Թղթախաղի ողբերգական հետևանքները. սարսափելի մանրամասներ զինծառայողի ինքնասպանության դեպքից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթվա ընթացքում ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի 2 դեպքեր գրանցվեցին զինծառայողների շրջանում: Նոյմեբերի 28-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Խաչատրյանն էր ինքնասպան եղել, իսկ ավելի վաղ` նոյմբերի 9-ին, ինքնասպանության փորձ էր կատարել ՀՀ ՊՆ զորամասի ժամկետային զինծառայող Ռազմիկ Աբրահամյանը:

Դեռեւս 2013 թվականի ՀՀ ՊՆ N զորամասում ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի եւ նրա ծառայակից ընկերների միջեւ մի «պզուկի» պատմության հետեւանքով տեղի ունեցած սպանության դեպքը, կարծես թե, դաս չեղավ ինչպես ՊՆ-ի, այնպես էլ զինվորների համար:

2015 թվականի հունվարի 29-ին` հայոց բանակի կազմավորմանը օրը նշելուց մեկ օր անց, գազանաբար սպանվեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը: Ապագա սպան, որը պետք է բանակում ապահովեր բարոյահոգեբանական մթնոլորտը, կարգավորեր զինվոր-հրամանատար անհասկացվածությունը կամ, առհասարակ, զսպեր բանակում «լավ տղա կարգվելու» դրսեւորումները, դարձավ հենց դրա զոհը: Այս օրերին  Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննությունը շարունակվում է:

2015թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, սահմանապահ ուղեկալի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գեւորգ Խաչատրյանը, լինելով պետական սահմանի պահպանության սահմանապահ վերակարգի կազմի մեջ, իրեն ամրակցված ինքնաձիգով   ինքնասպան էր եղել:

Ավելի ուշ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնի կողմից այս գործով կապիտան Մ. Ոսկանյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քր. օր. 364.1-ին հոդվածի 2-րդ մասի (զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը), 375-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանությունը չարաշահելը) 360-րդ հոդվածի 2-րդ մասի (զինծառայողին վիրավորանք հասցնելը), ավագ լեյտենանտ Հ. Վարդեւանյանին՝ 375-րդ  հոդվածի 1-ին մասով եւ 375-րդ  հոդվածի 1-ին մասի (իշխանությունը չարաշահելը), շարքայիններ Հ. Մուրադյանին՝ 364.1-ին հոդվածի 1-ին մասի (զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը), 359-րդ հոդվածի 1-ին մասի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը), 360-րդ հոդվածի 1-ին մասի (զինծառայողին վիրավորանք հասցնելը), Ա. Սարգսյանին՝ 359-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Տեղեկացնենք, որ կապիտան Ա. Ոսկանյանի  եւ շարքային Հ. Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ Հ. Վարդեւանյանի եւ Ա. Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ քննիչների միջնորդությունները դատարանի կողմից չբավարարվեց:

Գեւորգ Խաչատրյանի ինքնասպանության դեպքից «Ժողովուրդ»-ին մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես թե ինչ մոլեխաղեր են կազմակերպել գործով անցնող կապիտանը, ավագ լեյտենանտն ու երկու շարքայինները, եւ ինչո՞ւ էր շարքային Գեւորգ Խաչատրյանը գնացել ինքնասպանության: Ըստ մեզ հասած տեղեկությունների` վերոնշյալ օրը Գեւորգ Խաչատրյանը կապիտան Ոսկանյանը, ավագ լեյտենանտ Հ. Վարդեւանյանը եւ շարքայիններ Հ. Մուրադյանը եւ Ա. Սարգսյանը թղթախաղ են խաղացել եւ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ պարտվողը պետք է անի այն, ինչ հաղթողները կամենան: Գեւորգը խաղը պարտվել է, եւ վորոնշյալ անձինք նրան ծիծաղելի առաջադրանք են տվել, ինչը նա պայմանի համաձայն կատարել է:

Օրինակ՝ չոքեչոք գնա կապիտանի շան մոտ ու նրան կերակրի կամ այլ նմանօրինակ առաջադրանքներ: Նշենք, որ ի սկզբանե, խաղը սկսելուց առաջ, տղաները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ եթե պարտվողը չանի, ապա նշանակում է, որ դրժում է տղամարդավարի տված իր խոսքը: Եվ, ահա, Գեւորգը պարտվելուց հետո որոշել է տեր կանգնել տղամարդու իր խոսքին ու կատարել է տղաների զվարճալի առաջադրանքը: Սակայն այսքանով պատմությունը չի ավարտվել: Ու այդ խաղը ճակատագրական դարձավ շարքային Գեւորգի համար: Բանն այն է, որ խաղից հետո ծառայակից տղաները սկսել են ծաղրել, անընդհատ հիշեցնել, թե ինչպես ծնկաչոք կեր տվեց կապիտանի շանը եւ այլն: Ըստ էության, Գեւորգին դուր չի եկել ծառայակից ընկերների կողմից իրեն ծաղրելու դրսեւորումները, եւ նա զգուշացրել է` դադարեցնել ծաղրանքը: Սակայն նրա խոսքը տեղ չի հասել, եւ նրան ծաղրելու փորձերը շարունակվել են, ինչի արդյունքում Գեւորգ Խաչատրյանը իրեն ամրակցված զենքով ինքնասպան է եղել:

Հավելենք, որ այս դեպքից մեկ շաբաթ անց` դեկտեմբերի 9-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռազմիկ Աբրահամյանն ինքնասպանության փորձ կատարեց: Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, Ռ. Աբրահամյանը մտել է զորամասի հետախուզական վաշտի պահեստանոց, վերցրել հետախուզական վաշտի դասակի հրամանատար, լեյտենանտ Հ. Եղիազարյանին պատկանող ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգը, զրահաբաճկոնների համար նախատեսված պայուսակից հանել 1 հատ 5.45 տրամաչափի փամփուշտ, լիցքավորել է այն, կրակել սրտին:

Ավելի ուշ հայտնաբերվել էր նամակը, որտեղ նա իր հայրիկին հայտնել է, թե իրեն ինքնասպանության են դրդել համածառայակիցները: Այս գործով ձերբակալվել են զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Ա. Կարապետյանը,  Ս. Մելքոնյանը եւ Վ. Տեր-Վարդանյանը: Չի բացառվում, որ այս դեպքում էլ ավելի ուշ պարզվի, որ գործ են ունեցել զինվորների կողմից մեկը մյուսին ծաղրելու կամ ինքնահաստատվելու փորձի հետ:

Այս պահին Ռազմիկ Աբրահամյանը գտնվում է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր: Հուսանք` նա կապաքինվի:

Ստացվում է, որ զորամասի ներսում առկա ներքին իրավիճակին որեւէ աշխատակից չի տիրապետում: Եւ այն աստիճան անտեղյակ ու անտարբեր մթնոլորտ է զորամասերում, որ զինվորը իր արժանապատվությունը փրկելու միակ ելքը տեսնում է ինքնասպանության մեջ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս