ՍԴ-Ն ԱԿԱՆԱՊԱՏԵՑ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լրագրության դասագրքերում մի ձեւակերպում կա. «Նորություն է ոչ թե այն, որ շունը կծում է մարդուն, այլ այն, երբ մարդն է կծում շանը»: Այս ձեւակերպումը հիշեցինք նախօրեին ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից հետո, երբ մերժվեց նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումը` փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով: Այն, որ ՍԴ-ն պետք է ուժի մեջ թողներ նախագահի ընտրությունների արդյունքները, սպասելի էր բոլորի համար: Տարիների փորձը ցույց է տվել, որ ՀՀ ՍԴ-ն դարձել է ռեժիմի կնքահայրը` ամեն անգամ օրինականացնելով  ընտրակեղծիքների միջոցով իշխանության բռնազավթումը: Բացառություն չեղավ նաեւ այս անգամ:
Թեեւ ՍԴ-ն պարտաճանաչ կերպով մերժել է նախագահի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին մինչ այս ներկայացված բոլոր դիմումները, բայց մյուս կողմից որոշումների մեջ պարբերաբար ուշագրավ դրույթներ է զետեղել: Այս անգամ ՍԴ որոշման մեջ արձանագրված է. «Ընտրությունների վերաբերյալ հանրային դժգոհությունը շատ խորն է` պայմանավորված տասնամյակների ընթացքում երկրում քաղաքական, տնտեսական ու վարչական ներուժի սերտաճման այն միտումներով, երբ սահմանադրական արժեքների ու սկզբունքների, մասնավորապես իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի ձեւախեղման վտանգ է առաջանում: Սահմանադրական դատարանը գտնում է, որ այս հարցին պետք է անդրադարձ կատարվի անհրաժեշտ սահմանադրաիրավական փոփոխություններով, քանի որ ընտրական տեխնոլոգիաների կատարյալ գործածմամբ հնարավոր չէ փարատել հասարակությունում առկա անվստահությունը»:
Խոստովանենք, ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհնար է չհամաձայնել ՍԴ պնդումների հետ: Այն, որ ընտրությունների վերաբերյալ հանրային դժգոհությունը շատ խորն է, ակնհայտ է բոլորին: Ակնհայտ է նաեւ այն փաստը, որ իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի ձեւախեղման վտանգ է առաջացել տասնամյակների ընթացքում երկրում քաղաքական, տնտեսական ու վարչական ներուժի սերտաճման պատճառով: Այս խնդիրների մասին շատ է բարձրաձայնվել: Բայց մի բան է, երբ այդ մասին խոսում են քաղաքական գործիչները, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, մեկ այլ բան, երբ դա իր որոշման մեջ պաշտոնապես արձանագրում է Սահմանադրական դատարանը: Այլ կերպ ասած ՍԴ-ն ըստ էության, ականապատել է Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը: Ճիշտ նույն կերպ, ինչպես ժամանակին վարվեց Ռոբերտ Քոչարյանի հետ: Հիշեցնենք, որ 2003թ. ՍԴ-ն նախագահական ընտրությունների վերաբերյալ իր որոշմամբ թեեւ ուժի մեջ էր թողել ընտրությունների արդյունքները, սակայն նաեւ առաջարկել էր մեկ տարվա ընթացքում վստահության հանրաքվե անցկացնել: Հանրաքվե, որն այդպես էլ չանցկացվեց: Այս անգամ, իհարկե, Գագիկ Հարությունյանը, դաս քաղելով «նախորդ սխալներից», ավելի մեղմ գտնվեց ու վստահության հանրաքվե անցկացնելու փոխարեն առաջարկում է ավելի «անշառ» բան. սահմանադրաիրավական փոփոխություններ:
Դժվար չէ ենթադրել, որ այսքանից հետո իշխանությունները ձեռնամուխ կլինեն նախ Ընտրական օրենսգրքում հերթական փոփոխությունների, այնուհետեւ` կանցնեն Սահմանադրությանը: Մանավանդ որ իշխանությունների օրակարգում կա սահմանադրական փոփոխությունների հարցը. Սերժ Սարգսյանը մտադիր է Սահմանադրությունը «իր հագով վերաձեւել»: Եվ հիմա ՍԴ որոշումը առիթ կհանդիսանա արագացնելու համար այս գործընթացը:
Եւս մեկ հանգամանք. ՍԴ-ն, արձանագրելով ստեղծված իրավիճակը, չի խոսում դրա իրական պատճառների մասին: Հավանաբար «մոռացել է»: Իսկ մոռացել է, որովհետեւ պատճառներից մեկն էլ կապված է հենց ՍԴ-ի գործելաոճի հետ. ամեն անգամ իր որոշմամբ օրինականացնելով ապօրինի ռեժիմները` ՍԴ-ն, ըստ էության, նպաստում է ընտրությունների վերաբերյալ հանրային դժգոհությունների խորացմանը, նպաստում է իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի ձեւախեղմանը` երկրում քաղաքական, տնտեսական ու վարչական ներուժի սերտաճման պատճառով: Այնպես որ` ճիշտ կլիներ, եթե Գագիկ Հարությունյանն ու իր ղեկավարած «կանտորան» նաեւ ինքնախոստովանությամբ հանդես գային:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս