ԵՎ ՈՉ ՄԻ ԲԱՌ՝ ԱՐՏԱԳԱՂԹԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մեկ շաբաթ է՝ մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը. ու թեեւ այն կրում է ընդամենը ձեւական բնույթ, այնուամենայնիվ, նախագահի թեկնածուներն ընտրողներին են ներկայացնում իրենց ծրագրերը: Ամենաուշագրավը, սակայն, թեկնածուներից Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրն է. այն ամբողջությամբ հիշեցնում է խնջույքի սեղաններին հնչող կենացների ու բարեմաղթանքների շարան:
Հատկանշական է, որ Ս. Սարգսյանն այդպես էլ որեւէ առարկայական, կոնկրետ խոստում չի տալիս՝ վախենալով, որ հերթական անգամ ինքը չի կարողանա ապահովել նշված ծավալները: Ի դեպ, նույն գործելաոճն էր դրսեւորել նաեւ 2012թ. ԱԺ ընտրություններում. ի տարբերություն 2007թ. ծրագրի՝ 2012-ին ՀՀԿ նախընտրական ծրագիրը միայն բարի ցանկությունների շարան էր՝ կրկին առանց որեւէ հստակեցման: Ինչ վերաբերում է այս նախագահական ընտրություններին, ապա պարզվում է՝ Ս. Սարգսյանի նախընտրական ծրագիրը շատ հարցերում կա՛մ կրկնում է 2008թ. ներկայացվածը, կա՛մ էլ զիջում է 5 տարի առաջ տված խոստումներին: Սա՝ հատկապես սոցիալ-տնտեսական բնագավառում:
Գաղտնիք չէ, որ ՀՀ հիմնական խնդիրն այսօր ահագնացող չափերի հասնող արտագաղթն է: Ս. Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում ՀՀ-ից արտագաղթել է մոտ 180 հազար մարդ, որից ավելի քան 42,7 հազարը՝ նախորդ տարի: Սակայն Ս. Սարգսյանն իր նախընտրական ծրագրում, որը վերնագրել է «Դեպի ապահով Հայաստան», բացարձակապես չի անդրադարձել արտագաղթը կանխելուն, անգամ չկա «արտագաղթ» բառը: Փոխարենը մեկ գլուխ առանձնացրել է սփյուռքի համար՝ կարեւորելով Հայաստան-սփյուռք համագործակցության նոր ձեւաչափերի մշակումը: Այնինչ 2008թ. Ս. Սարգսյանն իր ծրագրում խոսում էր հատկապես սահմանամերձ շրջաններից արտագաղթը կանխելու մասին. «Մշտական ուշադրության առարկա կհանդիսանա հեռավոր եւ սահմանամերձ շրջաններից բնակչության արտագաղթի կանխումը»: 2013թ. ծրագրում ոչ միայն չկա «արտագաղթ» բառը, այլեւ սահմանամերձ գյուղերի մասին գրված է. «Տարածքների արդյունավետ զարգացումն ապահովելու ենք համայնքային նախաձեռնությունների խրախուսման միջոցով: Սահմանամերձ եւ սոցիալապես խոցելի համայնքների համար իրականացնելու ենք հստակ օժանդակության ծրագրեր»:
Հատկանշական է «ապահով Հայաստան» խոստացող Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրի սոցիալական ապահովության հատվածը: Եթե հինգ տարի առաջ նա կենսաթոշակային համակարգի հետ կապված խոստանում էր. «Մենք սոցիալական կարեւորագույն խնդիր ենք համարում կենսաթոշակների հետագա բարձրացումը` այն հաշվով, որ կենսաթոշակն էապես բարձր լինի աղքատության շեմից», ապա հիմա ասում է. «Ծախսային առաջնահերթություն են լինելու կենսաթոշակների չափերի շարունակական բարձրացումները՝ որպես նշանակետ ընտրելով ցածր եկամուտներ ստացող կենսաթոշակառուներին: Նույնիսկ ամենացածր կենսաթոշակը պետք է բավարարի կենսաթոշակառուի կենսական պահանջմունքները»: Ուշադրություն դարձրեցի՞ք՝ հինգ տարի առաջ Ս. Սարգսյանը խոստանում էր կենսաթոշակը բարձրացնել աղքատության շեմից, հիմա ընդամենը պետք է բավարարի մարդու կենսական պահանջմունքները, ասել է թե՝ բավական է մի կտոր հաց ու ջուր՝ սովից չմեռնելու համար, եւ կենսական պահանջմունքը կհամարվի բավարարված: Ի դեպ, Ս. Սարգսյանը կենսաթոշակի բարձրացում է խոստանում այն դեպքում, երբ վերջին երկու տարվա ընթացքում՝ ո՛չ 2012թ., ո՛չ 2013թ., պետական բյուջեով կենսաթոշակի բարձրացում չեղավ անգամ 10 դրամով:
2008թ. Ս. Սարգսյանը խոստանում էր. «Երկրորդ սերնդի բարեփոխումները կստեղծեն լավագույն պայմաններ բիզնեսի եւ ներդրումների համար: Ներդրումները եւ ակտիվ բիզնեսը քաջալերելու նպատակով մեր երկրի հարկային եւ մաքսային համակարգերը պետք է լինեն միջազգայնորեն մրցունակ»: Ի դեպ, Ս. Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ՀՀ-ում նվազել են ներդրումների ծավալները. պաշտոնական վիճակագրությամբ՝ 2012թ. օտարերկրյա ներդրումները նվազել են մոտ 35 տոկոսով: Ու հիմա Ս. Սարգսյանը կրկին նույն խոստումն է հնչեցնում՝ մի փոքր ավելի ընդարձակ շարադրմամբ. «Բիզնեսի համար հարմարավետ միջավայր ստեղծելու մեր ջանքերը լինելու են շարունակական ու հետեւողական: Տեղական եւ օտարերկրյա գործարարի ու ներդրողի համար Հայաստանը վերաճելու է գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից ապահով, կայուն եւ օրենքի գերակայությամբ բնորոշվող միջավայրի… Հետեւողականորեն զարգանալու եւ արդիականացվելու են հարկային ու մաքսային համակարգերը, էական է դառնալու արդար դատական համակարգի դերը տնտեսական հարցերում»: Ի դեպ, խոսքն այն հարկային ու մաքսային մարմինների մասին է, որոնք, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, համարվում են տնտեսության հիմնական խոչընդոտը, եւ այնտեղ պետք է բարեփոխումներ իրականացվեն:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս