ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ՆՈՐ Է ՀԱՍԿԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետությունում արդեն սկսվել են սիբիրախտի դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումները: Դրանք կավարտվեն մարտի վերջին: «Ժողովուրդ»-ը Ծովակ եւ Վանեւան համայնքների ղեկավարներից տեղեկացավ, որ պատվաստումն իրականացվում է հատուկ հանձնաժողովի ուղեկցությամբ: Բացի այդ, պատվաստումից հետո անասունները հաշվառվում են ականջները համարակալելով: Տեղեկացնենք, որ անցյալ տարի այսպիսի ուժեղացված հսկողություն չի եղել, ուր մնաց` անասունների համարակալումը: 
Հիշեցնենք, որ անցյալ տարի՝ աշնանը, սիբիրախտի դեպքեր գրանցվեցին Գեղարքունիքի, Տավուշի, Արմավիրի, Կոտայքի մարզերում: Գեղարքունիքի մարզում սիբիրախտի հետեւանքով ավելի քան երկու ամիս հայտարարվել էր կարանտին: Մարդիկ երկու ամսից ավելի միս չէին կերել, իսկ մսամթերքի խանութները կարանտինի ամբողջ ընթացքում փակված էին, բացի այդ, մի քանի տասնյակ մարդ հայտնվել էր հիվանդանոցում: Նշենք, որ սիբիրախտի գործով հարուցվել էր քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը: Հարուցված քրգործը կպարզի՝ անցյալ տարի իրականում պատվաստումներ կատարվել են, թե ոչ:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Վակցինացիոն աշխատանքները մեր համայնքում հարյուր տոկոս իրականացվում են, եւ, բացի այդ, անասունների ականջներն ենք համարակալում: Իսկ այդ աշխատանքներն իրականացվում են հատուկ հանձնաժողովի հսկողությամբ: Ես ինքս էլ եմ հսկում: Ճիշտն ասած, սիբիրախտի դեպքերից հետո սկսել են ուշադրություն դարձնել: Նմանօրինակ բան ոչ մի համայնքում երբեւէ չի եղել: Իմ տեղեկությամբ, բացի խոշոր ֆերմերներից, ոչ ոք չի արել, միայն սիբիրախտի դեպքից հետո է արվել: Սա գյուղնախարարության ծրագիրն է»:
Իսկ Վանեւան համայնքում երեկ ավարտվել են անասնագլխաքանակի` սիբիրախտի դեմ պատվաստման աշխատանքները: «Մեզ մոտ կապույտ գույնով համարակալվել են անասունները: Հատուկ հանձնաժողովի եւ գյուղապետարանի կողմից կազմված հանձնաժողովի ուղեկցությամբ են դրանք կատարվել: Գլխաքանակ առ գլխաքանակ պատվաստվել են` բացառությամբ ծննդաբերող անասունների: Դրանք կպատվաստվեն ծննդաբերելուց հետո: Նշեմ, որ անցյալ տարի նման հսկողություն չկար սահմանված: Անասունները չէին համարակալվում, այդ աշխատանքներն անցկացվում էին սովորականի նման: Ի՞նչ գիտեինք, որ նման բան կլիներ»,-տեղեկացրեց Վանեւանի համայնքապետ Նորայր Հարությունյանը: Նմանօրինակ աշխատանքներ իրականացվում են նաեւ Տորֆավանում, Ակունքում եւ այլ համայնքներում:
ՀՀ ԳՆ «Անասնաբուժասանիտարիայի սննդի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ավագյանի խոսքով՝ շուտով ամբողջ հանրապետությունում կավարտվեն սիբիրախտի դեմ կանխարգելիչ միջոցառումները:
«Հիմա չկա սիբիրախտ: Իսկ անցյալ տարվա դեպքերի քանակը նորմայի սահմաններում է եղել, որովհետեւ կանխարգելիչ միջոցառումները երբեք հարյուրտոկոսանոց իրականացնելու պայմաններում հարյուրտոկոսանոց վարակամերժություն չեն կարող ապահովել: Նման բան չկա ո՛չ մարդաբուժության եւ ո՛չ էլ անասնաբուժության մեջ»,-ներկայացրեց Արմեն Ավագյանը: Ըստ նրա՝ եթե նմանօրինակ հիվանդություններ չլինեին, ապա գյուղնախարարությունն ամեն տարի ստիպված չէր լինի ահռելի գումարներ տրամադրել՝ պետպատվերի շրջանակներում որոշ հիվանդությունների դեմ միջոցառումներ իրականացնելու նպատակով:
«Անցյալ տարվա իրավիճակը` սիբիրախտի մասով, չեմ գնահատում ծայրահեղ, իսկ հիմա վիճակը կայուն է: Հրահանգի համաձայն՝ հարյուրտոկոսանոց իրականացվում են աշխատանքները»,-վստահեցրեց ՊՈԱԿ-ի տնօրենը:
«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե որ պաշտոնյայի թերի աշխատանքի պատճառով սիբիրախտի դեպքեր գրանցվեցին, որից հազարավոր մարդիկ վնասներ կրեցին, նա պատասխանեց. «Մենք մեր մոնիթորինգն իրականացրել ենք, ես չեմ կարծում, որ անցյալ տարվա դեպքերն այն ահազանգող իրավիճակը չեն ստեղծել, որ հատուկ վերլուծության արժանացնենք, բայց մենք վերլուծել ենք: Հանրապետությունում կենդանիների տեղաշարժը մի քիչ վերահսկելի չէ, որովհետեւ դեռ մեր երկրում գլխաքանակը համարակալված չէ: Կարծում եմ` հիմնական պատճառը դա է, որ անցյալ տարի մի քանի ավել դեպք գրանցվեց: Ինչպես նաեւ` հաշվառման գործընթացը հարյուրտոկոսանոց չէ: Իսկ եթե անասունների գլխաքանակը հաշվառված չէ, հավանաբար կենդանիների մի մասն էլ դուրս կմնա պատվաստման շրջանակներից»:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ մամլո քարտուղար Բաբկեն Պիպոյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այդ մասով իրականացնում է վերահսկողական բնույթի աշխատանքներ, եւ իրենք աշխատանքների ավարտից հետո համապատասխան հայտարարությամբ հանդես կգան:
Հ.Գ. Փաստորեն, նման դեպքեր պետք է գրանցվեին, որ գյուղնախարար Սերգո Կարապետյանը հասկանար, որ կարելի է պատվաստումն իրականացնել ուժեղացված ռեժիմով, այնուհետեւ համարակալել անասուններին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս