ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԱԶԳԱԿՑԱԿԱՆ ԿԱՊԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչական դատարանն այն ատյանն է, որը լիազորված է քննել պետական կառույցների կայացրած իրավական ակտերի դեմ բողոքները: Սակայն քչերի մտքով կանցնի, որ այս դատարանի դատավորների մեծ մասը պետական պաշտոնյաների զավակներ կամ հարազատներ են: Ուստի այս պայմաններում դժվար է խոսել դատարանի անկախ լինելու մասին:

Իրավաբանական եւ ֆիզիկական անձը, ով դեմ է, օրինակ, Վանաձորի քաղաքապետարանի կողմից կայացրած վարչական ակտին, քաղաքապետարանի որոշումը կարող է բողոքարկել ՀՀ վարչական դատարանում:
Ասել է թե՝ դատարանը, ըստ էության, քննում է հանրային իրավահարաբերություններից բխող վեճեր, որոնց մի կողմում վարչական լիազորություններով օժտված մարմին է, մյուս կողմում՝ մասնավոր իրավունքի սուբյեկտ:
Եվ, ահա, ուսումնասիրելով ՀՀ վարչական դատարանի դատավորների կազմը՝ հետաքրքիր պատկեր արձանագրեցինք. դատարանի նորանշանակ դատավորների մեծ մասը ազգակցական կապ ունեն բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Ու այսպես, ովքե՞ր են ՀՀ վարչական դատարանի դատավորները:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ, օրինակ, ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթեւոսյանը, որը 2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ, Էջմիածին քաղաքի նախկին ոստիկանապետ Բաղիշ Մաթեւոսյանի որդին է:
Իսկ Աղասի Դարբինյանը, որը ՀՀ վարչական դատարանի դատավոր է դեռեւս 2010 թվականից, պարզվում է՝ մշտապես աղմկալի պատմությունների կիզակետում հայտնվող Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին է: Ամենայն հավանականությամբ դատավոր Աղասի Դարբինյանը պատահական չի հայտնվել այդ պաշտոնում եւ այսօր կարող է օգնել հարազատ հայրիկին` չեզոքացնելով այն բոլոր վտանգները, որոնք կարող են բխել Վանաձորի քաղաքապետարանի կողմից կայացրած քաղաքացիների բողոքարկումները քննելու ժամանակ:
Նոյեմբերի 18-ին «Ժողովուրդ»-ը գրել էր ՀՀ վարչական դատարանի միլիոնատեր դատավոր Անի Հարությունյանի եւ նրա ով լինելու մասին: Ինչպես հայտնի է՝ երիտասարդ դատավորը ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիգոր Հարությունյանի` Գրիշայի դուստրն է: Հավելենք, որ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանն էլ Գրիշա Հարությունյանի քրոջ որդին է:
Այսքանով, սակայն, բարձրաստիճան պաշտոնյաների հետ ազգակցական կապ ունեցող ՀՀ վարչական դատարանի դատավորների շարքը չի ավարտվում: 2013 թվականից ՀՀ վարչական դատարանի դատավոր նշանակված Ռաֆիկ Խանդանյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որդին է: Իսկ, ահա, Խանդանյանների եւ բարձրաստիճան պաշտոնյաների ազգակցական կապի մասին բոլորը գիտեն: Առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի խնամին է:
«Ժողովուրդ»-ը դեռեւս 2014 թվականին անդրադարձել էր ՀՀ արդարադատության խորհրդում ՀՀ վարչական դատարանի դատավորի ընտրության շուրջ ստեղծված վիճաբանությանը: Բանն այն է, որ ԱԽ քննության ընթացքում ՀՀ վարչական դատարանի դատավոր էր ընտրվել ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ռեկտոր, ՀՀԿ-ի Իջեւանի կառույցի ղեկավար Սամվել Առաքելյանի որդին` Գրիգոր Առաքելյանը: Վերջինիս ընտրության հարցում ընդդիմացողներից մեկը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, ԱԽ անդամ Գագիկ Ղազինյանն էր, քանի որ Առաքելյանն իր ուսանողն է եղել, եւ նա ծանոթ էր նրա մասնագիտական որակներին. «Այնպես չէր, որ միանշանակ այդ անձնավորությունը, ով որ անցավ, բոլորի համակրանքը վայելում էր: 24-25 տարեկանում մարդը չի կարող դատավոր աշխատել»,- ասել էր Ղազինյանը: Բայց չնայած մասնագետների մասնագիտական դիմադրությանը, Գրիգոր Առաքելյանն արդեն երկու տարի է, ինչ ՀՀ վարչական դատարանի դատավոր է:
Իհարկե, դատական մյուս ատյաններում բարեկամական կապերն ու պաշտոնյա հայրիկների առկայությունը կարելի է այդքան վտանգավոր չհամարել, բայց ՀՀ վարչական դատարանի դատավորների դեպքում իրավիճակը միանգամայն այլ է, քանի որ դատական այս ատյանը հատուկ ուղղվածություն ունի եւ լիազորված է քննել պետական կառույցների կայացրած իրավական ակտերի դեմ բողոքները: Եւ այսքանից հետո ասել, որ ՀՀ վարչական դատարանն անկախ է, մեղմ ասած, անհեթեթություն է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ՆԱԽԿԻՆ ԶԻՆԿՈՄԻ ՇՈՒՐՋ
Կաշառք վերցնելու համար 3.5 տարվա ազատազրկման դատապարտված, Նոր Նորքի զինկոմ Ռաֆայել Զախարյանի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում: Բանն այն է, որ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող գործերի բաժնի դատախազ Լ. Պետրոսյանը պահանջում է, որ զինկոմի մեղադրանքը խստացվի, ինչի համար վերջինս դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Ռաֆայել Զախարյանը 2014թ. մարտի 17-ին իր աշխատասենյակում Երեւան քաղաքի Ավան 7 փող. 45 տան բնակիչ Գագիկ Վարդանյանից որդու՝ Ալբերտ Վարդանյանին զինվորական ծառայության զորակոչից վերջնականապես ազատելու դիմաց պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.659.840 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Երկու օր անց Զախարյանը նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում Գ. Վարդանյանից ստացել է 3900 ԱՄՆ դոլար:
Ռաֆայել Զախարյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, եւ նա ազատազրկման էր դատապարտվել 3,5 տարով: Դատախազ Պետրոսյանն էլ դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան` նշելով, որ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մի շարք հանգամանքներ հաշվի չի առել եւ մեղմ պատիժ է սահմանել Նորքի նախկին զինկոմի նկատմամբ: Ուստի ինքը պահանջում է խստացնել եւ նրան դատապարտել ազատազրկման ոչ թե 3,5, այլ 9 տարվա ազատազրկման:
ՀՀ վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով դատախազի բողոքը, բեկանել է առաջին ատյանի կայացրած որոշումը եւ գործը նորից ուղարկել դատարան՝ բեկանված մասով նոր քննության:
Նշենք, որ այս գործով Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատաքննությունը շարունակվում է, իսկ թե ինչ ավարտ կունենա, ցույց կտա ժամանակը: Հիշեցնենք, որ Նոր Նորքի զինվորական կոմիսար Ռաֆայել Զախարյանը ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գարիկ Գաբրիելյանի՝ Գելի հորաքրոջ որդին է:

