Նոր Սահմանադրության նախագծում իրավահավասարության և ամուսնության վերաբերյալ դրույթները վերաձևակերպվել են, որոշներն էլ առհասարակ չեն ներառվել այսքան սպասված նոր Սահմանադրությունում:
Գործող Սահմանադրության 30-րդ հոդվածը՝ կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ, նոր նախագծում չկա։ Պահպանվել է միայն 28-րդ հոդվածը, որտեղ ասվում է՝ բոլորը հավասար են օրենքի առջև:
Ինչո՞ւ է կարևոր 30-րդ հոդվածը:
29-րդ հոդվածը արգելում է որևէ խտրականություն: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու է հատուկ կարևորություն ստանձնել հենց 30-րդ հոդվածը: Կանանց և տղամարդկանց իրավահավասարության սկզբունքն առանձին ամրագրելը ցույց է տալիս, որ իրավահավասարության սկզբունքը սահմանադրական կարգի առանցքային արժեքներից է: Խտրականության արգելքը ենթադրում է պետության նեգատիվ պարտավորություն, այսինքն՝ չոտնահարել քաղաքացու իրավունքները։ Պոզիտիվ պարտավորության սկզբունքներով՝ պետք է նաև պետության կողմից խթանվի արական և իգական սեռի հավասար իրավունքները:
Գործող Սահմանադրության 86-րդ հոդվածի 4-րդ կետով՝ կանանց և տղամարդկանց միջև փաստացի հավասարության խթանումը սահմանված է որպես տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներից մեկը։
Նոր նախագծում պետության քաղաքականության հիմնական նպատակների վերաբերյալ առանձին հոդված ընդհանրապես նախատեսված չէ։ Այսինքն՝ վերանում է պետության սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ իրավահավասարությունը որպես առանձին ամրագրած նպատակ։

























