Առավոտ. Երեխայի մահվան համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2010թ. հունիսի 5-ին  Չարենցավանի թիվ 5 միջնակարգ դպրոցում մաթեմատիկայի քննության ժամանակ համադասարանցիների միջեւ ծագած վիճաբանության արդյունքում մահացած 10-ամյա Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այդ մասին գրում է “Առավոտ” թերթը։
“Գործում առկա էին բազմաթիվ խախտումներ, եւ մեր կողմից ներկայացված ոչ մի հիմնավորում, ոչ մի պատճառաբանություն, ոչ մի փաստարկ չընդունվեց։ Բազմաթիվ հիմքեր կային դիմելու ՄԻԵԴ, եւ դիմեցինք”,- ասել է Արայիկ Զալյանը։
Նկատենք, որ նախաքննության մարմինը քրեական գործ էր հարուցել Դերենիկ Գասպարյանի առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքի հիմքով եւ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճել այն:
“Մի կողմից նախաքննության մարմինն ապացուցված է համարել ծեծի ենթարկվելու փաստը, մյուս կողմից՝ ծեծը որպես մահվան պատճառ, քննության չի առել, ինչը պարտավոր էր անել”,- պատմում է իրավահաջորդի ներկայացուցիչը՝ հավելելով որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից պարզվել է, որ Դերենիկ Գասպարյանը  մահացել է շնչառական ու սիրտ-անոթային գործունեության սուր խանգարումների զարգացման հետեւանքով, որոնք կարող էին առաջանալ նաեւ հարվածներից:
“Փորձագետի եզրակացության համաձայն՝ եթե ծեծկռտուքը չլիներ, Դերենիկ Գասպարյանը չէր մահանա։ Սակայն այս եւ այլ հանգամանքներ ՀՀ դատարաններն ու նախաքննության մարմինը հաշվի չառան”,- նշում է իրավահաջորդի ներկայացուցիչը”,- մեջբերում է “Առավոտը”։




Լրահոս