Նախագահականում շարունակում է թևածել «սերս գաղտնի թող մնա» վարակը. Սերժ Սարգսյանը ստիպված պետք է վերադառնա կարճատև արձակուրդից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը հուլիսի 25-ից մեկնել է արձակուրդ, որի տեւողությունը պաշտոնապես չի հրապարակվում: Պաշտոնական հաղորդագրությունում ընդամենը նշվել էր «կարճատեւ արձակուրդ»: Իսկ թե նախագահական նստավայրում որքան ժամանակն են համարում «կարճատեւ»՝ մեկ շաբաթը, 15 օրը, թե մեկ ամիսը, հայտնի չէ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը, ամեն դեպքում, ստիպված է լինելու մի պահ ընդհատել իր «կարճատեւ արձակուրդը» եւ վերադառնալ Հայաստան: Բանն այն է, որ օգոստոսի 2-ին նախատեսված է համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման արարողությունը, որին նախատեսված է նաեւ Սերժ Սարգսյանի մասնակցությունը:

Ի դեպ, մինչ օրս պաշտոնապես չի հրապարակվում, թե Սերժ Սարգսյանը կոնկրետ որտեղ է անցկացնում իր «կարճատեւ արձակուրդը»: Երեկ «Ժողովուրդ»-ը Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից փորձեց պարզել, թե ճիշտ է, որ նա օգոստոսի 2-ին իր արձակուրդը ընդհատելու է եւ վերադառնալու է Հայաստան` համահայկական խաղերի բացման արարողությանը մասնակցելու համար: Հակոբյանից մենք հետաքրքրվել էինք նաեւ, թե, ի վերջո, որքան է տեւելու այդ «կարճատեւ արձակուրդը», եւ որտեղ է նա այն անցկացնում: Սակայն մեր բոլոր հարցերին Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարը տվեց հետեւյալ պատասխանը. «Որպես կանոն, ՀՀ նախագահի այցերի եւ հանդիպումների մասին տեղեկացվում է պատշաճ կարգով եւ ժամանակին»: Մի խոսքով, նախագահականում շարունակում է թեւածել «սերս գաղտնի թող մնա» վարակը:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս