ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱՐՑ. Աղջիկս սովորում է ԵՊՀ-ի մագիստրատուրայում: Այս տարի նա վերջացնում է իր ուսումը եւ պետք է ավարտական աշխատանք (թեզ) հանձնի: Սակայն ինչ-ինչ պատճառներով մեր ընտանիքը պետք է լքի հանրապետությունը՝ սեպտեմբերին վերադառնալու ակնկալիքով: Հնարավո՞ր է` աղջիկս իր ավարտական աշխատանքը հանձնի հաջորդ տարի` համապատասխան ժամկետներում: Նշեմ, որ նա լիարժեք հանձնել է իր բոլոր քննությունները:
Սիլվա Ասրյան 
(52 տարեկան, դաստիարակ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ըստ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգի (ՀՀ ԿԳ նախարարի 2011թ. հոկտեմբերի 31-ի N 1197-Ն հրաման)՝ ավարտական  աշխատանքը չպաշտպանած կամ ամփոփիչ քննությունները չհանձնած կամ «անբավարար» ստացած շրջանավարտին թույլատրվում է վերահանձնել (կրկնել) ավարտական աշխատանքի պաշտպանությունը կամ ամփոփիչ  քննությունները հաջորդ ուսումնական տարվա ավարտին կամ հետագա տարիներին այն առարկաներից, որոնք նախատեսված են եղել նրա ավարտման տարում գործող ուսումնական ծրագրով: Ավարտական աշխատանքի վերահանձնման դեպքում շրջանավարտը կցվում է համապատասխան ամբիոնին եւ ստանում ավարտական աշխատանքի նոր թեմա: Ամփոփիչ քննությունների վերահանձնումը կատարվում է միայն այն առարկաներից, որոնց քննությանը չեն ներկայացել կամ ստացել են «անբավարար» գնահատականներ: Սա կատարվում է վճարովի հիմունքներով:
ԵՊՀ ուսումնական վարչության պետ 
Հրանտ Ժամհարյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ ավարտական թեզը հանձնելու հնարավորությունը կա, բայց այն զգալի ժամկետով կարող է երկարաձգել բուհի հետ բոլոր հաշիվները «մաքրած» ուսանողուհու դիպլոմի ստացումը: Հավելենք նաեւ, որ բուհերն ամեն կերպ փորձում են ուսանողից գումար կորզելու ձեւեր գտնել:




Լրահոս