ԷԼԻ ՋՐԻՑ ՉՈՐ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի տարածաշրջանում հանրային պաշտպանի գրասենյակի նախկին փաստաբան Ռադիկ Պապյանը, լինելով քրգործով մեղադրյալ Էդվարդ Քոսակյանի շահերի պաշտպանը, վերջինիս նախնական կալանքից ազատելու պատրվակով նրա հորը՝ Սերժիկ Քոսակյանին, դրդել է կաշառք տալ իր ծանոթ պաշտոնատար անձանց եւ խաբեությամբ հափշտակել նրա 3000 ԱՄՆ դոլարը: Պապյանն իր ծանոթ պաշտոնատար անձանց կաշառք տալու եւ պաշտպանյալ Է. Քոսակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով Ս. Քոսակյանից պահանջել է 5000 դոլար, ապա վստահությունն ամրապնդելու նպատակով 2011թ. փետրվարի 28-ին Է. Քոսակյանին է վերադարձրել վերջինիս անձնագիրը` հավաստիացնելով, որ քրգործը կարճվել է: Է. Քոսակյանն էլ Բագրատաշենի մաքսային անցակետով լքել է ՀՀ-ի տարածքը, ինչի համար վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գիտակցելով, որ Ռ. Պապյանը նպատակ է հետապնդում հափշտակել իր 5000 դոլարը, Ս. Քոսակյանը հրաժարվել է նրան գումար տալ: 2012թ. սեպտեմբերի 14-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Ռ. Պապյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր.-ի 178 հոդվ. 2-րդ մասի 2-րդ կետով, 34-178 հոդվ. 2-րդ մասի 2-րդ կետով եւ 38-34-312 հոդվ. 3-րդ մասի 1-ին կետով: Դատարանը վճռել է վերը նշված 2 հոդվածներով Ռ. Պապյանին դատապարտել 500 000-ական դրամ տուգանքի եւ ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի առթիվ համաներում հայտարարելու մասին ԱԺ 2011թ. մայիսի 26-ի որոշման կիրառմամբ նրան ազատել այդ տուգանքներից: Դատարանը վճռել է ՀՀ քր. օր.-ի 38-34-312 հոդվ. 3-րդ մասի 1-ին կետով Ռ. Պապյանին դատապարտել 3 տարի ժամկետով ազատազրկման եւ կիրառել համաներում հայտարարելու մասին ԱԺ 2011թ. մայիսի 26-ի որոշումը ու նշանակված ազատազրկման ձեւով պատժի չկրած մասը կրճատել մեկ քառորդով: Ռ. Պապյանը բողոքարկել էր այդ դատավճիռը՝ պահանջելով իրեն անպարտ ճանաչել: Դեկտեմբերի 7-ին վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր Ս. Համբարձումյան, դատավորներ Ա. Պետրոսյան, Մ. Պետրոսյան) որոշել է վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարել: Դատարանը վճռել է, որ փաստաբանի կատարած արարքները պետք է որակվեին միայն Քր. օր.-ի 178-րդ հոդվ. 2-րդ մասի 2-րդ կետով եւ 34-178-րդ հոդվ. 2-րդ մասի 2-րդ կետով՝ առանց 38-34-312-րդ հոդվ. 3-րդ մասի 1-ին կետով (կաշառք տալուն դրդելու փորձ) լրացուցիչ որակման: Մինչ ընթանում էր Ռ. Պապյանի դատավարությունը, նա բաժանվել է իր կնոջից՝ խարդախության համար դատվող, թոշակառուներից ավելի քան 10 մլն դրամ յուրացրած, Իջեւանի զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժանմունքի նախկին պետ Հրանուշ Ներկարարյանից, եւ ամուսնացել դիլիջանցի մի աղջկա հետ: Ռ. Պապյանը շարունակում է զբաղվել փաստաբանական գործունեությամբ, իրավագիտություն է դասավանդում «Գալիք» համալսարանի Իջեւանի մասնաճյուղում: Նախկինում նա հայտնվել է տարբեր պատմությունների մեջ, սակայն ամեն անգամ «ջրից չոր է դուրս եկել»: Այս անգամ էլ նրան հաջողվեց խուսափել ազատազրկումից եւ տուգանքներից:   Դատախազությունը 1 ամիս ժամկետում կարող է բողոքարկել վերաքննիչ դատարանի վճիռը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս