Պետք չէ վախեցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւանում մոտ մեկուկես ժամանոց բանակցային հանդիպում են ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ապա նրանց ընդունել է Սերժ Սարգսյանը: Թե ինչի շուրջ են բանակցել միջնորդները,  ըստ էության, հայտնի չէ, սակայն հայտնի է, որ հանդիպման արդյունքները, ինչպես միշտ, գրեթե զրոյական են եղել: Հայաստանից Բաքու մեկնած համանախագահներն, ըստ ամենայնի, նույնպիսի արդյունավետությամբ բանակցություններ կունենան նաեւ Ադրբեջանի իշխանությունների հետ եւ վերջում հանդես կգան  հերթական ոչինչ չասող հայտարարությամբ: 
Սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս այցը հետաքրքիր էր այնքանով, որ դրանից ընդամենը մի քաի օր առաջ ղարաբաղյան հակամարտության շուրջ իր պատկերացումները լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրած Սերժ Սարգսյանը  բազմաթիվ ուշագրավ հայտարարություններ արեց, որոնք, բնականաբար, չէին կարող վրիպել համանախագահների աչքից: Հակադարձելով Ղարաբաղի անկախությունը ճանաչելու Րաֆֆի Հովհաննիսյանի  մոտեցմանը` Սերժ Սարգսյանը նախ այդ հարցը դիտարկեց այնպիսի հարցադրումների միջոցով, որոնք,մեղմ ասած, տեղին չէին. “Ի՞նչ է տալու այսօր ԼՂՀ անկախության ճանաչումը ԼՂ քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին: Արդյո՞ք ճանաչումը դարձնելու է այդ քաղաքացիների կյանքն ավելի անվտանգ: Եթե այո, ասացեք, խնդրում եմ, արդյո՞ք այդ ճանաչումն ավելացնելու է ներդրումների հոսքը կամ Լեռնային Ղարաբաղ ուղղվող վարկային միջոցները: Այսինքն, այդ որոշումը բարելավելո՞ւ է ԼՂ բնակիչների կյանքը, այդ որոշումը ճանապարհներն ավելի լա՞վն է դարձնելու:…. անցնեմ ՀՀ քաղաքացիներին. ի՞նչ է տալու այդ որոշումը ՀՀ քաղաքացիներին: Ի՞նչ ենք մենք դրանից ստանալու: Դրանից Հայաստանն ավելի անվտա՞նգ է դառնալու: Դրանից մեր զինվորների կյանքն ավելի անվտա՞նգ է դառնալու”: 
Եթե առաջնորդվենք Սերժ Սարգսյանի այս տրամաբանությամբ, ստացվում է, որ Հայաստանն ի սկզբանե չպետք է սկսեր ղարաբաղյան շարժումը, քանի որ դրա արդյունքում  Հայաստանն ավելի անվտանգ չդարձավ եւ տասնյակ հազարավոր զինվորներ զոհվեցին: Մյուս կողմից էլ` ԼՂՀ-ն, փաստորեն, որեւէ երկրի կողմից իր անկախության ճանաչումը պետք է ցանկալի համարի միայն այն դեպքում, եթե դրանից ակնկալում է ներդրումների ավելացում, լավ ճանապարհներ եւ այլն: Ինքնին հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը դա նկատի չուներ, սակայն   գոնե Ղարաբաղի հետ կապված հայտարարություններում վատ չէր լինի, որ նա  ավելի ուշադիր  լիներ իր ձեւակերպումներում: Մինչդեռ նա մեկ ՀՀ ԱԺ ամբիոնից վստահեցնում է, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, մեկ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է, որ պատերազմ սկսվելու դեպքում Հայաստանը կպարտվի, հիմա էլ, փաստորեն, հրապարակավ վախենալու կոչ է անում` մեղադրելով Րաֆի Հովհաննիսյանին ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին քննադատելու համար. ” Բա, հանկարծ, եթե պատերազմ սկսվի, մենք միայնակ ամբողջ աշխարհի դե՞մ ենք կռվելու”: Իհարկե` ոչ, սակայն մի?թե արժե այդ վախերի մասին բարձրաձայնել ի լուր ամբողջ աշխարհի: 




Լրահոս