 

 

ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է 16 մարդու, բայց նրանց մեջ Փարիզի ահաբեկչությունների առնչությամբ կասկածվող Սալահ Աբդեսլամը չկա։ Որոնումները շարունակվում են։
Բրյուսելում եւ Շառլըռուա քաղաքների 19 տներում անցկացված խուզարկությունների արդյունքում զենք ու պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։
Եվրախորհուրդը հետաձգել է երկուշաբթի նշանակված հանդիպումները Բրյուսելում ահաբեկչության վտանգի պահպանման պատճառով։

 
ՎՃՌԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի՝ ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի հայցի գործով դատաքննությունը: Հայցադիմումին օրաթերթն ամբողջությամբ առարկել է՝ գտնելով, որ հայցն անհիմն է եւ ենթակա է մերժման: Դեկտեմբերի 7-ին կհրապարակվի դատական ակտը:
Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանի տիկինը «Հրապարակին» դատի էր տվել այն պատճառով, որ օրաթերթը, օգտվելով կայքերից մեկում հրապարակված հոդվածներից, գրել էր, որ Ռուզաննա Խաչատրյանի համացանցային ակտիվությունից հետո պետք է ակնկալվեր քննադատության ալիք, քանի որ արդեն իսկ հիշեցումներ են արվում, որ տարիներ առաջ Ռ. Խաչատրյանը ընկերոջ հետ ավտովթարի է ենթարկվել, որի արդյունքում մահացել է գործարար Փայլակ Հայրապետյանի որդին:

 

ԱՌԱՋԻՆ ԱՎԻԱՀԱՐՎԱԾՆԵՐԸ
Ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ավիակրի ավիացիան իրականացրել է իր առաջին մարտական թռիչքներն ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման դիրքերի դեմ Սիրիայում ու Իրաքում, հայտնում է RIA Novosti-ն:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ավիակրի վրա տեղակայված է 18 Rafale կործանիչ, 8 գերձայնային Dassault Super-Etendard գրոհիչ ինքնաթիռ ու երկու Hawkeye ինքնաթիռ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Շառլ դե Գոլ» ավիակիրը պատրաստ կլինի մասնակցել ԴԱԻՇ-ի դեմ օպերացիաներին նոյեմբերի 23-ից:

 

ԿԾԵԼ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ
Նոր Նորքի 3-րդ զանգվածում արտառոց դեպք է տեղի ունեցել. ամուսիններն իրար ծեծի են ենթարկել, ապա՝ երկուսն էլ հայտնվել ամբաստանյալի աթոռին: Այսպես՝ ArmLur.am-ը տեղեկանում է, որ այս տարվա հունիսի 8-ին ամուսիններ՝ 28-ամյա Արամը եւ 25-ամյա Անին Նոր Նորքի 3-րդ զանգվածում վիճաբանել են, ապա ծեծել իրար: Արամը Արարատի Ավշար գյուղից Երեւան է եկել՝ իր երեխային տեսնելու: Ապա վիճաբանություն է ծագել ամուսինների միջեւ ընտանեկան եւ ամուսնական հարցերի շուրջ: Արդյունքում՝ Արամը մի քանի անգամ հարվածել է կնոջը, վերջինս էլ իր հերթին հարվածել է ամուսնուն, կծել նրա ձախ գոտկային հատվածը:




Լրահոս