի շրջանառության անկումը նշանակում է Հայաստանի բնակչության գնողունակության անկում, նշանակում է մարդկանց աղքատացում: Այսպիսով, այս տարվա առաջին չորս ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առեւտուրը նվազել է 7,6 տոկոսով, կամ նույն է թե՝ 46 միլիարդ դրամի չափով: Այս տարվա ապրիլին առեւտրի շրջանառությունը, անցած տարվա նույն ամսի համեմատ, նվազել է 11 տոկոսով: Սակայն ամենավտանգավոր եւ իր մեջ սպառնալիք պարունակողն այն փաստն է, որ ապրիլին առեւտուրը նվազել է անգամ նախորդ ամսի` այս տարվա մարտի համեմատ 4 տոկոսով:

Սա թերեւս արտառոց երեւույթ է: Նախ, որպես կանոն, առեւտրի տեսանկյունից ամենապասիվ շրջանը տարվա առաջին երկու ամիսներն են, իսկ դրանից հետո առեւտուրը գնալով աճում է: Ավելին՝ Հայաստանում ապրիլին նշվում է Սուրբ Զատիկը, որի արդյունքում առեւտուրը բավականին աշխուժանում է: Սակայն այս տարվա ապրիլը նախորդ տարիներից առանձնանում էր նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրված միջոցառումներով, որոնք տեղի ունեցան հենց ապրիլին: Այդ ամսին տուրիստների մեծ բազմություն այցելեց Հայաստան, ինչը չէր կարող առեւտրի վրա իր ազդեցությունը չթողել: Բայց որքան ողբերգական է վիճակը, որ բնական եւ արհեստական նպաստավոր պայմանների պարագայում անգամ արձանագրվել է առեւտրի շրջանառության անկում:

Այնուամենայնիվ, ինչու է Հովիկ Աբրահամյանն անընդհատ հորդորում սպասել մինչեւ տարվա երկրորդ կեսը, այդ ինչ պետք է տեղի ունենա այդ ժամանակ, որ պաշտոնական վիճակագիրներին թույլ կտա տնտեսական աճ գրել: Այս հարցի պատասխանը շատ պարզ է. վարչապետի հույսը գյուղատնտեսությունն է: Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է սպասել մինչեւ պտուղ-բանջարեղենի առեւտուրն ամբողջ թափով ծավալվի: Դրանից հետո տնտեսական աճի արձանագրումը կդառնա արդեն տեխնիկայի հարց: Ասենք՝ միայն ծիրանի եւ մի քանի այլ պտղի հաշվին պաշտոնական վիճակագիրները հնարավորություն կունենան ուզածդ աճը գրել:

Այսինքն՝ պտղի բերքի ծավալները եւ դրանց գինը նրանք կգրեն այնքան, որքան իրենց անհրաժեշտ կլինի՝ աճի կոնկրետ ցուցանիշ ապահովելու համար: Սա այն հարթությունն է, որտեղ պաշտոնական վիճակագիրները, մեղմ ասած, լիարժեք ստեղծագործական ազատություն ունեն: Ոչ ոք չի կարող ասել, թե, ասենք, ինչու են ծիրանի բերքի թիվը նրանք գրել 80 կամ 90 հազար տոննա, կամ ինչու են միավորի գինն 1000 կամ 800 դրամով հաշվարկել ու այսպես շարունակ:

Ի դեպ, ուշագրավ է, որ միջազգային կառույցները փորձում են Հովիկ Աբրահամյանին համոզել, որպեսզի նա ձեռնպահ մնա թվերով տնտեսական աճ գրելուց: Մասնավորապես, Հայաստանում արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենց եւ ՀՀ Կառավարության գնահատականները տնտեսական աճի հարցում չեն համընկնում: «Մինչ այժմ մենք չենք տեսնում, որ Հայաստանում տնտեսության բարձր աճ է տեղի ունենում»,- ասել է ԱՄՀ-ի ներկայացուցիչը: Իսկ որպեսզի իրական տնտեսական աճ լինի, ըստ Թերեզա Դաբան Սանչեսի, անհրաժեշտ է «շատ մրցակցություն, տնտեսության մեջ ավելի շատ դերակատարներ, խաղի կանոնների պահպանում, բիզնես միջավայր, սա նշանակում է արդար դատական համակարգ»:

Այլ կերպ ասած՝ ԱՄՀ-ի ներկայացուցիչը վարչապետին փորձել է հասկացնել, որ միեւնույն է՝ թիվ նկարելով խնդիրը չի կարող լուծվել, եւ բնակչության սոցիալական վիճակն էլ չի լավանա: Իսկ եթե ՀՀ Կառավարությունն իսկապես ցանկանում է տնտեսությունը զարգացնել, ապա պետք է վերը բերված պայմաններն ապահովի: Բայց ողջ խնդիրն այն է, որ վերը բերված պայմանների բացակայությունն է ներկա իշխանությունների գոյության գրավականը: Այսինքն՝ եթե Հայաստանի իշխանությունները եվրոպացի պաշտոնյաների նման խորհուրդներին հետեւեն, ապա կկորցնեն իրենց իշխանությունը: Այդ դեպքում էլ նրանց համար էական չի լինի՝ տնտեսությունն աճում է, թե անկում ապրում:

Վահագն Հովակիմյան




Լրահոս