ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀԱՐՑ. Քաղաքապետարանի հայտարարությամբ անցած շաբաթ եւ կիրակի օրերին բոլորը պետք է մասնակցեին շաբաթօրյակին: Ես պետական աշխատող եմ եւ շաբաթվա մեջ ունեմ ընդամենը երկու հանգստյան օր: Ինչո՞ւ պետք է իմ հանգստյան օրերի հաշվին մասնակցեմ շաբաթօրյակին: Հնարավո՞ր չէ շաբաթօրյակն անցկացնել միայն շաբաթ օրերին:  
Գայանե Համբարձումյան 
(43 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գայանե Համբարձումյանի` Երեւանի քաղաքապետարանին ուղղված հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունից տեղեկացնում են, որ թեեւ շաբաթօրյակը հայտարարված է շաբաթ եւ կիրակի օրերին, համաքաղաքային շաբաթօրյակը Երեւան քաղաքում անցկացվել է միայն շաբաթ օրը` 23.03.2013թ.-ին: Ինչ կապված է 24.03.2013թ.-ի հետ, ապա այն վերաբերում է միայն քաղաքային ծառայություններին՝ սանմաքրման ընկերություններ, բնապահպանական ընկերություններ եւ այլն: Իսկ քաղաքացիների մասնակցությունը շաբաթօրյակներին չի կրում պարտադիր բնույթ: 
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի 
տեղեկատվության եւ հասարակայնության հետ 
կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բոլորս էլ լավ գիտենք, որ շաբաթօրյակները մեզ մոտ կամավոր-պարտադիր են, եւ որքան էլ քաղաքացուն ստիպելու մեխանիզմ չլինի, այսուհանդերձ, եթե որեւէ պետական աշխատող հրաժարվի շաբաթօրյակին մասնակցելուց, ապա նրա այդ քայլը հետագայում ծանր հետեւանքներ կարող է ունենալ: Մեր կարծիքով` անհրաժեշտ է ամեն օր, ամեն ժամ հետեւել քաղաքի մաքրությանը, այլ ոչ թե հույսը կապել «լենինյան» շաբաթօրյակների հետ:




Լրահոս