Տարոն Մարգարյանը մասնակցել է ֆիդայապետ Արաբոյի կիսանդրու բացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ Արագածոտնի մարզի Ավան գյուղում մասնակցել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, առաջին ֆիդայապետ Արաբոյի կիսանդրու բացման արարողությանը, այս մասին Armlur.am-ը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կիսանդրու բացման արարողությանը ներկա է եղել Արագածոտնի մարզպետ Սարգիս սահակյանը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում կանգնեցված կիսանդրու հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին: Կիսանդրու տեղադրման նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանինն է, ով, ի դեպ, Տիգրան Բարսեղյանի հետ միասին նաև կիսանդրու ճարտարապետն է: Քաջ ֆիդայապետի կիսանդրու քանդակագործը Էդուարդ Շախիկյանն է:

Սասունցիներով ու մշեցիներով բնակեցված գյուղում սա նմանատիպ առաջին կոթողի բացումն էր, որն իսկական տոնախմբության էր վերածվել: Հանդիսավոր արարողության ժամանակ Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի ներկայացուցիչների կողմից հոգեհանգստի կարգ է մատուցվել՝ ի հիշատակ ազգային ազատագրական պայքարում զոհվածների հիշատակի: Միջոցառումն ուղեկցվել է ազգագրական երգ ու պարով: Ողջունելով ներկաներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ յուրաքանչյուր նմանատիպ նախաձեռնություն նաև սերունդների հայեցի դաստիարակության խորհուրդ է կրում: Քաղաքապետը նաև ծաղիկներ է խոնարհել հերոսի կիսանդրուն:

«Այս օրը առիթ է մեկ անգամ ևս հիշելու և գնահատելու հերոս ֆիդայապետին ու նրա օրինակով հայրենասիրության իսկական դասեր առնելու, որն, անշուշտ, անչափ կարևոր է հայրենասեր ու հայրենանվեր սերունդ կրթելու և դաստիարակելու համար: Վստահ եմ, որ Արաբոյի կիսանդրու շուրջը մշտապես կլինի մարդաշատ ու այն կդառնա ոչ միայն այս գյուղի, այլև բազմաթիվ մշեցիների ու սասունցիների ուխտատեղիներից հերթականը»,- ընդգծել է քաղաքապետը:




Լրահոս